

Հայաստանի Ազգային ժողովն օգոստոսի 25-ին ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։
Ծրագրով երկրի էներգետիկ համակարգում Կառավարության բարեփոխումների թիրախն էներգետիկ անվտանգության ապահովումն է և կայուն ու մրցունակ էներգետիկ համակարգի ստեղծումը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ունի Հայաստանը ինտեգրել տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքներին և շուկաներին:
Փաստաթղթում նշված է, որ դիվերսիֆիկացվելու են էներգիայի աղբյուրները՝ զարգացնելով ատոմային, գազային, հիդրո, արևային և այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները՝ ներառյալ կանաչ ջրածնի ներուժը։ Մեկնարկելու է Հայաստանի էներգետիկ վերափոխումը։
Այս ուղղությամբ գերակա անելիքներն են՝
1) Իրականացվելու են էլեկտրաէներգետիկական համակարգի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ նպաստելով էներգետիկ ոլորտի դիմակայունությանը, շուկայի ազատականացմանն ու մրցակցության բարձրացմանը:
2) Զարգացվելու է վերականգնվող էներգետիկան՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ:
3) Էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունն ապահովելու նպատակով ներդրվելու են ժամանակակից պահեստավորման կայաններ՝ մինչև 2031 թվականը կուտակիչ կայանների առնվազն 800 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:
4) Իրականացվելու են էներգաարդյունավետության ծրագրեր՝ ուղղված սպառման նվազեցմանը և արդյունավետության բարձրացմանը կենցաղային, արդյունաբերական ու կոմերցիոն ոլորտներում, այդ թվում՝ շենքերի և քաղաքաշինական ստանդարտների բարելավմամբ:
5) Ամբողջական իրականացվելու է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը:
6) Մեկնարկելու է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը:
7) Տարածաշրջանային էներգետիկ ցանցերին ինտեգրման նպատակով իրականացվելու է տեղական ցանցերի արդիականացում՝ ներմուծման, արտահանման, ներքին վաճառքի և տարանցման հնարավորությունների ընդլայնմամբ: Շահագործման է հանձնվելու Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա օդային գծի և «Նորավան» 400/220/20 կՎ լարման ենթակայանը: Մեկնարկելու են Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի և 400 կՎ լարման «Այրում» ու «Դդմաշեն» ենթակայանների կառուցման աշխատանքները:
8) Խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:
Շարունակելի
Օգոստոս 27, 2026 at 16:43
