

ԷկոԼուր
Սյունիքի մարզում բացվել է «Սյունիք Օնլայն» (www.syunikonline.am) տեղեկատվական հարթակը: Կայքում լուսաբանվելու են տարածաշրջանի բնապահպանական, տնտեսական, իրավական, մշակութային, սոցիալ-տնտեսական,գյուղական համայնքների, իրավունքների պաշտպանությանը վերաբերվող և այլ հրատապ հիմնահարցեր: Կայքը ստեղծել է «Առաջադեմ մեդիա տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ- ն, որը Սյունիքի մարզի մեդիա ոլորտում իրականացնում է օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պիլոտային ծրագիր:
«Մեր նպատակն է ոչ միայն լուսաբանել տեղական կենցաղային հարցերը, այլ վերլուծել, վեր հանել խնդիրների առանցքը, ընդգծել պատճառները` առաջարկելով լուծման եղանակներ:
Սյունիք Օնլայնի աշխատակազմի գործելաոճն է տարածաշրջանի առաջնահերթությունները ներկայացնել խորը և համապարփակ վերլուծական նյութերով: Վեր հանված գերխնդիրների լուսաբանումը լինելու է հետևողական, պարբերաբար և բազմակողմանի՝ նպատակ ունենալով հասնել խնդիրների հնարավոր լուծմանը: Հարթակը կծառայի տարածաշրջանում տեղեկատվության ազատության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը հանրային որակյալ վերահսկողության իրականացման միջոցով:
Տարածաշրջանային հիմնախնդիրները լուսաբանելիս` պատրաստվելու են հատուկ ռեպորտաժներ: Հետաքննական, վերլուծական և այլ հաղորդումների ժամանակ կլինեն ուղիղ հեռարձակումներ մարզի տարբեր վայրերից:
Կազմակերպվելու են հեռուստատեսային կլոր սեղան-քննարկումներ, բանավեճեր: Հարթակի գերխնդիրն է` առցանց ռեժիմում արձագանքել տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին և հասարակությանը հուզող ոչ մի հարց չթողնել ստվերում:
Սյունիք Օնլայն հարթակը պատրաստ է ակտիվ համագործակցություն հաստատել լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և պետական մարմինների հետ:
Մեր կարգախոսն է` Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»,- նշված է «Առաջադեմ մեդիա տեխնոլոգիաների կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մարտ 10, 2016 at 14:40
