

«Ջրվեժ» անտառպարկում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհը մարվել է նույն օրը ուշ երեկոյան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից՝ այրվել է 3․5 հա անտառածածկ տարածք։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի մասին ահազանգն ստանալուն պես դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ի սկզբանե հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ: Դեպքի վայր էր մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։ Այնուհետև հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր «Թիվ 2» կանչի: Դեպքի վայր էին մեկնել ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։36-ին, մարվել՝ 22։39-ին, որից հետո հրշեջ-փրկարարների և անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Օգոստոս 11, 2021 at 15:28