Սերժ Սարգսյանը Հրազդանի բնապահպանական խնդիրներին չանդրադարձավ

Սերժ Սարգսյանը Հրազդանի բնապահպանական խնդիրներին չանդրադարձավ

ԷկոԼուր

Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Հայաստանի էկոլոգիական թեժ կետերից մեկում էր` Հրազդանում: Բոլորը գիտեն, որ Հրազդանի էկոլոգիան տուժում է ցեմենտի գործարանի, Հրազդանի ՋԷԿ-ի գործունեությունից: Սակայն դրան գումարվում է նաեւ քաղաքում նախատեսվող հանքարդյունաբերությունը: «Առողջ Հրազդան» նախաձեռնող խումբը նամակ էր ուղղել  ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին` բարձրացնելով մի շարք բնապահպանական հարցեր, որոնք կապված են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման հետ եւ ակնկալում էր Սերժ Սարգսյանի պատասխանը Հրազդան կատարելիք այցի ընթացքում: Նախագահի թեկնածուն իր ելույթում չանդրադարձավ «Առողջ Հրազդան»-ի բարձրացրած խնդիրներին: «…Սիրելի հրազդանցիներ, ես լավատեղյակ եմ այն պրոբլեմներին, որոնք հուզում են Հայաստանի քաղաքացիներին եւ մասնավորապես ձեզ: Դրանք տարբեր են, որոնք կարող են լուծվել եւ լուծվելու են կարճ ժամկետներում: Նաեւ կան խնդիրներ, որոնց լուծումը օբյեկտիվորեն պահանջում է ավելի տեւական ժամանակ: Բայց մենք չունենք խնդիրներ, որ լուծել չի լինի: Ես կոչ եմ անում ձեզ միասին քայլենք դեպի ապահով Հայաստան… Ընդհանրապես Կոտայքի մարզը եւ մասնավորապես նրա կենտրոն Հրազդան քաղաքը ունեն զարգացման լուրջ հնարավորություններ: Մեր խնդիրն է ձեզ հետ միասին առկա ներուժը վերածել իրականության: Ես եկել եմ ձեզ կոչ անելու, որպեսզի ապահով Հայաստանի կառուցման պատիվը եւ բեռը ստանձնենք միասին:   Համոզված եղեք, որ 2018թ-ին ես Հայաստանի հաջորդ նախագահին եւ մեր ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան` նոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական նկարագրով: Եւ դա լինելու է ապահով Հայաստանը: Ես սա համարում եմ իմ պարտքը» իր ելույթում մասնավորապես նշեց Սերժ Սարգսյանը:

«ԷկոԼուր»-ը հարց ուղղեց «Առողջ Հրազդան»-ի անդամ Արսեն Արսենյանին, թե ինչ ակնկալիքներ ունեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը:  «Ես իմ անձնական կարծիքն ասեմ: Նախագահը հենց ցանկություն ունի հանքարդյունաբերությամբ երկիրը զարգացնել, եւ ինձ թվում է, նա ոչ մի անգամ կանգ չի առնի բնությունը պահպանեու առումով, պիտի հանքարդյունաբերությունը զարգացնի: Ուղղակի մեր պայքարը պիտի լինի միասնական, որպեսզի կարողանանք ինչ-որ մի բան փորձել փրկել այս երկրում»,- պատասխանեց Ա. Արսենյանը: Ըստ նրա` ընտրություններից հետո ոչ մի դրական փոփոխություն չի լինելու: 

Փետրվար 01, 2013 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր