ԷկոԼուր
Շարունակվում են ԷկոԼուրի «Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմի ցուցադրությունները: Հերթական դիտումը տեղի ունցավ սույն թվականի հոկտեմբերի 24-ին Էկոլաբ ծրագրի մասնակիցների հետ www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանի հանդիպման ժամանակ:
Նախքան ֆիլմի դիտումը Վիկտորյա Բուռնազյանը Էկոլաբի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի բնապահպանական խնդիրները՝ կապված բնական պաշարների գերշահագործման, ջրային ռեսուրսների աղտոտման և հյուծման, Սևանա լճի, անտառային հատումների, բիզնեսի անբարեխիղճ գործունեության հետ, միջազգային ֆինանսական կառույցների գործունեությունը և նրանց ֆինանսավորած այն ծրագրերը, որոնք առաջացրել են ազդակիր համայնքների դժգոհությունը: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ մշակելու մարդկանց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների պլաններ: Մի խումբը մշակեց գործողությունների պլան, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի փոքր ՀԷԿ-ի գործունեության արդյունքում գետը չջրազրկվի և համայնքները ոռոգման ջուր ունենան, մյուս խումբը մշակեց գործողությունների պլան, թե ինչ անել՝ թույլ չտալու համայնքի տարածքում նոր պոչամբարի կառուցումը:
Այնուհետև Էկոլաբի մասնակիցները դիտեցին «Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմը, որի միջոցով ծանոթացան, թե ինչպես են Հայաստանի Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի էկոլոգիական թեժ կետերում մարդիկ պայքարում հանուն իրենց իրավունքների:
ԷկոԼաբը կարողությունների զարգացման ծրագիր է Հայաստանում բնակվող երիտասարդների համար: Այն խթանում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը՝ կրթելով առաջադեմ և սոցիալապես պատասխանատու երիտասարդների, ովքեր ներդնում են իրենց ժամանակն ու ջանքերը իրենց համայնքների խնդրիների լուծման մեջ: ԷկոԼաբ ծրագիրն իրականացվում է ԷկոԼաբ հիմնադրամի կողմից՝ Թեոդոր Հոյսի անվան կոլեգիայի հետ համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Հոկտեմբեր 31, 2016 at 19:28