ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի այդ կետը նշել մինուսով

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի այդ կետը նշել մինուսով

ԷկոԼուր

«Քաղաքական կուսակցությունների էկոլոգիական ծրագրերի մոնիտորինգ» շարքում «ԷկոԼուր»-ը շարունակում է ՀՀԿ-ի ծրագրի ժամանակագրությունը: Այն վերաբերվում է ՀՀԿ-ի 2007թ. նախընտրական ծրագրի հետեւյալ խոստմանը`«Երևանի եւ մյուս խոշոր քաղաքների բնապահպանական խնդիրների լուծման ծրագրի իրագործում»: Այս թողարկման մեջ ներկայացնում ենք Երեւանի ջրային էկոհամակարգի վիճակը:

Երեւանն ուներ երեք հզոր ջրային էկոհամակարգ` Հրազդանի կիրճը Հրազդան գետի հետ միասին, Գետառ գետը եւ Երեւանյան լիճը: Այդ ջրային էկոհամակարգերի շնորհիվ քաղաքն ուներ խոնավ օդափոխություն, կրճատվում էր փոշու եւ տրանսպորտային արտանետումների ծանրաբեռնվածությունը, մեղմանում էր կիսանապատային կլիման:

Այժմ կարող ենք հաստատ ասել, որ այդ ջրային էկոհամակարգերի վիճակը կտրուկ վատացել է: Հրազդանի կիրճի զանգվածային կառուցապատումը հանգեցրեց Հրազդան գետի հսկայական հատվածի եւ կիրճի լանջերի դեգեներացիայի:

Հյուրանոցների եւ ռեստորանների աղբը գետի մեջ զանգվածաբար լցնելը  խցանում է գետի ընթացքը, կոյուղաջրերը աղտոտում են ջուրը, ճահճացման գործընթաց է գնում, մաքուր, խոնավ օդի փոխարեն նեխածության հոտ է գալիս: 2006թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը հաստատեց, որ առկա կապիտալ շինություններն անօրինական են եւ խոստացավ, որ կփակի այդ ժամանակ գոյություն ունեցող 4 օբյեկտները: Նախարարությունը մտադիր էր կիրճը մաքրել աղբից եւ վերականգնել բնական լանդշաֆտը: Սակայն կիրճի լանջերին հայտնվեցին նոր օբյեկտներ: Հետաքրքիր է, որ ամենաշքեղ համալիրներից մեկը` «Վենեցիան», պատկանում է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ կառուցվել է նրա քաղաքապետ լինելու օրոք:

Գետառ գետից միայն հուշեր են մնացել: Գետը բետոնապատվել է քաղաքային իշխանությունների կամայականության շնորհիվ: Դրա հետ մեկտեղ խախտվեց ոչ միայն  գետի հարակից տարածքի էկոլոգիական հաշվեկշիռը, այլեւ տեղումների բնական հոսքը: Դրանք պարզապես տեղ չունեն գնալու: Վնասված եւ հին ստորգետնյա կոմունիկացիաները չեն կարող հաղթահարել ջրի հոսքը, եւ հորդառատ տեղումների ժամանակ անմիջապես ջրով են ծածկվում փողոցների բանուկ հատվածները:  Գետառի բետոնապատումն իրականացվում էր ՀՀ բնապահպանության նախարարության քար լռության ներքո, որը խոստովանեց, որ այդ նախագծի վերաբերյալ եզրակացություն չկա, բայց եւ տեսչություն չուղարկեց:  Արդյունքում քաղաքը կորցրեց եւս մեկ թոք:

Երեւանյան լիճը վաղուց գրավում է եւ հասարակության, եւ մամուլի ուշադրությունը: Այդ կարեւոր ջրամբարը պետք է մաքրեին, հանեին հատակի աղտոտիչ միացություններով տիղմը: Սակայն լճի վրա դրվել էին ընդամենը գետերի հետ լիճ թափվող աղբի համար արգելափակոցներ: Լճի հատակի մաքրման համար տեխնիկա չբերեցին, իսկ ջուրը բաց թողեցին: 

Քաղաքի էկոլոգիական գոտիները սեղմվեցին մինչեւ մի քանի տասնյակ հրպարակների` մետաղե ճոճանակներով եւ պլաստմասե ոլորաններով:

Կանաչ այգիների փոխարեն` մետաղյա ծաղկամաններում աճող էկզոտիկ բույսերն են եւ տների պատերով բարձրացող բույսերը, իսկ գետերի փոխարեն` քաղաքային փոքր ջրավազաններ: Դա ագրեսիվ, էկոլոգիական ոչ բարենպաստ միջավայր է: Եւ մենք առաջարկում ենք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի այդ կետը նշել մինուսով:

Ապրիլ 13, 2012 at 13:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր