ԷկոԼուր
«Կանաչ» իրավունքների ապահովման հարցը` մեր հանրության կարևոր հարցերից մեկն է: Բոլոր այն նախագծերում, որոնցում խոսվում է «կանաչ» տնտեսության և «կանաչ» էներգետիկայի մասին, պետք է ներառվեն նաև «կանաչ» իրավունքները»: Այս առաջարկությամբ հանդես եկավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Ինգա Զարաֆյանը 3-րդ աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Նիստը նվիրված էր 2017 թ-ի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչների քննարկմանը:
«Մենք պետք է քայլ առ քայլ անցում կատարենք «կանաչ» էկոնոմիկային, ինչը ստորագրել ենք միջազգային փաստաթղթերում», - նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Գնահատելով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը` Կարինե Դանիելյանն առանձնացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մանրամասնորեն ներկայացված բնապահպանական բլոկը` նշելով, որ բնապահպանական հիմնական թիրախային խնդիրները տեղ են գտել ծրագրում: «Նաև հետաքրիր է, որ Հանրապետական կուսակցության ծրագրում էլ դրանք շատ մանրամասն են: Միաժամանակ նշված է, որ լիարժեք չեն ապահովվում ՀՀ քաղաքացիների իրավունքները շրջակա միջավայրի պահպանության և բարելավման մասով: Այսինքն, իրենց տարիների աշխատանքի գնահատականն այսպիսին է, - մեկնաբանեց Կարինե Դանիելյանը:
Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին նախընտրական ծրագրերում հանքարդյունաբերական ոլորտին վերաբերող խնդիրներին:
««Ելք» դաշինքը խոստանում է խստացնել պոչամբարների շահագործման և ռեկուլտիվացիայի պահանջները: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մասնավորապես նշել է օֆշորային ընկերությունների մասնակցության սահմանափակումը հանքարդյունաբերական ոլորտում: Իսկ «Ազատ դեմոկրատներ»-ը խոստանում է ընդհանրապես արգելել օֆշորային ընկերություններին Հայաստանում զբաղվել հանքարդյունաբերությամբ: «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի: ՀՅԴ-ն էլ անդրադարձել է մասնակիորեն: Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտ բնապահպանական բլոկը բացակայում է», - մեկնաբանեց Կարինե Դանիելյանը:
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանի գնահատմամբ՝ կուսակցությունների խոստումները կրում են ձևական բնույթ: «Այլ կերպ չէր էլ կարող լինել: Դա իմ համար հասկանալի է, քանի որ ՀՀ նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորություն չունի բնությունը պահպանելու , իսկ պահպանության պարտավորությունը, այդ թվում և շրջակա միջավայրի, դրված է «յուրաքանչյուր ոք»-ի վրա: Իսկ պետությունն էլ պետք է միայն խթանի: Դա իմ կողմից միանգամայն ընդունելի տարբերակ է, քանի որ բնության պահպանությունը վերպետական, վերսահմանադրական խնդիր է: Սակայն դրանից նաև բխում է, որ քաղաքացիական հատվածը բնության պահպանության կազմակերպման համար պետք է ձևավորի «քաղաքացիական կառավարչություն», իսկ պետությունը խթանի ու աջակցի դրան՝ ինչպես նշված է սահմանադրությունում», - նշեց Արամ Գաբրիելյանը:
«Մենք չենք տեսնում լուրջ անդրադարձ Երևան քաղաքի բնապահպանական խնդիրներին, այն պարագայում, որ Երևանը գտնվում է բարդ վիճակում է: Տրասնպորտը, քաղաքաշինությունը, կանաչ գոտիները…սրանք լուրջ խնդիրներ են, և պետք է դրվեն կուսակցությունների ու դաշինքների առաջ», - հայտարարեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
«Civil Voice» ՀԿ-ի ներկայացուցիչ Միքայել Համբարձումյանի կարծիքով՝ բոլոր ներկայացված ծրագրերը հիմնված են պոպուլիզմի վրա. «Գրվում է այն, ինչը հետաքրքրիր է ժողովրդին և այն ձևով, ինչպես ակնկալվում է ժողովրդի կողմից: Ես որևիցե ծրագրից ոչինչ չեմ ակնկալում, քանի դեռ բնապահպանական ոլորտը Հայաստանում չի գտնվում առաջին շարքերում»:
Իսկ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի կարծիքով. «Մենք չունենք բնապահպանական բլոկ, որ ինչ որ ձևով գրավի ընտրողին: Առանձին պատգամավորների հետ հնարավոր է լինում աշխատել: Բայց մեր խնդիրները գնալով ավելի են վատանում: Հարկային նոր օրենսգրքով թեթևացրել են հանքարդյունաբերության բեռը, բնավճարները, որոնք պետք է գնային համայնքներին, հարկ են դարձնում… Մեր պետությունը ծանր ֆինանսական վիճակում է, պարզ չէ` որտեղից են գումար գտնելու` խնդիրները լուծելու համար: Ժամանակն է արգելելու ցանկացած գործունեություն, որը վնաս կպատճառի Հայաստանի բնությանը»:
Մարտ 28, 2017 at 13:52