

Սոցիալական ցանցերում հոկտեմբերի 18-ին ահազանգ տարածվեց, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանք է շահագործվում։ Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հերքելով տարածված լուրերը: ««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հանք չի շահագործվում։ Ջրաձորի դիատոմիտի հանքավայրը, որը շահագործվել է դեռևս Խորհրդային Միության տարիներից, չի գտնվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Հանքավայրի շահագործման արդյունքում ստացվում է դիատոմիտային ֆիլտրող փոշի»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ջրաձորի դիատոմիտի հանքավայրը գտնվում է Քաղցրաշեն գյուղում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցից 4 կմ հեռավորության վրա, մոտ 20 կմ հարավ-արևելք գտնվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը, իսկ 11.5 կմ հեռավորության վրա՝ «Դաշտաքար» քարանձավ բնության հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք ներկայում հանքավայրը շահագործող «Դիատոմիտ» ԳԱ ՓԲԸ-ի՝ Արարատի մարզի Ջրաձորի դիատոմիտի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ծավալների ավելացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտից:
Հանքավայրը շահագործվում է բացահանքով ավելի քան 35 տարի՝ 1975-1996թթ. և 2004թ-ից մինչ հիմա, ինչի հետևանքով տարածքում բացակայում է բերրի հողաբուսական շերտը: 1975-1996թթ. հանքավայրը շահագործել է «Դիատոմիտ» ԳԱՄ-ի կողմից, և այդ ընթացքում արդյունահանվել է 81 հազար խմ A կարգի պաշարների դիատոմիտ։ 2004 թվականից «Դիատոմիտ» ԳԱ ՓԲԸ-ն վերսկսել է արդյունահանման աշխատանքներ, տրամադրված տեղամասը կազմել է 11.2 հա: Արդեն 2022թ. ընկերությունը դիմել էր նախարարություն՝ հանքավայրում արտադրական ծավալները 13.5%-ով ավելացնելու համար՝ օգտակար հանածոյի արդյունահանվող տարեկան ծավալները հասցնելով 13 հազար խմ-ի: Ըստ հայտի՝ բացահանքի արդյունահանումը պետք է տևի 35 տարի: Հանքաքարի տարեկան արտադրողականության փոփոխության արդյունքում բացահանքի տարածքը կկազմի 29.5 հա: Տրամադրվող հաշվեկշռային պաշարների քանակը կկազմի 799 000 խմ, արդյունաբերական պաշարներինը՝ 735 000 խմ:
«Դիատոմիտ» ԳԱ ՓԲԸ-ի արդյունահանվող հանքանյութը պահվում է Մասիս քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող ժամանակավոր պահպանման պահեստարանում, իսկ Նոր Խարբերդում՝ դիատոմիտի ֆիլտրող փոշու արտադրման գործարանն է:
Ըստ հայտի՝ արդյունահանման ժամանակ մաքարահանույթն իրականացվելու է մեխանիկական փխրեցման միջոցով: Մաքրահանութային աշխատանքների ժամանակ (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ, ավտոկռունկ և այլ բացահանքային տեխնիկա) և ֆիլտրող փոշու գործարանում օգտագործվող մեքենասարքավորումների (թրծման և չորացման թմբկագլան վառարաններ, հարվածահողմնային մանրեցուցիչ, զտիչներ և այլ սարքավորումներ) աշխատանքի արդյունքում մթնոլորտ են արտանետվելու՝ անօրգանական փոշի, կախված մասնիկներ (մոխիր), ածխածնի և ազոտի օքսիդներ, ածխաջրածիններ: Բնապահպանական միջոցառումների մոնիթորինգի համար ընկերությունը նախատեսում է տարեկան մասնահանել ընդամենը 300 հազար դրամ:
2023թ. հունիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել ընկերության՝ Ջրաձորի դիատոմիտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը:
Հոկտեմբեր 20, 2023 at 16:40