Մայրաքաղաքում այս տարի 4000 նոր ծառ, 70-80 հազար թուփ և 300 հազար ծաղիկ կտնկվի

Մայրաքաղաքում այս տարի 4000 նոր ծառ, 70-80 հազար թուփ և 300 հազար ծաղիկ կտնկվի

Երևանում նախատեսվում է 4000 ծառի, 70-80 հազար թփի և 300 հազար ծաղկի տնկում: Կէտվի շուրջ 10 000 ծառ, կհատվի չոր և անկենսունակ 400 ծառ:

Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը «Արմենպրես» մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ այս տարի իրենց գնումներում էապես ավելացրել են այն ծառատեսակները, որոնք ծաղկման շրջանում առավել գեղեցիկ են:

Ծառերի տնկիների, թփերի, ծաղիկների մի մասը ՀՈԱԿ-ը կօգտագործի սեփական ջերմոցներից և տնկարաններից: «Մոտ 3.5 հա չափով տնկարանային տնտեսություն ենք զարգացրել: Ընդհանուր մոտ 25 հա տարածք ունի քաղաքապետարանը, որտեղ գտնվում են և՛ ջերմոցներ, և՛ տնկարաններ: Նախատեսում ենք 4-5 հա-ով տնկարանային մասը ավելացնել և մի քանի հազար ծառ ևս այնտեղ տնկել, որպեսզի մի քանի տարի հետո արդեն քաղաքային տնտեսությունը օգտվի այդ տնկարանից և մեր գնումների ծավալը նվազի, ունենանք ավելի էժան ու ավելի որակյալ տնկանյութ: Պլանավորում ենք մինչև 40-50 հազար տնկի ունենալ, որպեսզի Երևանի ամբողջ պահանջը բավարարենք»,- ասաց Արա Աղայանը: 

Անդրադառնալով Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժելուց հետո այդ տարածքներում կանաչապատման աշխատանքների իրականացմանը՝ Արա Աղայանը նշեց, որ քաղաքապետարանն այդ տարածքների տնտեսվարողների հետ գտնվում է դատական վեճերի մեջ և ներկայում որևէ աշխատանք հնարավոր չէ իրականացնել: «Ինչպես գիտենք, դատարանները շատ ծանրաբեռնված են և այդ վեճերը կարող են տարիներ տևել: Մինչև այդ վեճերի հանգուցալուծումը՝ քաղաքապետարանը չի կարող այդ տարածքներում մեծամասշտաբ կանաչապատում անել: Գուցե օրենսդրական փոփոխություն է պետք, որպեսզի այդպիսի գործերն արագացված կարգով քննվեն՝ 3-4 ամիսների ընթացքում, որպեսզի հանրային շահը չտուժի: Մեր կարծիքով ճիշտ չէ այդտեղ հատվածական լուծում տալ: Քանի որ այն Երևանի կարևորագույն օբյեկտներից է: Ցանկալի է ունենալ ամբողջ ազատ տարածք, միասնական պրոյեկտ կազմել և իրագործել, որպեսզի լինի մաքսիմալ գրագետ և գեղեցիկ միջավայր, այգի: Այս պահին ապամոնտաժված սրճարանների տարածքում կանաչապատման ծրագրված աշխատանք չունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով մայրաքաղաքի մի շարք պուրակներում նախատեսվող բարեկարգման աշխատանքների իրականացմանը՝ Աղայանը նշեց. «Աբովյանի անվան պուրակը պետք է այս տարի բարեկարգվի և կանաչապատվի, Սարյանի պուրակում անցակցվել է ոռոգման համակարգ, և որոշակի կանաչապատման աշխատանքներ կկատարվեն մեր կողմից: Մալաթիա-Սեբաստիա համայնքում որոշակի կանաչապատման աշխատանքներ կիրականացնենք, նախագծեր են մշակվում: Այնտեղ ևս գեղեցիկ ձևավորված այգի կունենանք: Այս տարի փորձարկելու ենք Սարալանջի հատվածի ոռոգման համակարգը: Ջրի խնդիրը լուծելուց հետո զուգահեռ կիրականցնենք հողային մեծամասշտաբ աշխատանքներ: Այդ աշխատանքներից հետո կկարողանանք խոսել կանաչապատման, ծառատունկի և թփերի տունկի մասին: Վերջնական նախագիծ չունենք: Նախնական դիտարկմամբ այստեղ կունենանք խառը անտառային տնկարկ՝ մի քանի տեսակ ծառերով ու թփերով, որոնք տարվա տարբեր եղանակներին կապահովեն գեղատեսիլ տեսարան քաղաքի բոլոր կետերից դիտելու համար: Ուշադրություն ենք դարձնելու փշատերևներին, սոճիներ ենք տնկելու: Դրանք էապես նպաստում են օդի մաքրմանը: Այդ հատվածի կանաչապատումը կարևոր է նրանով, որ քաղաքի կենտրոնը պաշտպանելու է փոշուց և մեքենաների արտանետումներից: Սարալանջում ներկայում ջրի ծավալի խնդիր կա: Հաղթանակի զբոսայգուն չի հերիքի, եթե ոռոգենք լանջերը: Նախաձեռնել ենք նոր մայր ոռոգման ջրագծի անցկացում մոտ 500 մ երկարությամբ: 

Մեր մասնագետները մշակում են նաև Ծիծեռնակաբերդի դիմացի լանջի 8 հա տարածքի լանդշաֆտային նախագիծը: Այնտեղ նույնպես նախատեսված է իրականացնել մեծածավալ կանաչապատման աշխատանքներ, նույնպես ոռոգման համակարգ է անցկանցված: Գարնանը կփորձենք: Արդյունավետության մեջ համոզվելուց և նախագծեր կազմելուց և հողային աշխատանքներ իրականացնելուց հետո կսկսենք ծառատունկն ու կանաչապատումը: Ինչ վերաբերում է Նուբարաշենի և Սիլիկյան թաղամասի անտառապաշտպան գոտիների ձևավորմանը, դրանք հետաձգվել են ֆինանսավորման բացակայության պատճառով: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին դրանով կզբաղվենք ու անտառային տնկարկներ կունենանք»,- ասաց Արա Աղայանը: 

Երևանում այս տարի նաև ոռոգման համակարգի անցկացման մեծածավալ աշխատանքներ են նախատեսված: Ըստ Արա Աղայանի՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում ընդհանուր կանցկացվի մոտ 30 կիլոմետր խողովակաշար: «Աշխատանքներ ենք տարել, որ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջին խողովակաշար անցկացվի, և այդ լանջերը մոտակա ամիսների ընթացքում կկանաչապատվեն, հետագայում նաև՝ ծառատունկ կիրականացվի»,- նշեց Արա Աղայանը: 

Ոռոգման ջրագծի կառուցում է նախատեսվում նաև Օղակաձև զբոսայգում: «Նախորդ տարի իրականացվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի շինարարության և բարեկարգման աշխատանքներ, որոնք գրեթե ավարտվել են: Մեր ՀՈԱԿ-ի կողմից պլանավորել ենք ոռոգման ջրագծի կառուցում և տեղադրում ժամանակակից ձևերով, նաև հետագայում կիրականացնենք այդ հատվածի կանաչապատում: Մի մասը կանենք գարնանը, մի մասը՝ աշնանը»,- նշեց Արա Աղայանը: 

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նաև տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներում նախատեսում են շաբաթօրյակ իրականացնել Հրազդանի կիրճում՝ տարածքը կուտակված աղբից մաքրելու նպատակով: Ըստ նրա՝ տեղում կիրականացնեն նաև աղբի տեսակավորում:



Մարտ 12, 2021 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր