

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Հերհեր և Ազատեկ բնակավայրերի տարածքում նախատեսվում է կառուցել հինգ նոր արևային կայան: ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն արդեն ներկայացված են հինգ ընկերությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերը: Արևային կայանները ցանկանում են կառուցել իրար հետ փոխկապակցված «Սուն Սոլար» ՍՊԸ-ն, «Դուստր Սոլար» ՍՊԸ-ն, «Արմ Սոլար» ՍՊԸ-ն, «Այ Սոլար» ՍՊԸ-ն և «ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն:
Առաջին 4 ընկերությունների գործունեությունը նույնն է: Նրանք համատեղ կառուցելու են արևային կայաններ Հերհեր բնակավայրի վարչական տարածքում:
Առաջինը՝ «Արմ Սոլար» ՍՊԸ-ն, նախատեսում է Հերհեր գյուղի Վառված սարի 8 և 9 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10280 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.64 հեկտար տարածք:
Երկրորդը՝ «Դուստր Սոլար» ՍՊԸ-ն, նախատեսում է Հերհեր գյուղի Վառված սարի 12, 13, 15 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 9828 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.06 հեկտար տարածք:
Երրորդը՝ «Այ Սոլար» ՍՊԸ-ն, նախատեսում է Հերհեր գյուղի Վառված սարի 16, 17, 18 և 19 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10400 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.11 հեկտար տարածք:
Չորրորդը՝ «Սուն Սոլար» ՍՊԸ-ն, նախատեսում է Հերհեր գյուղի Վառված սարի 16 հողամասերում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10166 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 5.4 հեկտար տարածք:
Բոլոր 4 ընկերությունների հայտերի համաձայն՝ կայանների կառուցման համար նախատեսված գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան արդեն փոխված է էներգետիկ նշանակության հողերի: Կայանների տարածքի հեռավորությունը Հերհեր գյուղից 2520 մ է, Արին գյուղից՝ 4280 մ, կայանների էլեկտրագիծն ունենալու է 170 հենասյուն: Ընտրվել են JA SOLAR ֆիրմային արտադրության 20.6 % ՕԳԳ-ով ֆոտովոլտային մոդուլներ: Օդային գիծը Հերհերից Արին համայնքով հասնելու է մինչև Մալիշկա համայնք, որտեղ մտնելու է ենթակայան:
Հինգերորդ «ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն «Էտ Սոլար» ՍՊԸ-ի հետ համատեղ նախատեսում է Ազատեկ գյուղի տարածքում կառուցել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան՝ 10400 բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով՝ յուրաքանչյուրը 535 Վտ առավելագույն հզորությամբ: Կայանը կզբաղեցնի 4.5 հեկտար տարածք: Կայանի հեռավորությունը Ազատեկ գյուղից 700 մ է: Արևային կայանի էլեկտրագիծն ունենալու է 25 հենասյուն:
Ըստ հայտերի՝ կայանների կառուցման համար ընտրված հողատարածքներն անջրդի արոտավայրեր են, բնական էկոհամակարգերը դեգրադացված են և բուսականությունը գրեթե բացակայում է, չկան նաև հազվագյուտ բուսատեսակներ և կենդանատեսակներ: Հողի բերրի շերտն այն հատվածներում, որտեղ առկա է, կհավաքվի և կպահեստավորվի:
Ուսումնասիրվող տարածքներին մոտ են գտնվում երեք բնության հուշարձան՝ «Ազատեկի» բրածո ֆլորա, «Ցիցքար» ժայռագագաթ, «Անանուն» որմնաքանդակներ հուշարձանները: Ըստ հայտերի՝ ԲՀՊՏ-երի հետ անմիջական սահմաններ ուսումնասիրվող տեղամասերը չունեն:
Հերհերի տեղամասից ավելի քան 15 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, ավելի քան 10 կմ հեռավորության վրա «Ջերմուկի անտառային» պետական արգելավայրը, ավելի քան 5 կմ հեռավորության վրա «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրը, ավելի քան 15 կմ հեռավորության վրա «Եղեգիս» պետական արգելավայրը: Ըստ հայտերի՝ տարածքները նաև չեն մտնում Բեռնի կոնվենցիայով պահպանվող «Էմերալդ» ցանցի մեջ:
Նշվում է, որ որոշակի ազդեցություն կլինի կենսաբազմազանության վրա՝ կապված շինարարության փուլում հողային աշխատանքներով և կկրի կարճատև բնույթ: Նախքան շինարարական աշխատանքները այդ տեղամասերում պետք է հետազոտություններ իրականացվեն: Եթե հայտնաբերվեն կարմիրգրքյան տեսակներ, այդ տարածքները պետք է առանձնացվեն որպես պահպանվող գոտիներ: Ուսումնասիրվող տարածքների միջնամասով է անցնում Արփա գետը: Ըստ հայտերի՝ ջրային ավազանին հասցվող վնասը զրոյական է:
Հայտերի համաձայն՝ առաջացող թափոնատեսակները մեծածավալ չեն, տեղամասը ցանկապատվելու է: Ինչպես նշված է, քիչ քանակությամբ վտանգավոր թափոնները՝ մնացորդային յուղը, օգտագործված դողածածկանները, ընդհանուր շինարարական աղբը կպահվեն կայանի տարածքում: Գործունեության ընթացքում առաջացող խետանված պանելները կպահվեն թափոնների պահման տեղամասում, որից հետո կհանձնվեն լիցենզավորված ընկերությանը, որն էլ կիրականացնի դրանց տեղափոխումն ու կառավարումը:
Նշենք, որ հայտերում բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչքան տարածք կզբաղեցնեն թափոնների պահեստները: Նաև նշված չէ կազմակերպության անվանումը, որը պետք է զբաղվի թափոնների տեղափոխմամբ և կառավարմամբ: Չկա տեղեկատվություն այն մասին, թե ինչ վնաս է հասցվելու հողային ռեսուրսներին արևային վահանակների կառուցումից հետո, ինչ քանակությամբ թափոններ կկուտակվեն այդ վահանակներից տարիներ անց, երբ կլրանա դրանց օգտագործման ժամկետը: Բնապահպանական կառավարման պլանում այս ռիսկերի վերաբերյալ չկան նախատեսված միջոցառումներ:
Ըստ հայտերի՝ տարածքների հարևանությամբ բնակելի տներ չկան:
«Արմ Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 22-ին, տնօրենը Տիգրան Մանուկյանն է, ընկերության բաժնեմասի 51 տոկոսը պատկանում է Կառլեն Մինասյանին, մնացած 49 տոկոսը Արշակ Հովհաննիսյանին:
«Այ Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 22-ին, տնօրենը Արտուշ Դավթյանն է, բաժնեմասի 49 տոկոսը պատկանում է Արամ Մինասյանին, իսկ մնացած 51 տոկոսը Արթուր Հովհաննիսյանին:
«Դուստր Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 9-ին, տնօրենը Կառլեն Մինասյանն է, ընկերության բաժնեմասի 49 տոկոսը Կառլեն Մինասյանին է պատկանում, մնացած 51 տոկոսը Արթուր Հովհաննիսյանին:
«Սուն Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի հոկտեմբերի 7-ին, տնօրենը Կառլեն Մինասյանին է, ընկերության բաժնեմասի 51 տոկոսը Արամ Մինասյանին է պատկանում, մնացած 49 տոկոսը Արշակ Հովհաննիսյանին:
«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ-ի օգոստոսի 5-ին, տնօրենը Կառլեն Մինասյանն է, ընկերության բաժնեմասի 100 տոկոսը պատկանում է հենց Կառլեն Մինասյանին:
Հոկտեմբեր 01, 2021 at 14:19