Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2012թ-ին մարտի 21-ը հռչակեց Անտառների միջազգային օր: Այս օրը նշվում է բոլոր տեսակի անտառների կարևորության հիշատակման և դրանց դերի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով: Յուրաքանչյուր Անտառների միջազգային օր անցկացվում է աջակցելու երկրների ջանքերին տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ 2023թ. օրվա թեման է «Անտառը և առողջությունը»: Անտառները մեծ դեր են խաղում մարդկանց առողջության պահպանման գործում: Նրանք մաքրում են ջուրն ու օդը, կլանում են ածխածինը, ինչն օգնում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ, ապահովում են մեզ սննդով, կյանքի համար անհրաժեշտ դեղորայքով, ինչպես նաև լավացնում են մեր ինքնազգացողությունը:
Հայաստանը սակավանտառ երկիր է: Պաշտոնապես Հայաստանի անտառները 1993թ-ի տվյալներով կազմում են երկրի 11,2 %-ը: Սակայն այս տարածքները տարիների ընթացքում կրճատվել են: Փորձագիտական տվյալներով կազմում են 6-8%:
Չնայած անտառի պահպանմանն ու անտառվերականգնմանն ուղղված պետական, մասնավոր և միջազգագին կազմակերպությունների միջոցառումներին՝ շարունակաբար արձանագրվում են ապօրինի անտառահատումների դեպքեր:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. ընթացքում իրականացրած վերահսկողության արդյունքում հայտնաբերել է ապօրինի հատված և մինչև աճի դադարեցման աստիճան վնասված 18.405 ծառ, արձանագրվել է 1231.8խմ փայտանյութի ապօրինի ձեռքբերում և տեղափոխում։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 893.690.284 ՀՀ դրամ, իսկ 2020թ-ին տեսչության հետ հաշվարկով անտառներին պատճառված վնասը կազմել է շուրջ 815 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» 610-Լ որոշմամբ Հայաստանը պարտավորվել է 2021-2030թթ. ընթացքում ավելացնել անտառածածկը՝ հասցնելով Հայաստանի տարածքի 12.9%:
Մարտ 21, 2023 at 15:49