Մարտունի համայնքի խնդիրները, COVID-19-ի դեմ պայքարը

Մարտունի համայնքի խնդիրները,  COVID-19-ի դեմ պայքարը

COVID-19-ով պայմանավորված նոր մարտահրավերներ են առաջացել էկոլոգիապես խոցելի Մարտունի  համայնքում։

Մարտունի համայնքի բնապահպանական խնդիրները

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի վրա էական ազդեցություն է գործում «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը։ ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին: Այն կառուցված է Սևանա լիճ թափվող Մարտունի գետի վրա, ինչի պատճառով ոչնչացման վտանգի տակ է հայտնվել գետի ձկնաշխարհը, մասնավորապես, ՀՀ կարմիր գրքում գրանցված Գեղարքունի, Սևանի կողակ, Սևանի բեղաձուկ ձկնատեսակները, ինչպես նաև կարմրախայտը: Փոքր ՀԷԿ-ը գետում թողնում է նվազագույն հոսք: Գետից ջրառը զրկում տեղի բնակիչներին նոր գյուղատնտեսական նշանակության տարածքներ յուրացնել ոռոգման ջրի անբավարարության պատճառով: Գետի հակասանիտարական վիճակը, հարուստ ձկնաշխարհի ոչնչացումը, լանդշաֆտի փոփոխությունը ոչ միայն լուրջ էկոլոգիական խնդիր են, նաև բացասական ազդեցություն ունեն համայնքի սոցիալ-տնտեսական  վիճակի վրա, քանի որ խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը, համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը ոչ միայն Մարտունիում: Այս խնդիրը բնորոշ է նաև Սևանի առափնյա այլ համայնքների, որոնք տուժում են Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի ազդեցությունից: «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը ստացել է ջրօգտագործման թույլտվություն 06.05.2019-02.03.2026թթ. ժամկետով: ՓՀԷԿ-ի ջրառը կազմում է 17900 խմ/տարի: ԷկոԼուրի կողմից հարցված տեղի բնակիչների զգալի մասը կարծում է, որ «Մարտունի» ՓՀԷԿ-ն ազդում է իրենց գյուղատնտեսական աշխատանքներից ստացված եկամուտների վրա, քանի որ կրճատվել է ոռոգվող հողատարածքների մակերեսը, ամռան սեզոնին  ոռոգման ջրի պակասի արդյունքում բերքը չորանում է, կրճատվել են արոտավայրերը: ՓՀԷԿ-ի ազդեցություն չեն դժգոհել նրանք, ում տնտեսական գործունեությունը չի առնչվում ՓՀԷԿ-ի գործունեության հետ։ 

Մարտունի գետը

«Մարտունի» փոքր ՀԷԿ-ի ձկնանցարանը

ՓՀԷԿ-ի կայանը

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում էկոԼուրի կատարած  հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Մարտունի» ՓՀԷԿ-ին ՋԹ-ով տրված հիդրոլոգիական տվյալները ոչ-հավաստի են, ինչը ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ հանգեցնում է  բնապահպանական ռիսկերի, մասնավորապես, ջրառից հետո գետի բնապահպանական ելքի սխալ հաշվարկի։ Ընկերության կողմից ամռան ոռոգման սեզոնին բնապահպանական հոսքը չէր պահպանվում, ջրառի կետն ապահովված չէր ջրաչափական սարքավորումով, գլխամասի ճաղավանդակներից հանված ջրաբերուկները կրկին թափվում էին գետ՝ աղտոտելով այն։ Ձկնանցարանը չէր ապահովում ձկների բնականոն անցումը։ ՓՀԷԿ-ի կայանը կառուցված է Մարտունի համայնքի վարչական տարածքի Լուսաձոր կոչվող տեղամասում, որտեղ 30-40 ընտանիք էր ապրում և  զբաղվում անասնապահությամբ: ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ Ընկերությունն այս բնակիչներին խոսք էր տվել, որ կհոգա նրանց հոսանքի ապահովության հարցը, ինչը չէր կատարվել մինչև 2018 թ.։ 2018 թվականին ընկերության և Մարտունի համայնքի միջև կնքված պայմանագրի հիման վրա ամեն տարի ՓՀԷԿ-ը Մարտունի համայնքին տրամադրում է 2 միլիոն դրամ գումար, ինչն, ըստ Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանի, ծախսվում է ճանապարհների հարթեցման, տվյալ տարածքում ապրող մարդկանց էլեկտրաէներգիայի վարձը մուծելու վրա։

ԷկոԼուրի հետ զրույցում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը նշեց, որ Լուսաձորի բնակիչները փոխհատուցում չեն ստացել իրենց հողատարածքների վրա ՓՀԷԿ-ի հենասյուների տեղադրման համար: Բնապահպանական խնդիրները չեն լուծվել։ Մարտունի գետը ՓՀԷԿ-ի գլխամասից մինչև կայան չոր է, էկոլոգիական թողքը չի պահպանվում, ձկների տեղաշարժի համար պայմաններ չկան, ՓՀԷԿ-ը չունի ջրաչափ: Գետի հունի չորացման հետևանքով ցամաքել են տարածում առկա աղբյուրներ: «Վերցնում է ամբողջ ջուրը, պատվարից մինչև կայան գետը չոր է: Գիտեք՝ քանի աղբյուր է չորացել այդ տարածքում: Այդ գետն այնքան մեծ էր, մեծերը մեր ձեռքը բռնում էին, որ միջով անցնենք, հիմա այդ գետում ամռանը ջուր չկա: Մինչդեռ նախկինում ամբողջ մեր համայնքը ոռոգման ջրի վրա էր նստած»,- ասաց Անահիտ Գևորգյանը և հավելեց, որ միայն ՓՀԷԿ-ը չէ պատճառը, որ մարդիկ հող չեն մշակում: «Մարդիկ շատ քիչ են հող մշակում, որովհետև գյուղտեխնիկա չկա, աշխատուժ չկա, որովհետև պարարտանյութը, սերմնացուն, ոռոգման ջուրը թանկ են, պլանավորում չկա, որևէ աջակցություն չկա գյուղացուն: Մարդն ասում է՝ 2 պարկ կարտոֆիլ կառնեմ, կուտեմ, ինչու պիտի ցանեմ: Գյուղացին արտադրողից  դարձել է սպառող: Քաղաքականություն չկա»,- ասաց նա՝ կարևորելով գետի հունի մաքուր պահելը: «Կամրջից վերև գետի մեջ ամբողջությամբ ծառեր են աճել: Այդ ծառերը չեն կտրում՝ ասելով, թե տեր ունի: Գետի հունը միշտ մաքուր պետք է պահել, այլապես մի օր վարարած գետը վրեժխնդիր կլինի. ծառերը կփակեն գետի ճանապարհը, որը կարող է դուրս գալ հունից և ողողել ամբողջ տարածքը, որի ականատեսն ենք եղել տարիներ առաջ»,- ասաց Անահիտ Գևորգյանը:

Նա առաջարկեց ՓՀԷԿ-ի տրամադրած գումարներով Լուսաձորի տարածքում զբոսաշրջություն զարգացնել: «Այդ տարածքում 4 դարաշրջանի պատմություն կա: Կա կիկլոպյան, նախաքրիստոնեական, քրիստոնեական և ասում են նաև, որ անդրջրհեղեղյան ժամանակաշրջանի հետքեր կան: Թող ուսումնասիրեն, տվյալ տարածքի մասին իրազեկեն, ցուցանակներ տեղադրեն, ներառեն տուրիստական երթուղիների մեջ, քանի որ այդ տարածքը Սելիմի ճանապարհից ընդհամենը 1 կմ հեռավորության վրա է»,- ասաց  Անահիտ Գևորգյանը:

Կոյուղին ուղիղ գնում է առուներ, այնուհետ` Սևան: Խորհրդային տարիներին Մարտունու մաքրման կայանում որպես ախտահանիչ կիրառվում էր քլոր, որից դեպի գետի ակունքներ ձվադրման գնացող ձկները սատկում էին: Խորհրդային Միության փլուզումից հետո կայանը դադարեց գործել: 2013թ-ին շահագործման հանձնվեց Մարտունու մեխանիկական մաքրման կայանը, որը քիմիական մաքրում չի ապահովում, և Սևանա լիճ է թափվում  պղտորված ջուր՝ առանց բավարար մաքրման, ինչպես նաև այն երբևիցե չի ապահովել ձկների տեղաշարժի համար անհրաժեշտ պայմաններ: Սևանա լիճ են թափվում նաև կոյուղագծերին չմիացված բնակավայրերի կողուղաջրերը: Դրանք  հոսում են նաև համայնքին պատկանող հանրային լողափի տարածք:

Անահիտ Գևորգյանը նշեց,  որ  Մարտունու կոյուղաջրերն ամբողջությամբ չեն լցվում Մարտունու մաքրման կայան: «Կեսը առվով հոսում է դեպի լիճ: Այնտեղ, որտեղ Մարտունու հանրային լողափն է, կողքին այդ առուն է բացվում»: Հարցին, թե ինչու է հանրային լողափը հենց այդ հատվածում կառուցվել, նա պատասխանեց. «Հանրային լողափն այդտեղ կառուցված է խորհրդային տարիներից, այն ժամանակ մաքրման կայանն աշխատում էր, քիմիական մաքրում էր անում, մեծ մաքրման կայան էր: Խորհրդային Միության փլուզումից հետո քանդվեց: Հետո կառուցեցին մեխանիկական մաքրման կայան, որն ամբողջովին չի վերցնում տարածքի կոյուղաջրերը»։ 

Լուծված չէ Գեղհովիտ համայնքի և Մարտունու կոյուղագծերի միացման համար պահանջվող  100 մետր կոյուղու խողովակաշարի միացման հարցը:

Գեղհովիտ գյուղի  կոյուղին իր հերթին  լցվում է Մարտունու գետ, որի ջրերով մարդիկ կատարում են ոռոգում։ Գետի սակավաջրության օրերին կոյուղու  կուտակված կեղտը միանգամից գալիս է բնակիչների բակեր: Հարցի լուծման համար որոշվել էր, որ մաքրման մինի կայան  կկառուցվի Գեղհավիտի գծի վրա, բայց հարցը լուծում չի ստանում, քանի որ առաջացել են  խողովակների միացման տեխնիկական խնդիրներ: Անհրաժեշտ է  գլոբալ ծրագիր, որ բոլոր խողովակները փոխվեն:

«Գեղհովիտի կոյուղաջերերը Մարտունիում՝ գերեզմանոցի մոտ լցվում է ջրատար առուները ու հոսում Սևանա լիճ: Մի տարի ձմռանը առուները սառել էին, Գեղհովիտի կոյուղին լցվել էր Մարտունու փողոցները»,- ասաց Անահիտ Գևորգյանը: Գյուղացիները գետ են լցնում նաև իրենց կենցաղային աղբը, որը ևս հոսում է Սևան:

Խնդրի լուծումը պետք է լինի համակարգային։

«Մենք առաջարկել ենք, որ Գեղհովիտը կոյուղու համակարգ պիտի ունենա, նաև աղբավայր և գյուղում կատարվի աղբահանություն, որ Մարտունի գետը չաղտոտեն»,- ասաց Անահիտ Գևորգյանը: 

Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2013-2018թթ. ջրաքիմիական մոնիթորինգի տվյալների՝ Մարտունի գետում արձանագրվել է կենսածին նյութերի պարունակության աճ: Գեղհովիտ գյուղից 0.5 կմ վերև գետն ունեցել լավ որակի ջուր, իսկ գետաբերանում ՝ անբավարար IV կարգի ջուր. կոմունալ-կենցաղային կեղտաջրերի, գյուղատնտեսական հոսքաջրերի հաշվին գետում մեծ է Ֆոսֆատ իոնի և ամոնիում իոնի կոնցենտրացիան:

Տեղի բնակիչների շրջանում ԷկոԼուրի հարցումը ցույց տվեց, որ COVID-19 համավարակով պայմանավորված առաջացել է շրջակա միջավայրի աղտոտման նոր՝ վտանգավոր դրսևորում, մասնավորապես, համայնքի տարածքի և հանրային լողափերի աղտոտում օգտագործված դիմակներով և ձեռնոցներով։

Հարցվածների միայն 25 %-ն է նշել, որ համավարակի պայմաններում պատկան մարմինները պատշաճ ձևով արձագանքում և լուծում են տվել իրենց բարձրացրած սոցիալ-էկոլոգիական խնդիրներին, իսկ 25 %-ն էլ պատասխանել են, որ իրենց բարձրացրած հարցերը չեն ստացել արձագանք, մնացած 50 %-ը հարց չի բարձրացել, քանի որ այդպիսիք չեն եղել։

Նվազել է համայնքային խնդիրների շուրջ տեղի ունեցող հանրային կարծիքի արտահայտման հնարավորությունը, քանի որ չեն կարող այս պայմաններում հանրային լսում կազմակերպել` ժողովրդի կարծիքն իմանալու համար: Համայնքապետը հավաստիացրեց, որ բնակիչների  ընդհանուր կարծիքի մասին տեղյակ են։

Տեղի բնակիչները հետևյալ գնահատականը տվեցին Մարտունիում COVID-19-ով պայմանավորված սոցիալ-էկոլոգիական վիճակի վերաբերյալ.

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ COVID-19-ով պայմանավորված նվազել են իրենց ընտանիքի եկամուտները, քանի որ կա՛մ կրճատվել են իրենց աշխատավայրերի՝ սպասարկման ոլորտի ծառայությունների ծավալները, կամ ընտանիքի անդամները չեն մեկնել արտագնա աշխատանքի։

Մի քանի հոգի նշել է կատարված աշխատանքի դիմաց ստացված ոչ համարժեք՝ ցածր աշխատավարձի, իսկ ստացված գյուղատնտեսական մթերքների իրացման դժվարությունների մասին։

Հարցվածների կեսից ավելին նշել է, որ իրենց ընտանիքի անդամներն արտագնա աշխատանքի էին մեկնում արտերկիր,  սակայն այս տարի, պայմանավորված համավարակով, չեն մեկնել, ինչի արդյունքում նվազել են իրենց ընտանիքի եկամուտները և չմեկնած անձինք կամ մնացել են անգործ, կամ էլ ունեն թեթև զբաղվածություն ընտանեկան գործերում։

Մարտունու համայնքի ավագանու որոշմամբ  համայնքային բյուջեից շուրջ 900 հազար դրամ հատկացվել է կորոնավիրուսով վարակվածներին ինչ-որ չափով աջակցելու համար, յուրաքանչյուր ընտանիքի մոտ 20 հազար դրամի չափով` հաշվի առնելով անդամների թվաքանակը: Օգնությունը տրամադրվել է բնամթերքի տեսքով: Ըստ Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանի՝ կազմակերպել են շրջայցեր, ինչի ընթացքում համայնքապետարանի միջոցների հաշվին, ըստ պահանջի, բաժանում են անձնական պաշտպանիչ միջոցներ: Ովքեր մեկուսացված են և սոցիալապես անապահով, սոցիալական հեռավորությունը պահպանելով, տրամադրել են սնունդ (14 միայնակ ծերի և 10 վարակված/մեկուսացված ընտանիքի) /Մարզպետարանից ստացել են առաջարկ այդ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ/։

Չնայած նրան, որ COVID-19-ով պայմանավորված արտակարգ դրության օրերին հարցվածներից շատերի աշխատատեղերը չեն կրճատվել, այնուամենայնիվ,  կրճատվել է նրանց աշխատավարձերի չափը, քանի որ նրանք հիմնականում եղել են օրավարվարձով աշխատողներ։

Կորոնավիրուսային վարակվածության վերաբերյալ համայնքի բնակչության իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է. գիտեն ախտանշանների մասին, գիտեն իրենց գործողություններն այդ պարագայում։

Պետական, ՏԻՄ և մասնավոր հաստատություններից  ստացվող աջակցության նկարագիրը

ՀՀ կառավարության կողմից իրականացված COVID-19-ի մեղմման սոցիալական ծրագրերից օգտվելու համար հարցված բնակիչները նշեցին, որ չեն բախվել որևէ դժվարության, սակայն ոմանք նշեցին, որ տեղի են ունեցել անհարկի ձգձգումներ:

Հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է, որ չի օգտվել ՀՀ կառավարության կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագերով սահմանվող օժանդակություններից, բացառությամբ  բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման դիմաց տրվող օժանդակությունից և 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին տրված միանվագ դրամական օժանդակությունից։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում COVID-19 –ով առաջացած մարտահրավերներն են՝

Համայնքում արձանագրվում է զգալի պասսիվություն՝ կապված արտակարգ դրության անորոշության և COVID-19-ի համավարակի ընթացքի հետ։ Իրավիճակը սրվում է, քանի որ աշխատանքային միգրանտները, որոնք էական ներդրում ունեին իրենց ընտանիքների սոցիալական ապահովության հարցում, մնացին անաշխատանք: Միայն պաշտոնական տվյալներով Մարտունի է վերադարձել մոտ 1000 միգրանտ: Ֆինանսական միջոցների սպառման հետ համայնքում առաջանում է սոցիալական լարված իրավիճակ, չկան հատուկ ծրագրեր, որոնք հաշվի առնեն չպահանջված ակտիվ աշխատուժի հանկարծակի աճը:

Ոլորտները, որտեղ մարդիկ կարող էին զբաղված լինել, կապված են գյուղատնտեսության և տուրիզմի հետ: Սակայն ենթակառուցվածքի վատ էկոլոգիական վիճակը, մասնավորապես, մաքրման սարքավորումների բացակայությունը, «Մարտունի» փոքր ՀԷԿ-ի կողմից ճնշումը,  գյուղտեխնիկայի, սերմնացուի, պարարտանյութի, ոռոգման ջրի թանկ լինելը, որի պատճառով մարդիկ չեն կարողանում շրջանառության մեջ դնել նոր հողեր, հարուստ կենդանական և բուսական աշխարհի ոչնչացումը, որը կարող է հիմք ծառայել տեղական գրավիչ տուրիզմի զարգացման համար, ինչպես նաև Սևանա լճի աղտոտումը, չեն նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը: 

Այս տարի չափազանց չորային էր, խոտ ընդհանրապես չկա: Մեկ հակ խոտը, որ նախկինում արժեր 600-700 դրամ, այս տարի 1600 դրամով չեն կարողանում գտնել: Աշնանը սպասվում է անասունների զանգվածային մորթ, ու սոցիալական վիճակի կտրուկ սրացումն ակնհայտ կլինի գարնանը: 

COVID 19-ի-դեմ պայքարում անտեսվում՝ ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների ներուժը: Կան առանձին ծրագրեր, սակայն լայն իմաստով հասարակայնությունն ու տեղի բնակչությունը դրանցում զբաղված չեն, ծրագրերը չեն քննարկվում, թեպետ դրանք կարող էին ուղղվել համայնքի կոնկրետ խնդիրների լուծմանը:

Կարևոր է նշել, որ աշխատանքային միգրանտների վերադարձը բնորոշ է ոչ միայն Մարտունուն, այլ գրեթե ողջ Սևանի առափնյա համայնքներին, որտեղ արտագնա աշխատանքից եկամուտը միշտ եղել է բարձր:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հարցման մասնակիցները կարծում են, որ ստեղծված  իրավիճակից դուրս գալուն կօգնեն բնակչության զանգվածային թեստավորումները, պետության կողմից համավարակի տարածման կանխմանն ուղղված արդյունավետ միջոցառումները:

Հարկավոր է մոբիլիզացնել տեղական հասարակական ռեսուրսները և տեղի բնակչությանը պանդեմիայի դեմ պայքարում, որպեսզի փոխվի անձի վարքը, նրա սոցիալական պատասխանատվության դերը։

Մշակել և ընդունել սոցիալական ծրագրեր զբոսաշրջության տարբեր տեսակների՝ գյուղատնտեսական, գաստրոնոմիկ, էկոլոգիական, գիտական զբոսաշրջության զարգացման համար՝ հաշվի առնելով Սևանա լճի գոտու զբոսաշրջային գրավչությունը: Պատշաճ իրազեկման, տուրիստական երթուղիների մշակման, տուրիստական գործակալությունների հետ աշխատանքի միջոցով ներգրավել Մարտունու տարածաշրջանը  տուրիստական երթուղիներում: Դա թույլ կտա մեծացնել տեղի բնակչության զբաղվածությունը և օգտագործել վերադարձած միգրանտների ռեսուրսը:

Հաշվի առնելով Սևանա լճի ռազմավարական նշանակությունը հանրապետության համար, անհրաժեշտ է գտնել ֆինանսավորման աղբյուրներ Մարտունու կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանը կենսաբանական մաքրման կայանի վերապրոֆիլավորելու համար։ 

Լուծել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի բացասական ազդեցության խնդիրը: ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները և գետի բնապահպանական թողքի չափաքանակը պետք է սահմանվեն այնպես, որ ոչ մի կերպ չխոչընդոտեն ձկների բնականոն տեղաշարժը։ Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի համար պետք սահմանվի այնպիսի հատուկ ռեժիմ, որը կապահովի ձկնաշխարհի պահպանությունը ինչպես բնական, այնպես էլ պոպուլյացիայի արհեստական համալրման համար: Եթե դա անհնար է ապահովել, ապա պետք է ապամոնտաժել Սևանի ավազանի գետերի վրա կառուցված  բոլոր ՓՀԷԿ-երը։

Սեպտեմբեր 11, 2020 at 11:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր