2023թ. օգոստոսի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվեցին Լոռու մարզի Փամբակ և Թումանյան համայնքների 7 բնակավայրերի և ընտանիքների համար կազմակերպված մրցույթների արդյունքները։
Մրցույթները կազմակերպել էր «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում։ «ՀԿ կենտրոն»-ն այս ծրագրում իրականացնում է «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչը: Մրցույթներին մասնակցել են Փամբակ համայնքի Դեբեդ, Մարգահովիտ, Եղեգնուտ և Թումանյան համայնքի Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց բնակավայրերը և այս բնակավայրերի 50-ից ավելի ընտանիքներ։
Մասնակիցներին ողջունեցին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, ծրագրի շահառու բնակավայրերի ներկայացուցիչներ:
Մրցույթներում բնակավայրերը ներկայացրին կենսապայմանների բարելավմանը, մարդու կենսագործունեության և վտանգված տեսակների պաշտպանության ներդաշնակեցմանը, մարդ-բնություն կոնֆլիկտների արդյունավետ լուծմանը, բնության հետ ներդաշնակ բնակավայրի զարգացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը վերաբերող ծրագրեր։ Ընտանիքները ներկայացրին ծրագրեր, թե ինչպես էկոտուրիզմը, զբոսաշրջային փորձառությամբ կիսվելը, ուտելի խոտաբույսերի, թեյախոտերի, վայրի հատապտուղների հավաքչությունը, մրգերի ու բանջարեղենի մթերումը, չորացումն ու մատակարարումը կարող են օգնել բարելավելու իրենց եկամուտները: Նրանք կարևորեցին արոտների, անտառների, բնական ռեսուրսների կայուն օգտագործումն ու մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված լուծումները:
«Ներգրավվել ենք Էկոմիջանցների ծրագրում բնակիչներին համախմբելու նպատակով, որ մտածեն, թե ինչպես կարելի է բնության հետ ապրել, ներդաշնակ լինել, բնությանը չվնասել և զգայուն լինել բնության նկատմամբ»,- ԷկոԼուրին ասաց Արփինե Հակոբյանը: Նա նշեց, որ ներքին տուրիզմի հոսքը դեպի Լոռի զգալիորեն շատացել է հատկապես Covid-2019 համավարակից հետո։
Բնությունն ու բնության վրա հիմնված տուրիզմն այս մրցույթների գաղափարների գեներացման հիմք են հանդիսացել: «Եղել են առաջարկներ արշավային տուրիզմի, կանոնավոր հավաքչության վերաբերյալ։ Լոռին հարուստ է բուսատեսակներով՝ 300-ից ավելի ուտելի բույսեր են աճում այստեղ: Եղել են առաջարկներ թեյարան բացելու վերաբերյալ: Թեյարանին զուգահեռ նաև թեյերի թանգարան ստեղծելու առաջարկ է եղել, որտեղ մինչ թեյ փորձելը նաև էկոկրթություն է տրվելու՝ ներկայացվելու են բույսերը, ինչպիսին են դրանք բնության մեջ, ինչպես են օգտագործվում և ինչպես է պետք հավաքել՝ դրանց չվնասելու համար»,- նշեց Արփինե Հակոբյանը:
Առաջին հորիզոնականը՝ 2 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով, զբաղեցրեց Եղեգնուտ բնակավայրը՝ սարի և դաշտերի ճանապարհների բարեկարգման համար: Երկրորդ հորիզոնականը՝ 1,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով, զբաղեցրեց Լորուտ բնակավայրը, որը նախատեսում է զբոսայգի կառուցել: Երրորդ հորիզոնականը կիսեցին Մարգահովիտ, Դսեղ, Դեբեդ, Մարց և Ահնիձոր բնակավայրերը՝ ստանալով 850 հազարական դրամ։ Մարցում նախատեսվում է գյուղի վերևում բլրի վրա, դիտակետ տեղադրել: Ահնիձորում այս գումարով սարքավորում ձեռք կբերեն գոմաղբից պարարտանյութ ստանալու համար: Դսեղում կբարեկարգեն կենտրոնական այգին: Դեբեդում կբարեկարգեն հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհները, իսկ Մարգահովիտում բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ կրթական ծրագիր կիրականացնեն:
Լուսանկարը՝ «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի
Ընտանիքների գաղափարներից 21-ը հաղթող ճանաչվեց: Առաջին հորիզոնականը զբաղեցրածները արժանացան 200 հազարական, երկրորդ մրցանակային տեղ զբաղեցրածները՝ 150 հազարական և երրորդ հորիզոնականը զբաղեցրածները՝ 100 հազարական դրամային պարգևների։
Լուսանկարը՝ «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի
Լուսանկարը՝ «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի
Օգոստոս 22, 2023 at 17:45