

ԷկոԼուր
142 երկրների շարքում առողջության համար ամենավատ պայմաններում ապրում են Հայաստանի կանայք: 2014 թ-ի Հարվարդի, Բեռնի համալսարանների և «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության համատեղ ուսումնասիրության համաձայն` հետազոտված 142 երկրների շարքում կանանց առողջության համար նպաստավոր պայմանների` մաքուր շրջակա միջավայրի տեսակետից Հայաստանը զբաղեցնում է ամենավերջին 142-րդ հորիզոնականը: Այս մասին մարտի 6-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա` հետազոտության մեջ ուսումնասիրվել է նաեւ կանանց մասնակցությունը տնտեսության մեջ, նրանց կրթական մակարդակը, քաղաքական դաշտում ներգրավվածությունը: Հետազոտության համաձայն` 142 երկրների ցանկում կրթական մակարդակով՝ Հայաստանը 31-րդն է, տնտեսության մեջ մասնակցության առումով 82-րդը, իսկ քաղաքական դաշտում ներգրվածության և որոշումների ընդունման վրա ազդեցության առումով՝ 123-րդը:
«Փաստորեն, կրթվածության և ինտելեկտի զարգացման մակարդակով Հայաստանում կանայք ապահովում են լավ ցուցանիշ, սակայն դրա հետ միասին նրանք չունեն ազդեցություն քաղաքականության մեջ և չեն կարող պաշտպանել առողջ շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը և բարելավել սեփական առողջական պայմանները»,- ասաց Կարինե Դանիելյանը::
Ըստ Կարինե Դանիելյանի` աատճառներից մեկը մեր երկրում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումն է. «Մեզանում էկոլոգիային լուրջ վերաբերմունք դեռևս չկա, առողջապահության նախարարությունը միշտ խույս է տալիս շրջակա միջավայր և առողջություն կապից և դրանց հետ կապված խնդիրներից: Մեզանում խիստ բացակայում է պետական մտածելակերպը, անհատի շահը գերակայում է հանրության շահին», - ասաց Կարինե Դանիելյանը:
Հայաստանում կանանց վիճակը վատթարացնող գործոններից մեկը Կ. Դանիելյանը համարում է արտագաղթը:
«Ցուցանիշները ցույց են տալիս, որ տղամարդկանց 70 տոկոսը էմիգրանտներ են: Ես դա արդեն միգրացիա չեմ համարում, էմիգրացիա եմ համարում, որովհետև մեծ մասը գնում մնում են, ընտանիքներ են ստեղծում կամ այստեղից են ընտանիքներին տանում: Փաստորեն խիստ դիսբալանսի մեջ է մեր պոպուլյացիան: Սա բերում է շատ մեծ փոփոխությունների: Օրինակ, մեզ ամեն կողմից մեղադրում են, որ սելեկտիվ աբորտների շնորհիվ մեզ մոտ ավելի շատ է հարաբերակցությունը տղաների և աղջիկների ծնունդների, և մենք ստացվում ենք մի վայրենի ազգ, որը ոչնչացնում է աղջիկ երեխաներին: Այստեղ երկու երևույթ կա: Առաջինը՝ սելեկտիվ աբորտն է, բայց ոչ ավելին, քան մյուս երկրներում, հատկապես մեր հարևան երկրներում, մյուսը հայտնի երևույթ է, եթե պոպուլյացիայում տղամարդկանց տոկոսը քչանում է, պոպուլյացիան փորձում է վերականգնել այդ բալանսը: Ամենացայտուն ցուցանիշը երեւում է հարեմներում, որտեղ հիմնականում տղաներ են ծնվում: Մի տղամարդ է, շատ կանայք, միկրոպոպուլյացիան գտնում է, որ տղամարդ չկա, ուրեմն պետք է վերարտադրել»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Մարտ 06, 2015 at 19:02
