Ալավերդու պղնձաձուլարանը կանգնած է. աղտոտվածությունը շարունակվում է

Ալավերդու պղնձաձուլարանը կանգնած է. աղտոտվածությունը շարունակվում է

ԷկոԼուր

Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ դադարել է գործել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Սակայն շրջակա միջավայրում շարունակվում են կուտակվել գործարանի տոքսիկ արտանետումները:

2018-2019 թթ. չեխական «Արնիկա» կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացրել է հողի, սննդամթերքի և կենսանմուշների հետազոտություններ ծանր մետաղների և տոքսիկ նյութերի պարունակությունը որոշելու նպատակով:

Հետազոտություններն իրականացվել են Ալավերդի, Ախթալա, Աքորի, Մեծ Այրում, Ճոճկան, Հաղպատ բնակավայրերում, որոնք գտնվում են Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի ազդեցության տակ:

«Արնիկա» կազմակերպության տնօրեն Յինդրիխ Պետրլիկը և շրջակա միջավայրի և առողջության ռիսկերի գնահատման փորձագետ, դոկտոր Միրոսլավ Շուտան իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացրեցին Երևանում և Ալավերդի և Ախթալա համայնքների այն բնակավայրերում, որտեղ կատարվել է նմուշառում:


Այսպես, տնամերձ հողամասերում պահվող հավերի ձվերն աղտոտված են դիօքսիններով և պոլիքլորացված դիֆենիլներով: Ընդ որում, հայտնաբերված դիօքսիների և դիֆենիլների քանակները 2,5-8 անգամ գերազանցում են Եվրամիության և 1,5-5 անգամ Հայաստանի ստանդարտները:




2019 թ. հողի մեջ հայտնաբերված մկնդեղի կոնցենտրացիաները երեք անգամ գերազանցել են 2018 թ. հայտնաբերված կոնցենտրացիաները:



Մկնդեղ

Մկնդեղի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Ճոճկանում՝ 146,8 մգ/կգ: Հայաստանի կողմից ամրագրված ստանդարտների համաձայն, հողի մեջ մկնդեղի պարունակության սահմանային թույլատրելի նորման սահմանված է 2 մգ/կգ:

Կապար

Կապարի ամենաբարձր կոնցենտրացիա է գրանցվել Ախթալա համայնքում՝ 173,47 մգ/կգ: Մինչդեռ հայկական ստանդարտով սահմանված է 32 մգ/կգ:

Կադմիում

Կադմիումի ամենաբարձր կոնցենտրացիան գրանցվել է Ախթալա համայնքում`12,9 մգ/կգ:

Նիկել

Նիկելի ամենաբարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Աքորի գյուղում` կազմելով 16,31 մգ/կգ:

Սննդամթերքի վերցված նմուշներից սնդիկի և կապարի (0,22 մգ/կգ) ամենից մեծ կոնցենտրացիա հայտնաբերվել է փիփերթի և ռեհանի մեջ: Աքորիում մեկ տնամերձ հողամասում բնակվող մարդանց մազերի մեջ հայտնաբերվել է սնդիկի (0.65 մգ/կգ) բարձր կոնցենտրացիա:

Չեխ մասնագետները հայտնեցին, որ հետազոտությունների արդյունքները վկայում են առողջության համար բարձր ռիսկերի մասին:

Երևանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության գնդապետ Կարապետ Կարապետյանը նշեց, որ մկնդեղի բարձր կոնցենտրացիան կարող է պայմանավորված լինել Ալավերդի համայնքին հարակից Մադանի գերեզմանոցով, որտեղ պարունակվում է մոտ 50 հազար տոննա մկնդեղ: Սակայն, նշենք, որ մկնդեղի ամենաբարձր պարունակությւոնը հայտնաբերվել է Ճոճկանում, որը գտնվում է Ալավերդի համայնքից բավական հեռավորության վրա:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարեց, որ նախարարության կողմից մշակվում է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատման մեթոդաբանություն, ինչի համար նախարարությունը դիմել է Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը:  

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Սեդա Հակոբյանը նշեց, որ տեղի է ունեցել քննարկում` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության մասնակցությամբ: «Ներկայացվեց գործարանի հետագա ծրագիրը, կարծիքներ փոխանակեցին: Քննարկման արդյունքում որոշվեց, որ չեն շարունակի ներկայացված ծրագրով իրենց աշխատանքը»,-նշեց Սեդա Հակոբյանը:

Հանդիպումների ընթացքում ներկայացվեց նաև «ԷկոԼուրի» կողմից պատրաստված «Քիմիական աղտոտվածությունը` բնակչության դամոկլյան սուր» տեսահոլովակը:

 



Դեկտեմբեր 10, 2019 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր