«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը ևս մեկ տարով հետաձգվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։
55.0 ՄՎտ հզորությամբ արևային կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Սևանա լճի ափին, Մասրիկի դաշտում, Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում: Կայանի տարածքը կազմելու է 128.3 հեկտար։ Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):
Հիշեցնենք, որ «Մասրիկ 1» կայանի կառուցման ժամկետի ավարտը երկարաձգվել էր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։ ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի համաձայն՝ ավելացված ժամկետում էլ կառուցման աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում ընկերութունը պետք է վճարեր 1 միլիոն դոլար լրացուցիչ երաշխիքային անհետկանչելի գումար: Այն պետք է գանձվեր անկախ պատճառներից նոր ժամկետներում ծրագիրը չավարտելու դեպքում:
Նիդեռլանադական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. ընկերությունների կոնսորցիումին չհաջողվեց սահմանված ժամկետում ավարտել կայանի կառուցումը։ Աշխատանքների ձգձգումները և դանդաղումը պայմանավորված է եղել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից սկսված՝ ՀՀ տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայով, որն ազդեցություն է ունեցել ծրագրի տարածքում գտնվող անձնակազմի ֆիզիկական անվտանգության վրա։ Հիմնական սարքավորումներ և նյութեր չեն տեղափոխվել ծրագրի տեղանք մինչև ձմռան սկիզբը, ինչի հետևանքով տեղի են ունեցել զգալի ուշացումներ: ՀՀ կառավարությունն ընդառաջեց կոնսորցիումի խնդրանքին և համաձայնեց կայանի կառուցման նոր վերջնաժանկետ սահմանվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։ Տույժը պետք է վճարվի փաստացի կոմերցիոն շահագործման ամսաթվից հետո։ Որոշման հիմնավորման համաձայն՝ հարցը քննարկվել է սույն թվականի հոկտեմբերի 23-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում, ընդունվել է դրական դիրքորոշում՝ պայմանով, որ
- եթե կառուցապատողը երկարաձգում է 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլարի լրացուցիչ երաշխիքի գործողության ժամկետները՝ պահպանելու համար համաձայնագրի պահանջները, ապա այդ գումարի վրա գործում է տարեկան 7 % տոկոսադրույք:
- նույն ձևաչափով տրամադրվող երկրորդ լրացուցիչ երաշխիքի գումարը 500,000 (հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլարի փոխարեն կսահմանվի 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար, քանի որ տրամաբանական է սահմանել նույն լրացուցիչ երաշխիքի գումարը:
Այս պայմանները համաձայնեցվել են կառուցապատողի հետ: Վերջինս խնդրել է նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը երկարաձգել ևս մեկ ամսով: Այն սահմանվել է 2024 թ դեկտեմբերի 1-ը։
Նշենք, «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրամիությունից կտրամադրվի մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:
Հոկտեմբեր 26, 2023 at 16:47