«ՀԱՅԱՆՏԱՌԻ» ՏՆՕՐԵՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

«ՀԱՅԱՆՏԱՌԻ» ՏՆՕՐԵՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Քրիստինե Աղալարյան, Հետք

«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը

Էկոլոգները պնդում են, որ անտառային տարածքները նվազել են, Ձեր հաշվարկով` որքա՞ն է նվազել:


Անտառի որակական փոփոխություններ եղել են, բայց անտառային տարածքները չեն նվազել: Հիմա անտառային տարածքներն այնքան են, ինչքան 1988-ին: Մի քանի անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններն ընթացքի մեջ են, հուսով եմ, որ կավարտվեն 2011-ին: Այդ ժամանակ կարելի է հստակ թվեր նշել, թե անտառային տարածքն ինչքան է կազմում: Անտառային պաշարի իմաստով` 1988-ի եւ 2006-ի համեմատությամբ` հիմնականում Տավուշում եւ Լոռիում, անտառային պաշար չի նվազել, մակարդակը նույնն է` չնայած այս տարիների մեծ ծավալի օգտագործումներին: Անտառը նաեւ աճում է: Հատված տարածքներում բնական վերաճն ավելի արագ է ընթանում:

Ի՞նչ է անում «Հայանտառը» ապօրինի ծառահատումները կանխելու համար:


Անտառի օգտագործման կարեւորագույն խնդիրը ապօրինի ծառահատումներն են: Ես այն համոզմունքն ունեի, որ խորհրդային տարիներին ապօրինի ծառահատումներ չեն եղել, բայց երբ նայում ենք արխիվները, պարզվում է` այն ժամանակ էլ են եղել` հիմնականում համայնքների անտառամերձ տարածքներում:

Բնականաբար, 90-ականներից անտառահատումներն ավելի սաստկացան տարբեր` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով` էներգետիկ ճգնաժամը, Հայաստանի շրջափակումը եւ այլն: Եթե նայենք թվերը, սկսած 2003-ից` անտառօգտագործման ծավալներն անցնում են մոտ 1 մլն խմ-ից: «Հայանտառի» առաջնահերթ խնդիրը անտառների պահպանությունն է, թե որքանո՞վ է «Հայանտառը» կարողանում լուծել այդ խնդիրը` ներկայումս վերլուծություններ են կատարվում` ելնելով իր կարգավիճակից, խանգարող հանգամանքներից, անտառապահների, անտառային համակարգի աշխատողների աշխատավարձից եւ, ընդհանրապես, անտառների պահպանության հետ առնչվող այլ կառույցների մեջ իրավունքների եւ իրավասությունների բաշխումից:

Ներկայումս Համաշխարհային բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) աջակցությամբ Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրներում եւ Ռուսաստանում անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավման ծրագիր է իրականացվում: Սա ենթադրում է գործողությունների, վերլուծությունների ծրագիր, ապօրինի օգտագործումների հետ կապված խնդիրների վերհանում եւ լուծումների առաջարկում: Հիմնական խնդիրը հասարակությունն է, այսինքն` ապօրինի անտառահատումների, անտառօգտագործման վերաբերյալ լայն շերտերի իրազեկումը: Մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել, նամակներ ենք ուղարկել համայնքապետերին` բնակչությանն իրազեկելու ապօրինի հատումների արդյունքում բնությանը հասցրած վնասի փոխհատուցումների մասին: Եթե պայքարն այդքան հեշտ լիներ, շատ արագ կլուծվեր, հենց դրա համար է, որ միջազգային կառույցների կողմից կարեւորվում է այս խնդիրը:

Կարո՞ղ ենք խոստովանել, որ Հայաստանը չի կարող ապահովել իր անտառների «անվտանգությունը» եւ ի վիճակի չէ կանխել անտառահատումները:

Դա մի քիչ ծայրահեղ կարծիք է: Այս խնդիրը միայն հայաստանյան խնդիր չէ: Չկա անտառային որեւէ համագումար` աշխարհի կամ եվրոպական, որտեղ թիվ մեկ խնդիրը ապօրինի անտառահատման դեմ պայքարը չլինի: Այն երկրներում, որտեղ հիմնականը սոցիալական խնդիրն է, ուղեկցվող երեւույթ է ապօրինի անտառահատումը: Այս տարիներին ապօրինի հատումների ծավալը մի քանի անգամ պակասել է: 1994 թ. «Հայանտառի» ստուգումներով արձանագրվել է 454 233 ծառ, 95-ին` 232933: (Տես`2004-2009թթ. ապօրինի հատված ծառերի քանակի աղյուսակը (հատով))

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՉ 11 ԷՐ, ՈՉ 116, ԱՅԼ՝ 300
Էդվարդ Արզումանյան, Հրապարակ


Սեպտեմբերի 9-ին անտառային պետական մոնիտորինգի խումբը՝ լրագրողների, բնապահպանների հետ համատեղ ուսումնասիրություններ անցկացրեց Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի եւ Եղեգնուտի անտառպետություններում, որի մասին մենք օպերատիվ տեղեկացրել էինք: Մոնիտորինգի ընթացքում Գուգարքի անտառպետության տարածքում ուսումնասիրությունները կատարվել են «Լոռի» հանգստյան տանը հարող անտառային տարածքներում` հանգստյան տնից մոտ 3 կմ հեռավորության վրա: Ուսումնասիրությունների եւ դիտարկումների ժամանակ արձանագրվել են ապօրինի հատված ծառերի 88 հատ կոճղեր (փայտանյութը տեղափոխված էր), որից 57 հատը՝ հաճարենի, 25-ը՝ բոխի, 5-ը՝ տանձենի եւ 1-ը՝ ընկուզենի:

Շարունակելով դիտարկումները, «Սիսի-բերդ» անունը կրող հանդամասում հայտնաբերվել եւ արձանագրվել են ապօրինի հատված եւս 28 ծառի կոճղեր` բոլորը հաճարենի տեսակի: Սա այն դեպքում, երբ Գուգարքի անտառտնտեսության պետի վստահեցմամբ՝ հայտնաբերվել էին 11 հատված ծառեր: Ժամանակի սղության եւ համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով հնարավոր չէր հաշվել բոլոր ծառերը: Ի վերջո, մեզ տրամադրեցին հատված 116 ծառի թիվ: Սակայն այս ամենը եւս կասկածելի էր թե մեր եւ թե Թեղուտի պաշտպանության ակտիվիստների համար, քանի որ անտառահատումները մասշտաբային էին, եւ եթե 2 ժամում հայտնաբերվել էր 116 ծառ, ողջ անտառը շրջելու դեպքում դրանք կավելանային: Պարզվեց, մեր կասկածները ճիշտ էին:

Օգոստոսի 14-ին մեզ զանգահարեց անտառային պետական մոնիտորինգի տնօրեն Աշոտ Փափազյանը, որը պատմեց, թե իրականում քանի ծառ է հայտնաբերվել եւ մինչ այսօր ինչու չէին հրապարակվում. «Իրականում հայտնաբերվել է 300 ծառ, զեկուցվել է ղեկավարությանը, գործն ուղարկվել է եւ բնապահպանական տեսչություն, եւ դատախազություն»: Նրա տեղեկացմամբ, նույն օրը դիտարկում է իրականացվել նաեւ Վահագնիի անտառպետության տարածքում, ուսումնասիրություններն ընդգրկել են «Զամառլու» կոչվող կամրջից դեպի ձախ տանող ճանապարհով մինչեւ 9-10 կմ հեռավորության վրա գտնվող անտառային տարածքներ:

Ուսումնասիրությունների եւ դիտարկումների արդյունքում, ըստ Աշոտ Փափազյանի, արձանագրվել են «184 հատ ապօրինի հատումներ, որից 50 հատ հաճարենի, 82 հատ բոխի, 34 հատ հացի, 7 հատ կաղնի, 2 հատ բալենի, 5 հատ թխկի եւ 4 հատ լորենի»: Մոնիտորինգի ղեկավարը գտնում է, որ այստեղ որքան մեղավոր է անտառապահը, նույնքան էլ՝ մարզային իշխանությունները, «սա անտառապահի խնդիր չէ, այլ մարզային իշխանությունների»: Վերջում նաեւ ավելացրեց, որ բնապահպանության նախարարի հրամանով գործն ուղարկվել է դատախազություն:

ՀԳ – Այս տարածքում ապօրինի ծառահատումներ միշտ են կատարվել: Նախ, որ Լոռիում ծառով տուն պահելը ավանդական բիզնեսի տեսակ է, ու նաեւ այն պատճառով, որ անտառապետեր գտնելը բարդ է. նրանք կարճ ժամանակ աշխատում են, ապա կամ աշխատանքից ազատվում, կամ դատվում: Եվ դրա պատճառը հիմնականում ցածր աշխատավարձն է ու իրենց տնօրինության տակ եղած տարածքների մեծությունը:

Սեպտեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր