

ԷկոԼուր
Երեւանում ծառերը հատվում են, հատողների ձեռքը բռնող չկա: Հատելուց հետո Բնապահպանության նախարարությունը որոշ դեպքերում բնությանը պատճառված վնասի համար տուգանում է, որոշ դեպքերում էլ՝ աչք փակում: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ շարունակում է խոսել ծառերը հատելու անթույլատրելիության մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում կատարվեցին ապօրինի ծառահատումներ՝ բնությանը պատճառելով 1 490 000 դրամի վնաս: Փետրվարի 23-ին էլ հնչեց ահազանգ, որ արմատախիլ են արվում Նորքի 1-ին զանգվածի` Բաղյան փողոցի կից ձորի 350-400 ծառերը: Այս ֆոնին ուշագրավ են փետրվարի 25-ին Երեւանի քաղաքապետի հանձնարարականները: «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ապօրինի ծառահատման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ, ընդգծելով, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին տրվել են լիազորություններ կանաչ տարածքները վնասելու և ոչնչացնելու դեպքում կիրառել վարչական խիստ տույժեր: Քաղաքապետը նաև վերահաստատել է, որ կանաչ տարածքների ու ծառերի հաշվին մայրաքաղաքում շինարարական որևէ թույլտվություն չի տրամադրվելու»,- գրում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Փետրվար 26, 2013 at 14:40
