

Լոռու մարզում անտառային տնտեսությունների անտառապետերի, անտառապահների ու ինժեներների՝ թվով 18 պաշտոնատար անձի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
Մեղադրանքներն առաջադրվել են ապօրինի ծառահատումների առնչությամբ 2021թ. ընթացքում հարուցված քրեական գործերով կատարված նախաքննության շրջանակներում:
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ պաշտոնատար անձինք, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում արձանագրել անտառխախտման դեպքերը, ստուգել բնափայտի մթերման, անասունների արածեցման, խոտհունձի և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք: Պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառահատում չկատարվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ: Արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 միլիոն դրամի չափով վնաս:
Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում գործերի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու, այդ թվում՝ բնությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։
Լոռու մարզի դատախազի կողմից իրավասու մարմնին ներկայացվում է իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելուն ուղղված միջնորդություններ։
Հունիս 04, 2021 at 12:56
