Աղբահանությունը Աղձքում

Աղբահանությունը Աղձքում

Անի Ավետիսյան՝ Էկոլուրի կամավոր

Ամեն օր աշխատանքի գնալիս Արագածոտնի մարզի Աղձք բնակավայրի բնակիչներն իրենց հետ անհրաժեշտ պարագաներից բացի վերցնում են նաև մեկ տոպրակ աղբ։

«Մեր հարևաններն օրվա աղբն իրենց հետ տանում են մարզկենտրոն Աշտարակ, որ աղբամանում լցնեն։ Գյուղում աղբամաններ չկան, բայց փոխարենն աղբը գզզող շներն են շատ»,- ասում է Աղձքի բնակիչը։

Աղբատար մեքենան թեպետ Աղձք շաբաթական երկու անգամ է մտնում, բայց աղբահանություն ամեն տնից շաբաթը 1 անգամ է արվում։  Բնակիչների մի մասը գերադասում է՝ ինքը աղբը տանի Աշտարակ, քան սպասի աղբատարին, քանի որ հատկապես ամռանն աղբը շաբաթով պահելն անհնար է։

«Աղձքում աղբահանությունն իրականացվում է շաբաթը երկու անգամ տարբեր հատվածներում։ Մի ռեյսով չեմ հասցնի ամբողջ գյուղինը տանել։ Մի մասը չորեքշաբթի եմ հավաքում, մյուսը՝ հինգշաբթի» ,- ասում է աղբատարի վարորդ Գրիգորը։

Աղձքի բնակիչներն այս պայմանից էլ են գոհ, քանի որ տարիներ առաջ անգամ սա չունեին: «Նախկինում «Գյոլ» կոչվող ճահճուտում էինք թափում և՛ շինաղբը, և՛ կենցաղայինը, իսկ Ներքին թաղի բնակիչները գյուղի տակ էին թափում, որն արդեն փակել են»,- ասաց Աղձքի բնակիչը։

Ներկայում աղբը «էկո կենտրոն» ՍՊԸ-ն տեղափոխում է Սասունիկ բնակավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայր։

Աղբահանության պատասխանատու Աշտարակ համայնքի Կոմունալ ծառայությունների ՀՈԱԿ-ի տրամադրած տվյալներով ներկա պահին աղբահանություն համայնքում իրականցվում է 28 բնակավայրում, օգտվում է 55724 բնակիչ։

«Նախկինում Սասունիկ գյուղի մոտակայքում մի մեծ փոս կար՝ բոլորը 90-ականներից էդտեղ էին թափում աղբը։ Բնակիչները բողոքում էին՝ աղբավայրը ծխում էր։ Մենք փակեցինք աղբավայրը, և առաջ եկավ մի այլ խնդիր՝ որտեղ թափել աղբը։ Գտանք նորմերին համապատասխան տեղանք՝ փակված հանք, որն ունի կավային, ավազակավային ընդերք, և կառուցվեց աղբավայրը, որը լիցենզավորված է,- ասում է աղբավայրի հիմնադիր-խորհրդատու՝ Սամվել Սարիբեկյանը,- Աղբավայրում կա տեխնիկա, բայց իդեալական չէ, որը մեծ խնդիր է առաջացնում։ Աղբը պետք է տրորել հատուկ տեխնիկայով։ Երբ աղբը բեռնաթափում են, մենք այն տարածում ենք, թողնում, որ գոլորշին դուրս գա, որ գազեր չառաջանան, և մթնոլորտն էլ ավելի չաղտոտվի, որից հետո ծանր տեխնիկայով տրորում ու հող ենք լցնում վրան»։



Հունիս 28, 2024 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր