«Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին

«Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին

2025 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը: Կայանի կառուցման համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ («Մասդար») (Abu Dhabi Future Energy Company PJSC - Masdar), Արաբական Միացյալ Էմիրություններ ընկերությունը: «Փաստացի արդեն ունենք հաղթող ընկերություն, որն առաջարկել է 1 կՎտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ, որը բավականին ցածր գին է: Բավականին խոշոր ներդրումային ծրագիր է, մոտավորապես 174 մլն դոլարի»,- հունիսի 24-ին՝ ՀՀ կառավարության նիստում ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ կայանի կառուցման համար անհրաժեշտ հողահատկացման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը կառուցվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2019թ-ի դեկտեմբերի 26-ի 1922-Լ որոշմամբ հավանություն է տվել «ՄԱՍԴԱՐԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ներդրումային ծրագրին, որը նախաձեռնել են Արաբական էմիրություններում հիմնադրված Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ն (Masdar) և 2019թ-ին ՀՀ կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF): Ընկերությունները մտադիր են Արագածոտնի և Կոտայքի մարզերում ընդհանուր 1040 հա հողատարածքի վրա կառուցել 2 արևային ֆոտովոլտային կայան՝ յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ: Կայանները կոչվելու են «Այգ 1» և «Այգ 2»: Առաջին կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ համայնքներից:

Երկրորդ կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Եղվարդ, Նոր Եդեսիա համայնքներից:

ՀՀ կառավարությունը դիտարկել է հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով և համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

Հունիս 25, 2021 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր