ՍՂՈՑԸ ՁԵՌՔԻՆ` ԴԵՊԻ ԱՆՏԱՌ

ՍՂՈՑԸ ՁԵՌՔԻՆ` ԴԵՊԻ ԱՆՏԱՌ

Ռոմիկ Սարգսյան, Հայոց Աշխարհ

Իրատեսական կանխատեսում
  
«Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը` շուրջ 79 համայնք, գազիֆիկացված չեն։ Ձմեռն անցկացնելու համար ութ տասնյակի հասնող համայնքների տնտեսություններին համեմատաբար էժան գներով վառելափայտ ձեռք բերելու հարցում օժանդակելու նպատակով խնդրում ենք ձեր աջակցությունը Սյունիքի մարզում գործող անտառտնտեսությունների միջոցով այդ համայնքների բնակչությանը էժան վառելափայտ (1 խորանարդը 2000 դրամ) վաճառելու հնարավորություն ստեղծելու համար»:
  
Այս դիմումի կամ գրության հեղինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, իսկ հասցեատերը` գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Հարց է ծագում. մարզպետը ինչու պիտի նման դիմում գրի` հատ-հատ թվարկելով բոլոր 79 համայնքները: Մանավանդ այս օրերին, երբ մամուլը հեղեղված է անտառահատումների վերաբերյալ հրապարակումներով:
  
Բայց, ըստ էության, այդ հրապարակումները որքանո՞վ են հետաքրքրում ձմռան շեմին գտնվող, անհամար պրոբլեմներ ունեցող գյուղացուն, երբ նրա առջեւ շուտով առավել ուժգին ծառանալու է իր ամենօրյա կենցաղային հոգսերը հոգալու հարցը։
  
Ընդ որում, սա բոլոր գյուղացիներին է վերաբերում, անկախ նրանից` գազիֆիկացված համայնքում են ապրում, թե ընդհանրապես գազ չունեն: Սա շեշտում ենք, որովհետեւ գազիֆիկացված գյուղերում կան մեկ տարում ընդամենը 1200 -1500 դրամի գազ օգտագործող ընտանիքներ: Իսկ սա նշանակում է, որ գյուղացին իր խնդիրները լուծելու այլ եղանակ ունի:
  
Բնականաբար այդ եղանակը էլեկտրականությունը չէ, ոչ էլ արեգակի ջերմությունը. սոցիալական ծանր վիճակում գտնվող գյուղացին դարձյալ ու կրկին հույսն անտառի վրա է դրել` թքած ունենալով մամուլի հրապարակումների վրա էլ, զանազան միջազգային ու տեղական բնապահպան կազմակերպությունների զանգերի եւ ահազանգերի, մոնիտորինգների եւ ուսումնասիրությունների վրա էլ: Իսկ եթե այս ամենը դիտարկենք այս տարվա տհաճ անակնկալի` գազի թանկացման համատեքստում, պիտի որ առավել տխուր հեռանկար կանխատեսենք:
  
Արդեն իսկ Սյունիքի մարզպետի օրինակը աննախադեպ է, Տավուշի մարզից էլ նման մի դիմում ստացվել է: Այնպես որ այս հարցը ավելի բարձր ատյաններում եւ համակարգված լուծման կարոտ հարց է:
 
Հակառակ պարագայում գյուղացին իր իսկ    «Ձմեռ-2010» ծրագրին պիտի ապավինի: Իսկ այդ ծրագիրը մի ճանապարհ կունենա. սղոցը ձեռքին` դեպի անտառ:

Հոկտեմբեր 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր