«Այգ-1» արևային կայանի ծրագրի համար կառավարությունը տրամադրեց 377 հեկտար հողամաս

«Այգ-1» արևային կայանի ծրագրի համար կառավարությունը տրամադրեց 377 հեկտար հողամաս

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 28-ի նիստում որոշեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի ծրագրի շրջանակում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում ներդնել 822,084,793 ՀՀ դրամ արժեքով 377.4 հեկտար հողամասերը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2019թ-ի դեկտեմբերի 26-ի 1922-Լ որոշմամբ դիտարկում էր հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով։

«Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ» կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ Արևային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թ-ին:

«Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն և նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանը», - նշված է ՀՀ կառավարության կայքում։

«Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված  վերականգվող էներգետիկայի զարգացմանը,  ըստ որի նախատեսվում է  կառուցել  մինչև  1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև  2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ  հասցնել  առնվազն 15 տոկոսի», - գրված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի պաշտոնական կայքում։

Հոկտեմբեր 29, 2021 at 13:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր