

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրական հաղորդագծերի անցկացման համար Արփունք բնակավայրում որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ:
«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V., FRV) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը: Նախատեսվող գործունեության ձեռնարկող կազմակերպությունը «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն է: 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական ներդրումն իրականացնում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ):
Արփունք բնակավայրը, որը գտնվում էր Գեղամասար խոշորացված համայնքի կազմում, 2021թ. ընդգրկվեց Վարդենիս խոշորացված համայնքի կազմում: «Մասրիկ-1» ծրագրի իրականացման համար Արփունքից բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված հողերի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են վարչական կենտրոնին, և արփունքցիները դրանց մասին տեղյակ չեն:
Արփունք բնակավայրի վարչական ղեկավար Մայիս Դանիելյանը նշեց. «Թե՛ ներկայում, թե՛ նախկինում բնակավայրը գտնվել է խոշորացված համայնքների կազմում և ամբողջ թղթաբանությունն իրականացվել է խոշորոցված համայնքի ներկայացուցիչների կողմից»: Վարչական ղեկավարի օգնականը հավելեց. «Թղթաբանությամբ կենտրոնն է զբաղվում, համայնքը խոշորացված էր Գեղամասարի մեջ, դրա համար շատ բաներից մենք էլ տեղյակ չենք»:
Թե որքան տարածք է տրվել կայանի հենասյուների համար վարձակալության նպատակով՝ Արփունքում հստակ չգիտեն: Հարցին, թե ներկայում ընկերությունը «Մասրիկ-1» ծրագրի դիմաց բնակավայրին որևէ աջակցություն ցուցաբերո՞ւմ է, Մայիս Դանիելյանն արձագանքեց. «Առայժմ ոչինչ չկա, հետագայում կլինի, թե՝ ոչ, չգիտեմ»:
ՀՀ կառավարությունը 2020թ. մայիսի 14-ի N 742-Ն «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվեց Գեղարքունիքի մարզի Գեղամասարի (խմբ.՝ ներկայում Վարդենիս խոշորացված համայնք) համայնքի Արփունք բնակավայրում գտնվող բնակիչների ընդհանուր 0,013778 հեկտար սեփականության իրավունքով պատկանող վարելահողերի նկատմամբ:
Նախկինում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքների վարձակալության գործընթացն այնքան էլ հարթ չի գնացել: ԷկոԼուրի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ ի սկզբանե համաձայն չի եղել իր կողմից օգտագործվող հողատարածքներն ընկերությանը տրամադրել: «Իմ հողը 5000 հեկտար է, վարձակալված հող է: 2-3 հատ վիշկա (խմբ.՝ հենասյուն) պետք է տեղադրվի: Շատ գնացին, եկան: Ասացի, որ չտամ՝ ի՞նչ պետք է անեք: Թե՝ մի որոշումով կմտնեմ կառավարություն, առանց քո իմանալու, կբերեմ էդ վիշկան կդնեմ էդտեղ, էդ էլ չես ստանա: Էդ խոսքն ասեցին, դրա համար համաձայնվեցի», - ասաց բնակիչը:
Վերջինիս ընտանիքը կայանի կառուցումը ձեռնարկող «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի հետ 2020թ. հունվարին 20 տարի ժամկետով «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի կապակցությամբ փոխհատուցման և օժանդակության մասին համաձայնագիր է կնքել: Ըստ համաձայնագրի՝ ընկերությունը որպես փոխհատուցում միանվագ տրամադրել է 324 հազար 152 դրամ՝ մշակաբույսերի և վարձակալական իրավունքի դադարեցման դիմաց: Իսկ վարձակալության իրավունքի դադարեցման դիմաց տարեկան օժանդակության գումարը սահմանվել է 112 հազար 500 դրամ: Ըստ բնակչի՝ ընկերությունն այդ գումարը պարտաճանաչ կերպով վճարում է:
Մեկ այլ բնակիչ էլ, ով իրեն վարձակալական հիմունքներով պատկանող հողատարածքն է վարձակալության տվել «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ»-ին, նշեց. «Վարձակալությամբ եմ տվել, որովհետև էդ հողն ինձ, միևնույն է, պետք չէր, գոնե դրած սյունը փողա տալիս… Ինձ չի խանգարում սյունի կողքին աշխատելը, արևայինը որտեղ դնում են, թող նրանք բողոքեն, ճառագայթումա, բան...»:
ԷկոԼուրը տեղի բնակիչներից և վարչական ղեկավարից ճշտեց, թե տեղյա՞կ են եղել «Մասրիկ-1» ծրագրի ռիսկերի (օրինակ՝ էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության մասին) մասին և արդյոք ներկայացվել են դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների պլան: Տեղի բնակիչներն ասացին, որ նման հարցեր չեն բարձրացվել:
Նշենք, որ «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն կայանի կառուցումը պետք է ավարտին հասցներ 2022թ. հուլիսի 1-ին, սակայն ըստ ընկերության ներկայացրած հանգամանքները՝ COVID-19 համավարակն ու պատերազմական գործողությունները, խոչընդոտել են աշխատանքները սահմանված ժամկետում կատարելուն: Արևային կայանի կառուցման վերջնաժամկետը սահմանվել է 2023թ. սեպտեմբերի 1-ը:
Դեկտեմբեր 26, 2022 at 17:50