

ԷկոԼուր
Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ 4-րդ նախագահ ընտրվեց իշխող ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանը: Քվերակությանը մասնակցեց 105 պատգամավորից 101-ը: Արմեն Սարգսյանի օգտին կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ՝ 10 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
Ըստ ՀՀ նոր Սահմանադրության` ՀՀ նախագահն ունի հետևյալ լիազորությունները.
Արտաքին քաղաքականության բնագավառում
1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`
1) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր.
2) վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.
3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:
2. Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:
Զինված ուժերի բնագավառում
1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Ներում շնորհելը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը:
Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:
Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը
Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով, 199-րդ հոդվածի 2-րդ մասով և 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:
Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները
1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:
2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը
1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:
2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը
1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:
2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:
3. Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հանրապետության նախագահի հրաժարականը
Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
Մարտ 02, 2018 at 14:50