Դալմայի այգիների ոչնչացման գործով Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի քաղաքապետին

Դալմայի այգիների ոչնչացման գործով Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի քաղաքապետին

ԷկոԼուր

«Երևանի Դալմայի այգիների շարունակական զավթման վերաբերյալ» Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Գործը քննվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախաձեռնությամբ` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ:

Բնապահպանական հանրային դատարանը` Նազելի Վարդանյան (էկոլոգ-իրավաբան), Ինգա Զարաֆյան («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ), Հրանուշ Խառատյան (հրապարակախոս, ազգագրագետ), Թեհմինե Ենոքյան (լրագրող) կազմով, վճռեց.

«1. Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Երևանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի և պատմամշակութային օբյեկտների ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, խախտել են Երևանի բնակիչների էկոլոգիական, ինչպես նաև Դալմայի այգիների հողօգտագործողների իրավունքները, ինչի արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական, մշակութային և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ արդարադատության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին:

2. Դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով.

ա/ Ստուգել` Դալմայի այգիների հողերի քարտեզագրման, կադաստրային գրանցումների, կարգավիճակի և կատեգորիայի փոփոխման, հողերի հատկացման, օտարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրինականությունը:

բ/ Պարզել, թե ինչ տարածք է զբաղեցրել Դալմայի այգին 1991թ. դրությամբ և ինչ տարածք է զբաղեցնում այն ներկայում, ստուգելով բոլոր հողհատկացումների, հողերի օտարման և օգտագործման տրամադրման, քարտեզագրման օրինականությունը:

գ/ Ստուգել 2001թ. Դալմայի այգիները պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու հիմքերը և դրանց օրինականությունը:

դ/ Ստուգել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 31-ի «Տարածքների գոտիավորման և հողերի նպատակային նշանակության փոփոխության մասին» հ. 397-Ա որոշմամբ Երևանի Աթենքի, Լենինգրադյան, Սեբաստիա փողոցների և Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքների գոտիավորման սխեմայի և դրան համապատասխան նշված հողերի նպատակային նշանակությունների փոփոխման օրինականությունը:

ե/ Ստուգել ՀՀ կառավարության 11.01.2018թ. հ. 5-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի, առանց մրցույթի «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին հողի հատկացման և կառուցապատման իրավունքի տրամադրման, հողօգտագործման իրավունքի գրավադրման, ներկայացված ծրագիրը ներդրումային համարելու օրինականությունը:

զ/ Ստուգել ՀՀ կառավարության 22.03.2018թ. հ. 308–Ա ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին որոշմամբ 6,57 հեկտար մակերեսով, 457272 հազ. դրամ կադաստրային արժեքի ձևավորման և հողամասը ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելու օրինականությունը:

է/ Ստուգել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 09.01.2019թ. /01.09.2019թ./ հ. ԲՓ-01 փորձաքննական դրական եզրակացության տրամադրման օրինականությունը:

ը/ Ստուգել «Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում նախատեսվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության» 22.02.2019թ. հ. ԲՓ-07 փորձաքննական դրական եզրակացության տրամադրման օրինականությունը:

թ/ Ստուգել «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված հետևյալ նախագծերի օրինականությունը, դրանց համապատասխանությունը Երևանի գլխավոր հատակագծին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին.

Իսակովի պողոտայով, Լենինգրադյան և Աթենքի փողոցներով պարփակված տարածքների գոտիավորման և կառուցապատման նախագծի /2014թ./
Երևան քաղաքի համար քաղաքաշինական ծրագրերի մշակման աշխատանքների շրջանակում՝ Երևանի «Դալմայի այգիներ» անտառպուրակային պատմամշակութային համալիրի ստեղծման ծրագրի /2017թ./, ինչպես նաև «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպելու մասին» հ. 3762-Ա որոշման՝ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» ոլորտներին վերաբերող թեմաներում առաջարկվել է «Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի արևմտյան հատվածի կառուցապատման կարգավորման նախագծի և Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա նախագծային մայրուղուն հարող տարածքի «Պասկևիչի բլուրից հարավ» գոտևորման և կառուցապատման էսքիզային նախագծի օրինականությունը:

ժ/ Ստուգել Դալմայի այգու հողօգտագործողներին տրամադրված փոխհատուցումների համաչափությունը, հավասարաչափությունը, համարժեքությունը և դրանց աղբյուրները:

3. Դիմել ՀՀ քննչական կոմիտեին` պահանջելով.

ա/ Հարուցել քրեական գործեր` Դալմայի այգիների հողերի անօրինական քարտեզագրման, կարգավիճակի և կատեգորիայի փոփոխման, հողերի հատկացման, օտարման, էկոլոգիական փորձաքննության, հողօգտագործողների իրավունքների խախտման, պատմամշակութային արժեքների ոչնչացման, էկոլոգիական վնասի պատճառման մեջ մեղավոր անձանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավոր անձանց` վերականգնելով պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասը:

բ/ Հարուցել քրեական գործ` Դալմայի այգու քառասունից ավելի հուշարձանների /այդ թվում 5-հազարամյա ջրատար համակարգի /ջրանցքի/ ոչնչացման փաստի առթիվ:

4. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.

1. ա/ Մշակել ծրագիր` «Դալմայի այգիներ» բնապահպանական և պատմամշակութային համալիրը վերականգնելու, պահպանության հատուկ ռեժիմ սահմանելու, պահպանելու, հողօգտագործողների իրավունքները վերականգնելու, վնասները փոխհատուցելու վերաբերյալ:

բ/ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 27.03.2003թ. հ.1941-Ա և 11.01.2018թ. հ. 5-Ա, 22.03.2018 հ.308-Ա որոշումները և դրանց հիման վրա ընդունված բոլոր որոշումները` որպես ՀՀ օրենսդրությանը և միջազգային նորմերին հակասող որոշումներ:

գ) Ստեղծել «Դալմայի այգիներ» պատմամշակութային և բնապահպանական համալիր` վերականգնելով պատմամշակութային հուշարձանի` հատուկ պահպանվող օբյեկտի կարգավիճակը և սահմանելով պահպանության խիստ ռեժիմ:

դ) Փոխհատուցել` փոխհատուցում չստացած և/կամ թերի ստացած հողօգտագործողների վնասներն ու փոխհատուցման ենթակա համարժեք գումարները:

ե/ Փոխանցել Դալմայի այգիների 228,34 հա անտառային հողերը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռին:

զ/ Միջոցներ ձեռնարկել՝ կատարելու «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին», «Կլիմայի փոփոխության մասին», «Կենսաբազմազանության մասին», «Անապատացման դեմ պայքարի մասին» «Լանդշաֆտի մասին», «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաներով և այլ միջազգային պայամանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

2. Հանձնարարել.

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ

ա/ Ստուգումներ իրականացնել Դալմայի այգիներում` պարզելու ապօրինի անտառհատումները և ծառահատումները, անտառային և գյուղատնտեսական հողերի օտարման, օգտագործման և վարձակալության օրինականությունը, հողերի դեգրադացիան, հողերի հումուսային վերին շերտի պահպանման պայմանները, բույսերի և կենդանիների պահպանությունը, ջրային տարածքների պահպանությունն ու տարբեր բնույթի թափոններով աղտոտման կանխարգելմանն ուղղվածաշխատանքների իրականացումը:

բ/ Պարտավորեցնել Դալմայի այգիների նոր հողօգտագործողներին զերծ մնալ ցանկացած շինարարական աշխատանք կատարելուց մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր փորձաքննությունները:

գ/ Հրապարակել Դալմայի այգիներում ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները, շրջակա միջավայրին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ

ա/ Ստուգումներ իրականացնել Դալմայի այգիներում` պարզելու հողերի օտարման, օգտագործման և վարձակալության օրինականությունը, քաղաքաշինական նորմերի և տեխնիկական անվտանգության պատշաճ պահպանումը, տարածքի գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարման ճշտությունն ու օրինականությունը:

բ/ Հրապարակել Դալմայի այգիներում ստուգման փաթեթը, մասնավորապես, ստուգման ակտի պատճենը, կամ ամբողջական բովանդակությունը, իրավախախտման արձանագրությունը, ստուգման արդյունքում տրված հանձնարարականները, այլ գերատեսչություններին ներկայացված միջնորդագրերը կամ առաջարկությունները, պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասի հաշվարկները բոլոր բաղադրիչներով:

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ա/ Ներառել «Դալմայի այգիներ»-ը որպես մեկ ամբողջական հուշարձանախումբ ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում:

բ/ Ճշտել «Դալմայի այգիներ» հուշարձանախմբի յուրաքանչյուր հուշարձանի զբաղեցրած տարածքի սահմանները, քարտեզագրել այն, հաշվառել դրանք և տալ հաշվառման փաստաթղթեր /վկայագրեր/:

գ/ Մշակել և իրականացնել միջոցառումներ «Դալմայի այգիներ» հուշարձանախմբի պահպանության և հանրությանը հայտնի դարձնելու ուղղությամբ:

դ/ Իրականացնել Դալմայի այգիների տարածքում հնագիտական պեղումներ` նոր հուշարձանների բացահայտման նպատակով:

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ա/ Ուժը կորցրած ճանաչել 09.01.2019թ./01.09.18թ./ հ.ԲՓ-01 պետական փորձաքննական եզրակացությունը:

բ/ Ուժը կորցրած ճանաչել 22.02.2019. հ.ԲՓ-07 պետական փորձաքննական եզրակացությունը:

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ԻՆ

ա/ Ընդունել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռին Դալմայի այգիների 228,34 հա անտառային հողերը, գրանցել այն ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

բ/ Անտառապատել Դալմայի այգիների 228,34 հա տարածքը, իրականացնել այդ ծառերի խնամքն ու պահպանությունը:

գ/ Քարտեզագրել Դալմայի այգու անտառային հողերը և վերացնել դրանց վերաբերյալ կադաստրային տվյալներում տեղ գտած անճշտությունները ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ:

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ա/ Իրականացնել իրավական հսկողություն Երևանի քաղաքապետարանի գործունեության նկատմամբ` Դալմայի այգիների հողատարածքները օտարելու, վարձակալության հանձնելու վերաբերյալ որոշումների օրինականությունը ստուգելու նպատակով և միջոցներ ձեռնարկել անօրինական որոշումները ուժը կորցրած ճանաչելու համար:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ.

ա/ Ստուգել Դալմայի այգիների տարածքում կատարված կառույցների սեյսմակայունությունը, տեխնիկական անվտանգությունը, գրունտի ամրությունը, ստորգետնյա ջրերի առկայությունը, հոսքը և այլ տեխնիկական անվտանգության հանգամանքներ:

ՀՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

ա/ Վերացնել Դալմայի այգիների անտառային հողերի վերաբերյալ կադաստրային տվյալներում տեղ գտած անճշտությունները և կատարել պետական գրանցում:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

ա/ Ուժը կորցրած ճանաչել Երևանի ավագանու 13.01.18թ. հ.119-Ա և Երևանի քաղաքապետի 14.02.18թ. 470-Ա որոշումները:

բ/ Ուժը կորցրած ճանաչել Մոնթե Մելքոնյան փողոց հ.44, բնակելի հասարակական շենքերով թաղամասի թիվ 1-ից թիվ 6 բնակելի մասնաշենքերի կառուցման 20.08.2019թ. հ.01/18-67455 1001 և Մոնթե Մելքոնյան 31 հասցեում Արտադրական շինություններ-արտադրական օժանդակ շինության կառուցման 14.08.2019 հ. 01/18-Հ-401-116, Մոնթե Մելքոնյան փ. 31, Հասարակական շինություններ-հասարակական շինության կառուցում, 25.02.2019թ. հ.01/18-10293-156 շինարարական թույլտվությունները:

գ/ Կասեցնել բոլոր օբյեկտների շինարարությունը Դալմայի այգիներում:

դ/ Փոխանցել Դալմայի այգիների 228,34 հա անտառային հողերը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ»:

Վճռի ամբողջական տարբերակը՝ այստեղ:

Փետրվար 25, 2020 at 13:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր