

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Դիզափայտ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի վարչական տարածքում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը:
5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է «Դիզափայտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 8 հեկտար տարածքում, որը նախկինում օգտագործվել է որպես արոտավայր: Նախատեսվող արևային կայանը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին միանալու է մինչև 20 մ երկարությամբ 110 կՎ էլեկտրահաղորդման գծով, առանց հենասյուների՝ թռիչքային միացմամբ։ Կայանը կունենա 11.700 միաբյուրեղային վահանակ: Արևային կայանի կառուցման համար կներդրվի 3.5 միլիոն դոլլար, իսկ շահագործման ժամկետը 20 տարի է: Այդ ընթացքում կայանն արտադրելու է մոտ 198.5 ԳՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Արևային էներգետիկայի ոլորտում ամենախոցելի կողմը համարվում է վահանակներից գոյացած թափոնների կառավարումը: Այս հարցը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրաձայնել էր հոկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում տեղի ունեցած լսումների ժամանակ: «ԷկոԼուր»-ը նաև իր դիտարկումներն էր ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ նշելով, որ ընկերությունը պետք է պարզաբանի թափոնների հարցը, պետք է մանրակրկտորեն ներկայացնի գործողությունների պլանը՝ կապված արևային էլեկտրակյայանի թափոնների կառավարման հետ՝ հստակեցնելով գոյացած թափոնների ծավալը, դրանց պահման պայմանները, վնասների մինիմալիզացումը, սպասվող ֆինանսական ծախսերը և պատասխանատվությունը:
Շրջակա միջավայրի նախարարությունն իր փորձաքննական պահանջներում, որոնց կատարման պայմանով տրվել է դրական եզրակացությունը, թափոնների կառավարման համար թվել է այն գործողությունները, որոնք ընկերությունը ներկայացրել էր իր հաշվետվության մեջ. «Ֆոտոէլեմենտներ պարունակող պանելները պետք է չթաղել կամ չհավաքել աղբավայրերում բաց վիճակում, թափոնների կուտակումը կամ պահումն իրականացնել բնակելի տարածքներից դուրս, վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում արտասահմանյան զարգացած երկրների, որոնք ունեն նման ժամկետանց արևային թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ, թափոնները հանձնել այն երկրների կազմակերպություններին, որոնք զբաղված են արևային պանելների արտադրությամբ և որոնցից ձեռք են բերվել ֆոտոէլեկտրոնային արևային պանելները, կայանի շահագործման ժամկետի ավարտից հետո կապար, քրոմ, կադմիում, սիցիլիում և այլ նյութեր պարունակող ֆոտովոլտային վահանակները ժամանակավորապես պահեստավորել ձեռնարկողի՝ այդ նպատակով առանձնեցված պահեստում, ժամկետանց կամ վնասված արևային ֆոտովոլտային մոդուլների, որպես վտանգավոր թափոնատեսակների տեղափոխումը, վերամշակումը, վնասազերծումն իրականացնել ձեռնարկողի կամ կապալառու ընկերության միջոցներով, Թալինի համայնքապետարանի վերահսկողությամբ»:
Ոչ ընկերության հաշվետվության, ոչ Շրջակա միջավայրի նախարարության դրական եզրակացության մեջ հստակ նշված չեն այն երկրները կամ ընկերությունները, որոնք պետք է իրականացնեն վտանգավոր թափոնների կառավարումը: Փոխարենը ընկերության հաշվետվության մեջ նշված էր, որ «Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրներում, դեռևս գոյություն չունի արևային կայանների սարքավորումների, մասնավորապես ֆոտոէլեմենտներ պարունակող պանելների և այլ ուղեկցող մասերի՝ որպես թափոնատեսակի, լուծումները»։
Նոյեմբեր 19, 2021 at 15:02