Արթիկում կկառուցվի Հայաստանում առաջին լիցենզավորված համայնքային արևային կայանը

Արթիկում կկառուցվի Հայաստանում առաջին լիցենզավորված համայնքային արևային կայանը
Շիրակի մարզի Արթիկ համայնքում նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին լիցենզավորված համայնքային արևային կայանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Արթիկ համայնքին տրամադրվել է 600 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կայանի շինարարության համար կայացած մրցույթում լավագույն առաջարկը ներկայացրած «ԷկոՎիլ» ընկերությունը:
 
Գրառման մեջ նշված է, որ կառուցվող համակարգի արտադրած էլեկտրաէներգիան կվաճառվի ՀԷՑ-ին, ինչի շնորհիվ Արթիկի համայնքային բյուջեն տարեկան կունենա մոտ 20 միլիոն դրամ հավելյալ եկամտային հոսքեր, որոնք կուղղվեն կայուն զարգացմանը միտված նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:
 
«Ծրագիրը հնարավոր է դարձել իրագործել Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ՝ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում։
 
Այս նախադեպը որոշիչ դեր կունենա Հայաստանում արևային էներգիայի զարգացման համար, քանի որ այսուհետ, ՀՀ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կատարված բարեփոխումների շնորհիվ, համայնքների համար կգործի արևային էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզավորման նոր կարգ»,- նշված է գրառման մեջ։
 
 

Հունիս 11, 2021 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր