Էներգետիկան կլիմայի փոփոխության համատեքստում․ «Էկոլուր»-ի նոր զեկույցը

Էներգետիկան կլիմայի փոփոխության համատեքստում․ «Էկոլուր»-ի նոր զեկույցը

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից մշակվել է ««Էներգետիկա» ոլորտը կլիմայի փոփոխության համատեքստում՝ արտացոլված ՀԳԸՀ-ում և ՀՀ կլիմայական քաղաքականությունում» զեկույցը։ Զեկույցը պատրաստվել է «Էներգետիկ պարադիգմի փոփոխություն. Հարավային Կովկասի երկրներում կանաչ անցման նոր մարտահրավերների և խնդիրների հասցեագրում» ծրագրի շրջանակներում՝ Brot für die Welt բողոքական զարգացման ծառայության աջակցությամբ:

Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել է «էներգետիկա» ոլորտը կլիմայի փոփոխության համատեքստում, որն արտացոլված է ՀՀ և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ/CEPA) և ՀՀ կլիմայական քաղաքականությունում։

Մասնավորապես, ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 130-րդ միջոցառման շրջանակներում նախատեսվում է կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության հայեցակարգի ու ազգային գործողությունների ծրագիր մշակել, որն ուղղված կլինի գյուղատնտեսական, տնտեսական և կլիմայի վրա հնարավոր ազդեցություն ունեցող այլ ոլորտներում կլիմայական փոփոխությունների մեղմացման, նվազեցման և կանխարգելման պահանջներին և միջոցառումներին համահունչ գործունեության պլանավորմանն ու իրականացմանը։

Այդ միջոցառման շրջանակներում Էներգետիկ ոլորտի համար վերջին տարիներին ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր։ Մասնավորապես՝ 2021թ․ ընդունվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշումը։ Որոշման միջոցառումների ծրագրով նախատեսված էր մշակել «Էներեգետիկա» ոլորտի հարմարվողականության ծրագիր, սակայն ծրագիրը չի ընդունվել։ Որոշվել է այն ներառել ոլորտային ռազմավարության մեջ։ 2022թ․ ընդունվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշումը։ 2023թ․ ընդունվել է «ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը (մինչև 2050 թվական) հաստատելու մասին» կառավարության որոշումը։ 

Զեկույցում նշվում է, որ էներգետիկան Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուրն է՝ կազմելով շուրջ 64%։ ՀՀ Ազգային սահմանված գործողությունների (ԱՍԳ) համաձայն՝ մինչև 2030թ․ նախատեսվում է կրկնապատկել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգետիկ հաշվեկշռում։

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը ծրագրվում է իրականացնել նոր վերականգնվող և միջուկային հզորությունների ներդրման միջոցով։

Ըստ «ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության՝ նախատեսվում է․ 

- արևային էներգիայի հզորությունը մինչև 2050թ․ ավելացնել 1500 ՄՎտ-ով, ինչի արդյունքում 2023-2050թթ. ընթացքում ջերմոցային գազերը կկրճատվեն շուրջ 26 հազար ԳգCO₂ համ. չափով

- ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի 2036թ-ից գործարկումը հնարավորություն կտա մինչև 2050թ․ նվազեցնել արտանետումները 3675 ԳգCO₂ համ. չափով

- հողմային էլեկտրակայանների հզորությունը մինչև 2040թ. հասցնել 500 ՄՎտ-ի, ինչի զարգացմամբ 2031-2050թթ․ ջերմոցային գազերի արտանետումները կնվազեն 10,360 ԳգCO₂ համ. չափով

- փոքր հիդրոէլեկտրակայանների հզորությունը մինչև 2040թ. հասցնել 430 ՄՎտ-ի։ 2040-2050թթ. ընթացքում 241 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ևս երեք ՀԷԿ-երի շինարարության արդյունքում 2031-2050 թթ․ հիդրոէլեկտրաէներգիայի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումները կնվազեն 2425 ԳգCO2 համ. չափով։

Բացի դրանից, ենթադրվում է նաև բնական գազի փախուստային արտանետումների էական կրճատում՝ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում վերականգնվող աղբյուրների մեծացման հաշվին։ Փախուստային արտանետումների արժեքները 2050թ․ կնվազեն երեք սցենարներով։ Առանց միջոցառումների սցենարով` 6567 ԳգCO2 համ., միջոցառումների սցենարով` 1563 ԳգCO2 համ., իսկ լրացուցիչ միջոցառումների սցենարով՝ 980 ԳգCO2 համ.:

Օգոստոս 28, 2025 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր