

«Սան Սոլար» ՍՊԸ-ն մտադիր է երկու նոր արևային կայան կառուցել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում։
Ընկերության «Սան 1» և «Սան 2» արևային էլեկտրակայանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները նշանակված են սույն թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին և 11:30-ին՝ Լեռնագոգի դպրոցում։
Երկու կայանն էլ ունենալու են 6․6 Մվտ հզորություն, շահագործվելու են մինչև 2045 թվականի մայիսը։ «Սան 1» կայանը նախատեսվում է կառուցել Լեռնագոգ գյուղի 2/2 հողամասում՝ 8․55264 հեկտարի վրա։
Իսկ «Սան 2» կայանը՝ Լեռնագոգ գյուղի 2/3 հողամասում՝ 8.12815 հեկտարի վրա։ Այս հողերը, ըստ հայտերի, ունեն էներգետիկայի նշանակություն։
«Սան 1» և «Սան 2» կայանները նախատեսվում է կառուցել յուրաքանչյուրը 12480 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակներով։
Շարքից դուրս եկած վահանակների կառավարման հարցն անորոշ է։ Դրանք կկուտակվեն փակ պահեստում՝ մինչև դրանց արտահանման կամ վերամշակման հնարավորությունների ստեղծումը։ «Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն չունի արևային կայանների սարքավորումների, մասնավորապես, որպես թափոնատեսակ՝ ֆոտոէլեմենտներ պարունակող պանելների և այլ ուղեկցող մասերի պահպանման, տեղակայման լուծումները։ Քանի որ արևային կայանի պանելները պատրաստվում են տարբեր ֆոտոէլեմենտներ պարունակող նյութերից, որոնք իրենց մեջ պարունակում են կապար, քրոմ, կադիում, սիլիցիում և այլն, ուստի դրանց ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանի համար հրատապ լուծում պահանջող խնդիր է», - նշում են հայտերի հեղինակները։
Նշված է, որ կայանների կառուցման համար նախատեսված տարածքները համայնքի և բնակիչների կողմից չեն օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, ոչ էլ որպես արոտավայր։ Ըստ հայտերի՝ դրանք կիսանապատային են, անբարեկարգ, համայնքի և բնակիչների կողմից չօգտագործվող, բուսածակույթից զուրկ։ Նշված է, որ տարածքում բացակայում են բնության, պատմամշակութային հուշարձաններ, գրունտային ջրերը և քաղցրահամ ջրի աղբյուրները, ՀՀ Կարմիր գրքերում ներառված բուսական և կենդանական տեսակները։
Ըստ «Սան Սոլար» ՍՊԸ-ի հայտերի՝ կայանների շահագործումը հողային ռեսուրսների վրա կունենա դրական ազդեցություն։ «Արևային էլեկտրակայանի մոդուլները ստվերում են զբաղեցված տարածքի մոտ 30 տոկոսը: Մոդուլներով զբաղեցված տարածքում ստեղծվելու է նոր էկոհամակարգ, առաջանալու են ստվերային տարածքներ, առաջանալու է հողի խոնավության նոր ռեժիմ, հնարավոր են հողի որակի առավել դրական փոփոխություններ», - նշված է հայտերում։
Շինարարությունը տևելու է 110 օր, շինարարության ընթացքում աշխատելու են առավելագույնը 20 աշխատակից։ Նշված է, որ համայնքն արդեն տվել է իր նախնական համաձայնությունը։ Ընկերության կողմից արդեն կատարվել են մոտ 165 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումներ համայնքային բյուջե, որն ուղղվելու է համայնքի և Լեռնագոգ բնակավայրի ճանապարհների և ոռոգման համակարգերի վերազինմանը և վերանորոգմանը։
Հոկտեմբեր 20, 2023 at 15:02