Կորցնում ենք Եղեգիսը, գետի 51.46%-ը հոսում է ՓՀԷԿ-երի խողովակաշարերով

Կորցնում ենք Եղեգիսը, գետի 51.46%-ը հոսում է ՓՀԷԿ-երի խողովակաշարերով

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի գործունեության ոլորտներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների (այսուհետ՝ ՓՀԷԿ) գործունեության ազդեցությանը էկոհամակարգերի պահպանության ամբողջականության, տարածաշրջանի բնակչության սոցիալ- տնտեսական իրավիճակի վրա ՓՀԷԿ-երի գործունեության ազդեցությունների, ՓՀԷԿ-երը շահագործող կազմակերպությունների կողմից բնապահպանական սահմանված չափորոշիչների պահպանման աստիճանի ուսումնասիրությունները, ինչպես նաև  ուսումնասիրության արդյունքներով արձանագրված սոցիալ-էկոլոգիական խնդիրների և  դրանց շտկմանն ուղղված լուծումների առաջարկների ներկայացումը պատկան մարմինների ուշադրությանը։

2014-2016թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագիրը, որի ընթացքում ուսումնասիրվել է 87 փոքր ՀԷԿ: Եվս 38 ՓՀԷԿ ուսումնասիրվել է ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված հաջորդ` «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ և կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում։ Այդ 2 ծրագրով ուսումնասիրվել են գումարային 70 գետերի վրա կառուցված 125 ՓՀԷԿ։  Յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար ստուգվել են ընդհանուր, հիդրոլոգիական դերիվացիոն, ջրառի, սարքավորումների, էլեկտրաէներգիայի արտադրության, շրջակա միջավայրի և բնակչության սոցիալական վիճակի  վերաբերյալ 75 չափորոշիչ։

Կատարված ուսումնասիրություններով  բացահայտվել են  բավականինին լուրջ և ընդհանրական խնդիրներ՝

∙  ՓՀԷԿ–երի գործունեության թափանցիկության և վերահսկողական մեխանիզմների անբավարարար վիճակ

∙  ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիների չսահմանում

∙  ջրհոսքերի ձևավորման գոտում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ՓՀԷԿ-երի կառուցման դեպքեր

∙  շահագործման նախագծերի հիմք հանդիսացող սխալ ջրատնտեսական հաշվարկներ

∙  բնապահպանական թողքի չապահովում և դրանց վրա չափիչ սարքերի բացակայություն

∙  ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանություն, ձկնաշխարհի, կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանակական ցուցանիշների անկում

∙  ցածրորակ սարքավորումների տեղադրման արդյունքում ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակ

∙  առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման ՓՀԷԿ-երի կասկադների ձևավորում

∙  օրենքով 0-1 ՄՎտ հզորությամբ ՓՀԷԿ-երի կառուցման համար բնապահպանական փորձաքննության անցնելու պահանջի չամրագրում

∙  ՀՀ կառավարության որոշմամբ ՓՀԷԿ-երի չափորոշիչների սահմանային հզորությանի շեմի  բարձրացում մինչև 30 Մվտ

∙  տեղի բնակչության նկատմամբ սոցիալական պատասխանատվության բացակայություն։

Իրականացված ծրագրերի արդյունքում ստեղծվել է ՓՀԷԿ-երի տվյալների միասնական տեղեկատվական բազա, պատկան մարմիններին առաջարկվել են համակարգի բարեփոխումներին ուղղված ինստուտոցիոնալ և օրենսդրական առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է նրանց կողմից։ Մասնավորապես՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ Նախագծի՝ արգելվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը 25 գետի վրա։ 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն շարունակում է իր մոնիտորինգն այդ ոլորտում։ Մասնավորապես՝ հատուկ ուշադրություն է դարձվել իր հետազոտությունների արդյունքում հայտնաբերած և ՀՀ կառավարության որոոշման նախագծով արգելվող՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի գործունեության մեջ 2017 թ-ից հետո կատարված փոփոխությունների ընթացքին։

Եղեգիս գետը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։ Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով, ունի բազմաթիվ վտակներ։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8,2 մ3/վ է։ Եղեգիս գետի և նրա վտակների վրա ներկայումս գործում են էլեկտրաէներգիա արտադրության լիցենզավորված 14 կազմակերպությունների 17 ՓՀԷԿ-եր, որոնց  ընդհանուր հզորությունը կազմում է 42595,2 կվտ, տարեկան արտադրությունը՝ 99,255 մլն․կվտ/ժ, իսկ նրանց խողովակաշարի  ընդհանուր դերվացիայի երկարությունը՝ 36576,5 մ։ Այդ ՓՀԷԿ-երն են ՛«Եղեգիս»  և «Հերմոն»  («Էլեգիս Հ.Է.Կ.» ՍՊԸ ), «Եղեգիս-1» (Բազենք» ՓԲԸ ), «Կարակայա» («ՀԱԿ ՀԷԿ» ՍՊԸ ), «Սուրբ աղբյուր» և «Վայոց» («ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» ՍՊԸ,), «Սանռայս» (ՍԱՆՌԱՅԶ ԷԼԵԿՏՐԻԿ» ՓԲԸ), «Եղեգնաձոր»  և «Եղեգնաձոր ՓՀԷԿ» («ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ), «Վարդահովիտ» («ՎԱՐԴԱՀՈՎԻՏ» ՍՊԸ), «Գողթանիկ», («Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ,), «Եղեգիս-3» («ՍՅՈՒՆՅԱՑ ՎՈԹԸ» ՍՊԸ), «Եղեգիս-2» («ՌԱԵԼ ԳէՍ» ՍՊԸ, «Նանե» ( «ԱՐԱՏԵՍ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ), «Եղեգ, ՓՀԷԿ» («ԵՂԵԳ ՀԷԿ» ՍՊԸ), «Տիգրան Մեծ» (ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ), «Արտավան» («ՋԱՀՈՒԿ» ՍՊԸ):

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի`Եղեգիս գետի և նրա վտակների վրա էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվելու նպատակով 6 կազմակերպության ևս տրված է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, սակայն 2020թ․ հունիսի 20-ի տվյալներով այդ ՓՀԷԿ-երը դեռևս գտնվում են կառուցման փուլում: Դրանք են՝ «ԷՐԻԷՄ ԷՆԵՐՋԻ»  ՍՊԸ»-ի «Ռինդ2» ՓՀԷԿ-ը (ոռոգման համակարգի վրա), «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի «Եղեգնուտ2» ՓՀԷԿ-ը, «ԷԼԻՍ ՀԷԿ» «Էլիս2», «ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐ» ՍՊԸ-ի «Տիգրան Մեծ2» ՓՀԷԿ-ը, «ԳԵՏԻԿՀԷԿ» ՍՊԸ-ի «Գետիկավանք2» ՓՀԷԿ-ը և «ՍԵՐԱ» ՍՊԸ-ի «Խաչքար1» ՓՀԷԿ-ը (բնական ջրհոսքերի վրա)։ Այդ ՓՀԷԿ-երի գումարային ընդհանուր նախագծային հզորությունը կազմելու է 19331 կվտ, իսկ տարեկան արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիան համապատասխանաբար կազմելու է 58,95 մլն․ կվտ/ժ։  Գետի և նրա վտակների ընդհանուր դերիվացիայի երկարությունը կազմում է 16625 մ։

Չհաշված Եղեգիս գետը սնող վտակների վրա կառուցված ՓՀԷԿ-երը, բուն Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի շահագործման  արդյունքում, գետի հոսքը դերիվացված է 51.46%-ով, իսկ նախատեսվող 4 ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում այդ մեծությունը կհասնի 76.69%-ի։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն շարունակում է իր մոնիտորինգը ոլորտում ընթացող գործընթացների նկատմամբ։ Այդ նպատակով կազմակերպությունը փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության և կարգավորումների վերաբերյալ 2020 թ. փետրվարին հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին։ Հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ ՓՀԷԿ–երի բնապահպանական թողքերի վրա տեղադրված չեն ջրաչափիչ սարքեր, քանի որ համաձայն ՓՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվության, ջրաչափիչ սարքերը պետք է տեղադրվեն ջրառի կետերում։ Հայտնել են նաև, որ 133 ՓՀԷԿ-ի ջրառի կետերում տեղադրված են ջրաչափիչ սարքեր, մյուս ՓՀԷԿ-երում ջրաչափիչ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են, իսկ ջրառի ծավալների փոփոխություններ կկատարվեն ՋԹ-ի ժամկետի ավարտից հետո։ Ինչ վերաբերում է հիդրոլոգիական տվյալների ճշտգրման աշխատանքներին, ապա նրանք տեղեկացրել են, որ 3 ջրավազանային կառավարման տարածքների համար դրանք գնահատված են։ Նշել են նաև, որ աշխատանքներ են տարվում ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկի սահմանման ուղղությամբ և որ շահագործվող ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունների ժամկետի ավարտից հետո գործող օրենսդրության պահանջներին համապատասխան կվերանայվեն ջրօգտագործման թույլտվությունները։

Չնայած ձեռնարկված միջոցառումների և զգուշացումներին, ՓՀԷԿ-երը շահագործող կազմակերպությունների կողմից շարունակվում են օրենսդրության պահանջների խախտումներով աշխատելը։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարարությունը 2020 թ. հուլիս ամսին, ուսումնասիրելով իրավիճակը և հաշվի առնելով Եղեգիս գետի ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածության աստիճանը, հայտնել է, որ իր կողմից նախատեսել է վերանայել Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ)։ Գործընթացն, ըստ հայտարարության, դեռևս չի ավարտվել։

Միաժամանակ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը միայն 2020 թ. կատարած ստուգումների արդյունքում արձանագրել է ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրաքանակների գերազանցման դեպքեր։ Մասնավորապես՝ «ՄԻՆԱ-ՄԱՅԱ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգնաձոր» ՓՀԷԿ-ում արձանագրել է  ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ իրականացնելու փաստ: Ընկերությունը խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները: «Մինա-Մայա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 8 միլիոն 694 հազար 215 դրամ: Այս տարվա հունիսին «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ը Եղեգիս գետից նույնպես ավելի շատ ջրառի իրականացման փաստ է արձանագրել: Ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.813.821 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հարուցվել է վարչական վարույթ:

2020 թ. օգոստոս ամսին Եղեգիս գետի ափերին տեղակայված Շատին և Եղեգիս գյուղեր այցելության ընթացքում ԷկոԼուրը պարզել է, որ առկա են բնակչության դժգոհություններ՝ կապված ամառային օրերին ոռոգման ջրի պակասի հետ։ Ըստ տեղացիների, ջրի դիֆիցիտն առաջանում է ինչպես գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երի ոռոգման սեզոնին աշխատանքով, այնպես էլ ոռոգման ընդհանուր համակարգի ոչ պատշաճ կառավարմամբ։ Նրանք նշել են նաև գետում «կարմրախայտ» ձկնատեսակի  խիստ նվազման կամ իսպառ վերանալու մասին։ Իսկ Եղեգիս գյուղի բնակիչներն իրենց խմելու ջրի հոսքերի նվազումը կապում են «Արատես Էներջի»  ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի Կարակայա վտակի Այսաս վտակի վրա կառուցված և 2014 թվականից շահագործվող «Նանե» փոքր ՀԷԿ-ի գործունեությամբ, ինչն օգտագործում է իրենց խմելու աղբյուրների ջուրը։ Այդ ՓՀԷԿ-ի շահագործմամբ բնակիչները մեծ խնդիրների են բախվում նաև իրենց ընտանի կենդանիների արոտավայրերի և անասունների խմելու ջրի հարցում։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի  մոնիտորինգն այդ ոլորտում շարունակակական է, առաջիկայում ՓՀԷԿ-երի  ոլորտում տարվող քաղաքականության և գործընթացների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ հարցմամբ կդիմի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

Սեպտեմբեր 14, 2020 at 11:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր