Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներն առաջարկում են կլիմայական մարտահրավերին դիմակայելու լուծումներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներն առաջարկում են կլիմայական մարտահրավերին դիմակայելու լուծումներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանողները մեկ նախագծով առաջարկում են կլիմայական մարտահրավերին դիմակայելու, օդի աղտոտվածությունը նվազեցնելու և քաղաքի տրանսպորտային հոսքերը թեթևացնելու երեք լուծում: Հոկտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Էներջի սիթի» Հաքաթոնի՝ «Լավագույն լուծումը» անվանակարգի հաղթողը ՀԱՀ-ի թիմն էր: «Լավագույն նորարարական լուծում»-ն էլ առաջարկել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը:

«Էներջի սիթի» Հաքաթոնին իրենց ուժերն էին փորձում նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ: Մասնակիցները, բաժանվելով 8 խմբի, 12 ժամվա ընթացքում նոր մոտեցումներ և արդիական լուծումներ էին մշակում քաղաքային կանաչ լուծումների, «կանաչ» տրանսպորտի, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի օգտագործման, աղբի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաները որպես «կանաչ» տնտեսության զարգացման գործիքներ դիտարկելու վերաբերյալ:

Հաղթող թիմերի հետ նախատեսվում է իրականացնել աշխատանքներ ներկայացված լուծումների զարգացման, այնուհետև նաև իրականացման ուղղությամբ:

«Հաքաթոնը հնարավորություն է երիտասարդների համար մասնակից դառնալու քաղաքի խնդիրների լուծմանը: Լավագույն լուծումներ առաջարկած թիմերը հնարավորություն և աջակցություն կստանան զարգացնելու իրենց գաղափարներն ու դրանք կիրառելու քաղաքում»,- ընդգծել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

«Քաղաքապետարանն այսօր հաջողությամբ իրականացնում է «ԵՄ-ն՝ Երևանի համար. արևային համայնք», մանկապարտեզների վերանորոգման ծրագրերը, որոնք միտված են էներգաարդյունավետության, էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Էներգետիկ ու կլիմայի փոփոխության հետևանքով երկրներին առաջադրվող խնդիրները մենք կարող են միասին հաղթահարել՝ գտնելով լավագույն նոր լուծումները: Կայուն էներգիայի զարգացման ծրագրերն այս առումով մեծ կարևորություն ունեն», - նշել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության-համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում:

Նոյեմբեր 03, 2021 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր