

«Պարզվել է, որ Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսությունների մի քանի անտառպետությունների 10 պահաբաժիններում 2020թ. արձանագրվել են անտառախախտման բազմաթիվ դեպքեր, որոնցով արձանագրվել է տարբեր տեսակի և տրամագծերով ընդհանուր 4416 ապօրինի հատված ծառերի կոճղեր: Դրանց հետևանքով բուսական աշխարհին և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 182 միլիոն դրամի վնաս:
Նախնական քննությամբ, սակայն, հանցագործությունները բացահայտել չի հաջողվել, չեն պարզվել առերևույթ ապօրինի անտառահատումների կատարած անձինք, ինչով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված նշված գործերով կայացվել էին վարույթը կասեցնելու որոշումներ:
Գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, սակայն, որ մեծաքանակ ապօրինի ծառահատումները կարող են կատարված լինել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատախազները վերացրել են այդ որոշումները և կայացրել քրեական գործ հարուցելու որոշումներ, որոնցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Մարզի դատախազի կողմից նախաքննական մարմնին տրվել է ցուցում՝ նշված պաշտոնատար անձանց արարքներին հնարավորինս արագ քրեաիրավական գնահատական տալու համար իրականացնել պատշաճ քննություն՝ տալով համապատասխան առարկայական գործողություններ կատարելու հանձնարարություն:
Միաժամանակ, մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու, իսկ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մարտ 12, 2021 at 19:15
