

Հայաստանի ամենախոշոր հիդրոէներգետիկ կառույցը՝ Որոտանի հիդրոհամալիրը, 5 տարի է՝ շրջակա միջավայրի պահպանության համար պատասխանատու պետական մարմինների կողմից չի վերահսկվել: Այս մասին պարզ է դարձել ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ շրջակա միջավայր նախարարության նամակներից:
Համար 01/005/1/ 4419-2021 նամակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ 2017 թվականից տեսչական ստուգումներ չի իրականացրել «Որոտան հիդրոհամալիրը շահագործող «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությունում և 2021թ. ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ցանկում այն նույնպես ներառված չէ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն էլ իր N 8/07/.2/12233 գրությամբ հայտնել է, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սպանդարյանի, Տաթևի, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի ջրամբարների ջրալցվածության վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, քանի որ վերոհիշյալ ջրամբարներում հիդրոլոգիական ռեժիմի դիտարկումներ չի իրականացնում:
Նշենք, որ Որոտանի հիդրոհամալիրը շահագործող «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն իր աշխատանքի համար օգտագործում է Սյունիքի մարզի խոշոր ու ռազմավարական նշանակության ջրային պաշարները՝ Որոտան գետի ջրի ծավալի մոտ 85%-ն ու թվով 6՝ Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարները և «Տաթև» ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարը: Այս ջրաղբյուրներից ու Քարահունջի ջրամբարից սնվող ջրանցքներով, գետերի և նրանց վտակների ջրերով գյուղատնտեսական նպատակներով օգտվում են նաև տեղի բնակիչները, և ջրի բաշխման հարցում լինում են շահերի բախումներ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018թ-ի ներդրումային ծրագրին։ Այն հիմնականում միտված է ՀԷԿ-երի անխափան աշխատանքի ապահովմանը և անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում էր իրականացնել աշխատանքներ՝ ընկերության բոլոր ջրամբարների անվտանգության մակարդակի, տուրբինային սրահների տեխնիկական վիճակի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական անվտանգության ոլորտի, ինչպես նաև՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։
Նշենք, որ դեռ 2017թ-ին «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերության շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական պատասխանատվության գծով ղեկավար Արմեն Բոդոյանը խոսել էր որոշ բնապահպանական ռիսկերի մասին, որոնք հնարավոր են ՀԷԿ-երի շահագործման և վերազինման ծրագրի ժամանակ: Դրանք հիմնականում կապված են արտադրության ընթացքում կամ վերազինման, վերանորոգման աշխատանքների ժամանակ թափոնների գոյացման, որոշ հնացած սարքավորումների և թափոնների տեսքով դրանց դուրսգրման, յուղային տնտեսության հետ: Հիդրոհամալիրում առկա են ասբեստ պարունակող սարքավորումներ, որն առողջության համար վտանգավոր է: Դրանք նույնականացվել են, տեղադրվել նախազգուշացնող նշաններ: Ասբեստ պարունակող չշահագործվող սարքավորումները տեղադրվել են Շամբ ՀԷԿ-ում այդ նպատակով կառուցված պահեստում և, անհրաժեշտ բոլոր միջազգային սահմանված ընթացակարգերով անցնելով, ժամանակի ընթացքում պետք է հեռացվեն և հանձնվեն համապատասխան լիցենզիա ունեցող ընկերությանը: Արմեն Բոդոյանը նշել էր նաև մաքրման կայանների, ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների, բիոսանհանգույցների տեղադրման անհրաժեշտության և այս խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:
Հունվար 24, 2022 at 10:58