ՀՀ կառավարությունը սույն թվականի հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը»։ Ծրագրի արժեքը 50 միլիոն եվրո է։
ՕՊԵԿ-ը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն է։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։
Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է երեք միջոցառում։
Առաջինը՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանումն ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավումն է։ Այս միջոցառման շրջանակներում նախատեսվում է խթանել էներգաարդյունավետությունը, իրականացնել հանրային ներդրումների կառավարում, մթնոլորտային օդի պահպանություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։
Երկրորդը՝ հավասարության ամրապնդումը և մարդկային կապիտալի զարգացման խթանումն է։ Այս նպատակով նախատեսվում է սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում, դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում:
Երրորդը՝ հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացումն է՝ պետական օժանդակության գնահատման և արդարադատության ու կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով։
Հոկտեմբեր 12, 2023 at 16:51