

Երևանի և մարզերի 26 համայնքների 60 բնակավայրում 2017-2026թթ․ ջերմաարդիկանացվել է 477 շենք, որից՝ 209-ը բազմաբնակարան և 268-ը համայնքապատկան։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի արդյունքում այս շենքերում էներգաարդյունավետությունը բարելավվել է 20-60%-ով, բարելավվել են 600,000 մարդու կենսապայմաններ, ածխաթթու գազի (CO₂) տարեկան արտանետումները կրճատվել են 32,000 տոննայով կամ 640,000 տոննայով 20 տարվա կենսափուլի հաշվարկով։ Այս մասին ներկայացվեց 2026թ․ ապրիլի 14-ին ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (GCF) աջակցությամբ։ Կլիմայի կանաչ հիմնադրամը տրամադրել է 17.4 միլիոն դոլար դրամաշնորհ, ներգրավվել է ևս 64.8 միլիոն դոլար համաֆինանսավորման միջոց։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Որպես էներգետիկ անվտանգության և անկախության ձգտող երկիր՝ մեզ համար չափազանց կարևոր է շենքերի էներգաարդյուանվետության իրականացումը դիմակայունության բարձրացման համար։ Ծրագիրը մեզ տվեց հնարավորություն զարգացնել մեր ինստիտուցիոնալ կարողությունները, ամուր հիմքերի վրա դրանք դնել։ Ծրագիրը նաև ստեղծեց գործընկերների կայուն ցանց, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են շարունակել այս աշխատանքը»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Առնակ Ավետիսյանը նշեց․ «Մենք սա համարում ենք մեր ամենահաջողված ծրագրերից և կարևորում նրա դերը հատկապես բնակչության էներգաարդյունավետության վարքագծի փոփոխության առումով։ Էներգիաարդյունավետության մտածողության փոփոխության առումով, վստահ եմ, ծրագիրը կարևոր նշանակություն է ունեցել մեր բոլորի համար։ Ծրագրի ամենակարևոր արդյունքն այս մոդելի փորձարկումը, ներդրումը և հաջող կիրառումն է, քանի որ բազմաշերտ համագործակցության հաջողված օրինակ է։ Ծրագրի շուրջ այս ամփոփոիչ քննարկումները մեզ ևս մեկ անգամ առիթ կտան մտածելու ծրագրի տված և ամրագրված արդյունքները շարունակական և ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ»։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին Էկոլուրի հետ զրույցում նշեց․ «Սա ՄԱԶԾ-Կանաչ կլիմայի հիմնադրամ համագործակցության առաջատար ծրագիր է, որը հասցեագրել է Հայաստանի երեք փոխկապակցված առաջնահերթությունները՝ էներգետիկ անվտանգություն, էներգիայի մատչելիության խնդիրը տնային տնտեսությունների համար և Հայաստանի կլիմայի փոփոխությանն առնչվող պարտավորություններ։

Շատ կարևոր է շարունակել նման համագործակցությունը՝ գուցե ոչ հենց այս ծրագրի շրջանակում, բայց դրա նման նախաձեռնություններով։ Այս ծրագիրը հիմք դրեց այս երկրում էներգաարդյունավետության շատ հավակնոտ օրակարգի ձևավորմանը։ Կարևոր է, որ այս ծրագրի ստեղծած թափը պահպանվի, և էներգաարդյունավետության օրակարգը շարունակի մնալ առաջնահերթ»։
Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է շատ պատասխանատու դիրքորոշում իր կլիմայական պարտավորությունների հարցում։ «Երկրում Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը ևս մեկ օրինակ է այն առաջնորդության, որը Հայաստանը ցուցաբերում է միջազգային հարթակում՝ խթանելով կենսաբազմազանության պահպանությունը, որը սերտորեն կապված է կլիմայական գործողությունների հետ։ Հայաստանը միշտ ապացուցել է, որ պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, և որ միջազգային հանրությունը կարող է ապավինել Հայաստանին գլոբալ օրակարգի առաջխաղացման գործում»։
Նրա խոսքով՝ էներգաարդյունավետությունն արդեն ոչ միայն ՀՀ կառավարության օրակարգն է, այլև՝ ազգային օրակարգ։ «Եվ սա ամենակարևոր դասն է, որը Հայաստանը կարող է փոխանցել այլ համայնքներին․ ինչպես կլիմայական միջամտությունները, որոնք բերում են կոնկրետ արդյունք, կարող են խթանել ավելի լայն գործողություններ և ձևավորել ավելի մեծ պահանջարկ»։
Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ երկրի ռազմավարական տեսլականն անցումն է դեպի ցածր ածխածնային, կլիմայական դիմակայուն և ներառական տնտեսություն։ Ըստ նրա՝ վերջին տարիներին նպատակային կերպով ամրապնդվել է իրավական և կարգավորող հենքը, ինչը հնարավորություն է տալիս իրական դարձնել այդ անցումը, որտեղ էներգաարդյունավետությունը կարևոր դեր ունի։

Ռուզաննա Գրիգորյանը շեշտեց, որ էներգաարդյունավետությունը միայն տեխնիկական լուծում չէ, այլ որոշումների համակարգ է, որը միաժամանակ նպաստում է արտանետումների կրճատմանը, օդի որակի բարելավմանը և բնական ռեսուրսների պահպանությանը՝ ծառայելով նաև սոցիալական և տնտեսական նպատակներին։
«Առաջիկայում շարունակելու ենք կանաչ անցման նախաձեռնությունների առաջմղմանն ուղղված բարեփոխումները, ինչը կօգնի ընդլայնել ներդրումային հնարավորությունները և ապահովել էներգաարդյունավետ լուծումների լայն կիրառումը երկրում», - ասաց նա։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանն Էկոլուրի հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացվել է չորս հիմնական ուղղություններով և նպաստել է անցմանը պիլոտային ծրագրերից դեպի ավելի մասշտաբային նախաձեռնություններ։ «Մենք ոչ միայն ցույց ենք տալիս ջերմամեկուսացման տեխնոլոգիաների արդյունավետությունը, այլ նաև ներկայացնում ենք կենսունակ ֆինանսական և բիզնես մոդելներ, ինչպես նաև կազմակերպչական խնդիրների լուծման ուղիներ», - նշեց նա։

Նա ընդգծեց, որ կլիմայի փոփոխության բաղադրիչը ծրագրի առանցքային մասերից է․ «Ծրագիրը ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից և ուղղված է շենքերից ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը»։ Վահրամ Ջալալյանի խոսքով՝ նույնիսկ ծրագրի ավարտից հետո այդ շենքերը շարունակելու են նվազեցնել արտանետումները։ Ծրագրի դրական փորձի և մշակված մոդելների հիման վրա հնարավոր է հետագայում մասշտաբավորել արդյունքները և մշակել նոր թիրախային ծրագրեր նույն ոլորտում։

Ծրագրի շինարար-ինժեներ Անդրե Օհանյանի խոսքով՝ համայնքապատկան շենքերը ներառել են մանկապարտեզներ, մշակույթի տներ, արվեստի դպրոցներ և այլ հասարակական շենքեր։

Բազմաբնակարան շենքերում կիրառվել է երկու մոտեցում՝ մասնակի և ամբողջական ջերմամեկուսացում։ «Մասնակիի դեպքում իրականացվել է տանիքների ջերմամեկուսացում կամ դռների և պատուհանների փոխարինում, իսկ ամբողջական տարբերակում՝ նաև արտաքին պատերի մեկուսացում», - նշեց նա։
Համայնքապատկան շենքերում իրականացվել են տարբեր միջոցառումներ՝ պատերի և տանիքների ջերմամեկուսացում, դռների և պատուհանների փոխարինում, LED լուսավորության տեղադրում, ջեռուցման համակարգերի արդիականացում, ինչպես նաև արևային ֆոտովոլտային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրում։
Անդրե Օհանյանի գնահատմամբ՝ ծրագրի արդյունքում համայնքներում ձևավորվել է զգալի գիտելիքի և փորձի բազա։ «Խնայողությունները շոշափելի են եղել՝ թե՛ էներգակիրների սպառման, թե՛ համայնքային բյուջեի վրա ազդեցության առումով», - հավելեց նա։

Լուսանկարները՝ ՄԱԶԾ-ի
Ապրիլ 15, 2026 at 16:11
