

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն շարունակում է փոքր հիդրոէներգետիկայի զարգացման մշտադիտարկումը, ուսումնասիրում է ազդակիր համայնքներում սոցիալական ազդեցությունը, հայտնաբերում է ջրային էկոհամակարգերի հետ կապված խնդիրները:
2021 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցելության ընթացքում ԷկոԼուրի թիմն այցելեց Շատին, Եղեգիս, Հերմոն, Զառիթափ համայնքներ, որոնց վարչական տարածքներում գործում են փոքր ՀԷԿ-եր: Հանդիպումներ ունեցավ Եղեգիս և Արփա գետերի ազդակիր համայնքների ղեկավարության և բնակչության հետ և քննարկեց սոցիալ-էկոլոգիական իրավիճակը:
Եղեգիս գետը և փոքր ՀԷԿ-եր
Եղեգիս խոշորացված համայնքի տարածքում, որի կազմում ընդգրկված են Աղնջաձոր, Եղեգիս, Հորբատեղ, Սալլի, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Շատին, Քարագլուխ բնակավայրերը, հոսում է Եղեգիս գետը իր վտակների հետ, որոնց վրա կառուցված է 17 փոքր ՀԷԿ: Հարցմանը մասնակցած բնակիչները նշեցին.
- ՓՀԷԿ-երի քանակի ավելացումը հանգեցրեց տեղական կլիմայական փոփոխության: Ամառներն ավելի շոգ են, չնայած հոսող գետի առկայությանը: Զգացվում է խոնավության պակաս: Վերջին տարիներին զգալի են ծառերի չորացման դեպքերը։
- Դիտարկվում է գետում բավարար ջրհոսքի պահպանման խնդիր:
- Շատին բնակավայրի բնակիչների խոսքով՝ ՓՀԷԿ-երն իրենց գործունեության ժամանակ շատ հաճախ չեն պահպանում գետի բնապահպանական թողքը, ինչի պատճառով ոռոգման սեզոնին ունենում են ոռոգման ջրի սակավության խնդիր։ «Գետով ամռանը գրեթե ջուր չի հոսում»,- ասացին բնակիչները:
- Մի քանի անգամ ՓՀԷԿ-ի խողովակաշարի վթարի հետևանքով ողողվել են բնակիչների՝ խողովակաշարին հարակից հողատարածքները և մշակման համար դարձել ոչ պիտանի։
- Գետի հունի մեջ են լցվում հիմնականում բնակավայրի կենցաղային կոյուղաջրերը։ Լինելով սակավաջուր՝ գետում նկատվում է հակասանիտարական վիճակ:
- Փոքր ՀԷԿ-երի կառուցումից հետո գետում վերացել է «կարմրախայտ» ձկնատեսակը։
- Փոքր ՀԷԿ-երի կառուցմանը զուգահեռ սոցիալական խնդիրները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել: «ՓՀԷԿ-երը վերցնում են համայնքի տարածքով հոսող գետի ջուրը, վատացնում մեր կենսապայմանները, սակայն փոխարենը մենք ոչինչ չենք ստանում… ՓՀԷԿ-երն իրենց գործունեությամբ ապահովում են քիչ աշխատատեղեր… ՓՀԷԿ-երը ստանում են միլիոնների օգուտներ, նրանց համար ջուրն անվճար է, սակայն չեն վճարում անգամ հողերի վարձակալության վճարները … Մեկի հողի վարձակալության պարտքը հասել է 2 միլիոն դրամի: Մյուսի հողերի վարձակալության դիմաց վարձավճարը կազմում է տարեկան ընդամենը 35 հազար դրամ, սակայն անգամ դա չի վճարում։ Կան նաև բարեխիղճ ՓԿԷԿ-երի սեփականատերեր, ովքեր կատարում են որոշակի գործեր՝ վճարում են աղբահանության դիմաց, համայնքի համար իրականացնում են բարեգործություն»,- ասացին բնակիչները։
Գետի մեջ լցվող կենցաղային կոյուղաջրերը
Ըստ Եղեգիս համայնքի առաջատար մասնագետ Գարեգին Եղյանի՝ պետք է բարձրացնել ՓՀԷԿ-երի հարկերը, ըստ բնակավայրի կարգավորել ջրթողքի ծավալները՝ դրանք համահունչ դարձնելով բնակչության կարիքներին։
- Նոր փոքր ՀԷԿ-երի կառուցման համաձայն լինելու հարցին բնակիչները դեմ արտահայտվեցին, քանի որ նրանց կարծիքով գետում ազատ ջուր չի մնացել և նորերի տեղադրմամբ գետի մնացորդային ջրերը չեն բավարարի իրենց հողատարածքների ոռոգման համար, կխախտվի առանց այդ էլ վտանգված էկոհամակարգը։
- Եղեգիսի փոխհամայնքապետ Դավիթ Օհանյանը (նաև «Նանե» ՓՀԷԿ-ի սեփականատերն է) նշեց, որ ՓՀԷԿ-երի տնօրինություններն օգնում են համայնքին, կազմակերպում են աղբահանությունը։ Իսկ սերվիտուտի կամ հողի վարձակալության գումարներ չվճարող կազմակերպությունների վերաբերյալ նյութերն ուղարկվում են դատական մարմիններին՝ հարկադիր գանձման։
Նա նշեց նաև, որ ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման շուրջ կազմակերպված հասարակական լսումներին բնակչությունը մասնակցում է: Ըստ նրա՝ համայնքում ոռոգման ջրի խնդիրներ չկան: Երբեմն բնակիչները բողոքել են ջրասակավությունից, սակայն ՓՀԷԿ-երի հետ համագործակցության արդյունքում արագ կանխվել են։ Նա նշեց, որ ՓՀԷԿ-ի գործունեությունը չի ազդում սարերում բնական աղբյուրների ջրհոսքերի ձևավորման վրա։
Հիշեցնենք, որ փոքր ՀԷԿ-երի համար ջուրը մի շարք դեպքերում վերցվում է ջրահավաք ավազանների մայրական աղբյուրներից, ինչը հակասում է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի պահանջին: Դավիթ Օհանյանը նշեց, որ կողմ է ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքի կետերում ջրաչափերի տեղադրմանը, իրենք խիստ պահպանվում են ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները։
Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը նշեց անսպասելի խնդրի մասին: Նրա խոսքով՝ Եղեգիս գետի կիրճում ակտիվացել են գորշ արջերը, քանի որ կիրճում հոսող գետը փոքր ՀԷԿ-երի պատճառով զրկվել է ջրից, և վայրի ու գիշատիչ կենդանիները զրկվել են գետում ապրող կենդանական աշխարհից որպես սննդի միջոց օգտվելու հնարավորությունից: Այդ պատճառով նրանք իջնում են գյուղ:
Արփա գետ և փոքր ՀԷԿ-եր
ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի տարածքում Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սարավան բնակավայրերը գտնվում են Արփա գետի ջրահավաք ավազանում կառուցված ՓՀԷԿ-երի ազդեցության տակ: ԷկոԼուրի հետ զրույցում Զառիթափի համայնքապետ Սիմոն Բաբայանը նշեց, որ համայնքի տարածքում գործում է 6 փոքր ՀԷԿ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՓՀԷԿ-երն ընդհատում են իրենց գործունեությունը՝ սկսած հունիսից՝ ոռոգման սեզոնի սկզբից: Միայն որոշակի խնդիրներ առաջանում էին Արփա գետի Մարտիրոս վտակի վրա կառուցված «Վարանցով» ՓՀԷԿ-ի հետ, որն արդեն լուծված է։ Համայնքում, իհարկե, ջրառի կառավարելիությունն ապահովվում է սուբյեկտիվ գործոնի ազդեցությամբ, սակայն ըստ նրա, դա էլ է գործիք։ Այդ առումով անհրաժեշտ է, որ գործարարն՝ ինքը, ձգտի, որպեսզի իր գործունեությամբ չխախտի գործունեության ազդեցության տարածքի էկոլոգիական հավասարակաշռությունը: Եթե նրա գիտակցությունը չկարգավորվի, օրենսդրական պահանջի չպահպանման համար միշտ էլ կգտնի այն շրջանցելու ուղիներ։
Զառիթափ համայնքում փոքր ՀԷԿ-երը մասամբ կառուցված են ոռոգման համակարգերի վրա, մասամբ՝ գետերի վրա, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով: Հաշվի առնելով այդ բնակավայրերի սահմանամերձ լինելու հանգամանքը, բնակիչների սոցիալական վատ վիճակը, ըստ Սիմոն Բաբայանի, կարելի է նրանց չներկայացնել ոռոգման նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստանալու պահանջ՝ եթե նրանց գործունեությունը բիզնես նպատակ չի հետապնդում։ Իսկ գյուղատնտեսական բիզնես գործունեության համար այդ պահանջը կլինի նորմալ։
Սիմոն Բաբայանը նշեց, որ համայնքի՝ հիմնականում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գտնվում են հոգեբանական և սոցիալական ծանր վիճակում: Պետական քաղաքականության աջակցությունը կլինի այն, որ իրագործվի վարկային քաղաքականություն՝ նախկին վարկերի տոկոսների զիջման և նոր՝ անտոկոս գյուղատնտեսական վարկերի տրամադրման ուղղված ռեֆորմ՝ բնակիչներին ազատելով նախկին գյուղատնտեսական վարկերի բեռից, ինչը կապահովի գյուղատնտեսության զարգացում։ Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո, չունենալով բիզնեսի կազմակերպման փորձ, կարողություններ ու գիտելիքներ, մեկը մյուսին կանգնելով երաշխավոր, բնակիչները վերցրել են վարկեր, վերցրած վարկերը չեն տնօրինել ըստ նպատակի և մասսայաբար ընկել են պարտքերի տակ, ինչի հետևանքով բնակիչները ձեռնպահ են մնում նոր գյուղատնտեսական վարկեր վերցնելուց։ Ներկայումս համայնքում, բարեբախտաբար, կան գյուղատնտեսական խելամիտ բիզնես ծրագրեր իրականացնող անձինք, նշեց համայնքապետը:
Մարտիրոս բնակավայրի բնակիչները նշեցին, որ իրենք չեն մասնակցել ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված հասարակական լսումներին։ Դեմ են Արփա գետի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցմանը, քանի որ արդեն իսկ զգալի է գետի սակավաջրությունը։
ԷկոԼուրի դիտարկում: 2021թ. ապրիլի 8-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» թիվ 488 – Ն որոշումը։ Եղեգիս գետի և նրա վտակների վրա գործում է 17 փոքր ՀԷԿ: Միայն Եղեգիս գետի՝ փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերով ծանրաբեռնվածությունը կազմում է 51,6 տոկոս: Եթե գետի վրա կառուցվեն նոր փոքր ՀԷԿ-եր, որոնք ստացել են լիցենզիաներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ապա ծանրաբեռնվածությունը կհասնի 76,69 տոկոս:
Արփա գետում և նրա վտակներում հանդիպում են՝ ճանարը Luciobarbus capito, մուրծին Luciobarbus mursa, ծածանը Cyprinus carpio, արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, Կուրի լերկաձուկը Oxynoemacheilus brandtii, Կուրի սպիտակաձուկը Alburnus filippii, Կուրի բեղաձուկը Barbus cyri, Սևանի կողակը Capoeta sevangi (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), Կուրի կողակը Capoeta capoeta capoeta, Կուրի ենթաբերանը Chondrostoma cyri, կովկասյան թեփուղը Squalius orientalis, կարմրախայտը Salmo trutta: Հնարավոր է՝ նաև հանդիպի մանրաթեփուկը Acanthobramas microlepis, հաշամը Aspius aspius (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում): Կլիմայավարժված ձկներից հանդիպում են ամուրյան նրբաձուի Pseudorasbora parva, արծաթափայլ կարասը Carassius gibelio, հաճախ ներթափանցում է ծիածանախայտը Parasalmo mykiss:
Հաշվի առնելով վերոշարադրյալ փաստերը և ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ Վայոց ձորի Եղեգիս և Արփա գետերի վրա նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման հայտերը պետք է մերժվեն։
Հունիս 11, 2021 at 16:51