Արդվիում մտահոգված են, որ ՏԻՄ ընտրություններից հետո կակտիվանա Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրությունների թեման

Արդվիում մտահոգված են, որ ՏԻՄ ընտրություններից հետո կակտիվանա Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրությունների թեման

ԷկոԼուր

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները մտահոգված են, որ նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո կարող է կրկին ակտվիանալ Շեկաղբյուրի ոսկու բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրությունների թեման:

Արդվին խոշորացման ենթակա համայնքների ցանկում է: Այն Ամոջ, Այգեհատ, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի, Մղարթ համայնքների հետ միասին միանալու է Լոռու մարզի Օձուն համայնքին: Օձունի համայնքապետի պաշտոնի համար Արդվիից թեկնածու չկա: Միայն մի հոգի պայքարելու է ավագանու անդամ ընտրվելու համար, բայց արդվեցիները չեն կարծում, որ նա կընտրվի:

«Մեր համայնքում ընտրելու իրավունք ունի շուրջ 140 հոգի, որոնցից ներկայումս համայնքում է մոտ 100-110 հոգի, մնացածը երկրից դուրս են: Մեզ ամենաքիչը մի 300 ձայն պետք է, որ մեր թեկնածուն անցնի, որպեսզի մեր շահերը ներկայացնի: Էսպես ստացվում է, որ մենք ներկայացուցիչ չենք ունենալու ավագանիում և ոչ էլ տեղյակ կլինենք, թե ինչ հարցեր են քննարկելու հատկապես մեր համայնքի վերաբերյալ: Մեր համայնքի նման փոքր համայնքներին պետք է հնարավորություն տրվեր անպայման ներկայացուցիչ ունենալ ավագանիում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արդվիի բնակիչ Ռաֆիկ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ «Միռամ» ՍՊԸ-ն հայտ էր ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն Արդվի և Մղարթ համայնքների վարչական տարածքում գտնվող Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման ուսումնասիրության համար: Սակայն արդվեցիները պայքարեցին այս ծրագրի դեմ, թույլ չտվեցին ընկերության ներկայացուցիչներին մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել: Արդվիի ավագանին որոշում ընդունեց մերժել «Միռամ» ընկերությանը համայնքի 147 հա գյուղատնտեսական արոտավայրում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Բնապահպանության նախարարությունն էլ «Միռամ» ՍՊԸ-ի հայտն ուղարկեց լրամշակման:

Խոշորացված Օձունի ՏԻՄ ընտրություններին ձայնի իրավունք ունի 6248 հոգի, ավագանու անդամների թիվը լինելու է 11 հոգի: Օձունի համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված է 3 թեկնածու` ինքնառաջադրված անկուսակցական, «Գրուրա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Բարսեղ Այվազյանը, ինքնառաջադրված անկուսակցական Դոնարա Հախինյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

«Բնակչության շրջանում խոսակցություններ կան, որ որոշ թեկնածուներ խոստացել են ինչ-ինչ ուժերի օգնել Արդվու հանքի բացման հարցում, եթե իրենց օգնեն ընտրվել: Մեր տարածքում երկրորդ հանքարդյունաբերություն ես չեմ կամենում, առաջին հերթին որպես բնակիչ, որովհետև եթե խոսքը վերաբերում է Արդվու հանքի շահագործմանը, ապա Օձուն խոշորացված համայնքը դառնում է ազդակիր համայնք: Մենք ունենք անտառներ, ընդհանուր արոտավայրեր Արդվի համայնքի հետ: Հանքարդյունաբերությունից Օձունն էլ, Արդվին էլ տուժելու են: Օձուն համայնքի բնակիչները դեմ կլինեն լեռնահանքային գործունեությանը, քանի որ, ինչքանով ես եմ տեղյակ, բոլորը ոգևորված են Արդվու դիմադրությամբ,- ասաց Օձունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմինե Միքայելյանը և հավելեց,- Հայ-ֆրանսիական «Ժեդոսյա» կազմակերպությունը Արդվու ուրցը ուղարկել էր Ֆրանսիա ուսումնասիրության: Արդյունքում պարզվել էր, որս այս տարածաշրջանի ուրցն ամենաուժեղ հատկությունն ունի առողջության համար: Ընդհանրապես բնամթերքը, օդը, ջուրը գյուղտանտեսական մթերքը առանձնահատուկ համ ունի Արդվիում և էկոլոգիապես մաքուր է»:

Արդվեցիները պնդում են, որ անկախ խոշորացումից, ընտրությունների արդյունքից պայքարելու են իրենց բնակավայրում լեռնահանքային գործունեության դեմ: «Միայն մեր դիակի վրայով»,- ասում են արդվեցիները:

Հոկտեմբեր 26, 2017 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր