Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է դրական ազդել նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում:
Աշոտ Ուլիխանյան (ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ) - Բուն գործընթացը էլի սկսել ենք՝ սեպտեմբերի 15-ին ենք վերանայման գործընթացը մեր նախաձեռնությամբ սկսել, մինչև տարվա վերջ արդյունքները կամփոփենք և կներկայացնենք հանձնաժողովի նիստի քննարկմանը, և համակարգի ընկերությունների նոր սակագները ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից:
Ըստ Աշոտ Ուլիխանյանի՝ փոխարժեքը կարևոր գործոններից մեկն է, որը հաշվի է առնվում սակագները սահմանելիս: Այս դեպքում այն վերջնական սակագնի վրա կազդի, թե ոչ, կամ ինչ չափով կազդի՝ հստակ չէ:
Աշոտ Ուլիխանյան - Փոխարժեքի ազդեցությունը միանշանակ ունի դրական ազդեցություն, և այս դրական ազդեցությունը անպայման հաշվի է առնվելու սակագների հաշվարկներում, բայց կան նաև այլ գործոններ, որոնք նույնպես ունեն ազդեցություն համակարգի սակագների վրա, մասնավորապես՝ արտադրության և սպառման հաշվեկշռի փոփոխությունը, մասնավորապես` անցած տարի համակարգում իրականացված ներդրումների փոխհատուցման հաշվի առնելը սակագներում:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, այս առումով դեռևս ուսումնասիրություններ չեն սկսվել, սակայն Ուլիխանյանը չբացառեց նաև այդ հնարավորությունը: Նա հիշեցրեց՝ խոշոր սպառողների համար փոխարժեքի փոփոխությունը գազի սակագնի վրա արդեն ազդել է:
Աշոտ Ուլիխանյան - Այնտեղ սակագինը սահմանված է հաշվարկային բանաձևի տեսքով՝ կախված ԱՄՆ դոլարի արժույթից, և այդ սակագինը յուրաքանչյուր ամիս փոխարժեքով պայմանավորված հաշվարկվում է, ստացվում է դրամական մեծությունը: Այստեղ խոսքը վերաբերում է մյուս սպառողներին՝ փոքր սպառողներին, մասնավորապես` բնակչությանը, որոնց համար սակագները դրամով են սահմանված:
Մասնագետների գնահատմամբ՝ տրամաբանական է, որ երբ դրամի արժեզրկման ժամանակ սակագների փոփոխություններ են լինում, ապա այժմ էլ պետք է հակառակն ակնկալել: Հոսանքի արտադրության 1/3-րդը Հայաստանում գազի հումքով է:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Այս էժանացումը հումքային ռեսուրսների պետք է հանգեցնի հոսանքի արտադրության ինքնարժեքի նվազման, որքանով կլինի վստահությունը այս ձևավորված կայունության նկատմամբ, այսինքն` որքան տևական կլինի այս ձևավորված փոխարժեքը, այդքանով էլ նաև մեծ կլինեն սպասումները: Սակայն, եթե գնահատականները լինեն այնպիսին, որ հնարավոր է առաջիկայում փոփոխություններ լինեն, ապա լուրջ վերանայումներ էս առումով տեղի չեն ունենա, և սա արդեն ՀԾԿՀ տիրույթում է գտնվում, որպեսզի մանրամասն հետազոտեն:
Եթե հոսանքի սակագնի դեպքում տարբեր արտադրություններ են՝ ՋԷԿ-ից, մինչև ատոմակայան, և գինը հանձնաժողովը ինքն է ամեն տարի վերանայում, ապա գազի դեպքում իրավիճակն այլ է: Հիմնականում միակ մատակարարն է գնի փոփոխության հայտ ներկայացնում:
Հայկ Բեջանյան - Գազի սակագինը ոչ միայն որոշվում է տվյալ պահին առաջարկվող պահանջարկով և արտարժույթի փոխարժեքով, այլև ինքը քաղաքական և ռազմավարական գործիք է դարձել որոշ երկրների համար, և հարցերը շատ հաճախ որոշում են հենց էս ոչ գնային ձևաչափի միջոցով:
Թե ինչպես կընթանան զարգացումները, կախված է նաև ՋԷԿ-երի արտադրության ծավալից, պետության երաշխիքով վերցրած վարկերի վճարումներից, նշում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Գործող սակագների հաշվարկներում դոլարի փոխարժեքը 477 դրամ է, մինչդեռ այս պահին Կենտրոնական բանկի տվյալով 1 դոլարը 404 դրամ է:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան
Հոկտեմբեր 20, 2022 at 10:52