ՀՀ կառավարությունը մտադիր է արևային և հողմային էներգետիկայի հզորությունը մինչև 2040 թվականը հասցնել 2000 ՄՎտ

ՀՀ կառավարությունը մտադիր է արևային և հողմային էներգետիկայի հզորությունը մինչև 2040 թվականը հասցնել 2000 ՄՎտ

ՀՀ կառավարությունը փոփոխում է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2040թ-ը։ Գործադիրը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի հզորությունը մինչև 2040 թվականը հասցնել 2000 ՄՎտ, որից 1500 ՄՎտ-ն՝ արևային, իսկ 500 ՄՎտ-ն՝ հողմային էներգետիկայի հաշվին։  

Սույն թվականի հոկտեմբերի 26-ի նիստում գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։

Ըստ նոր փոփոխությունների՝ կկառուցվեն շուրջ 1500 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար:

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2025-2040 թվականներին ընդհանուր մինչև 500 ՄՎտ հզորության փոքր և համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում՝ դրանցից առաքվող էլեկտրաէներգիայի գների մրցակցային լինելու դեպքում։

 Արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի շուրջ 50%-ի, իսկ մինչև 2040 թվականը՝ շուրջ 60%-ի։

Ըստ վերլուծությունների՝ Հայաստանը կարող է ունենալ ամբողջապես ածխածնային չեզոք էլեկտրաէներգետիկական համակարգ, եթե ատոմային և վերականգնվող էներգետիկան զարգանան զուգահեռ։ Փաստաթղթում նշված է, որ նոր ատոմակայանի ընտրության հարցում, տնտեսական նպատակահարմարության դեպքում, կդիտարկվեն նաև փոքր մոդուլյար ռեակտորներ, ինչը հնարավորություն կտա ունենալու էներգետիկ անվտանգության ավելի բարձր մակարդակ՝ նվազեցնելով նաև համակարգում պահուստային հզորությունների չափը:

Խոշոր հիդրոէներգետիկ ծրագրերի կառուցումը՝ «Մեղրի» ՀԷԿ-ի՝ 100 ՄՎտ, «Շնող» ՀԷԿ-ի՝ 75 ՄՎտ և «Լոռի-բերդ» ՀԷԿ-ի՝ 66 ՄՎտ հզորությամբ, ըստ փաստաթղթի, մնալու է պետական նշանակության ծրագիր։ Դրանք կկառուցվեն, երբ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջանա այդպիսի հզորությունների կառուցման անհրաժեշտություն։

Նոր փոփոխություններով Հայաստանի ամենամեծ՝ 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային կայանի կառուցումը հետաձգվում է մեկ տարով՝ 2024 թվականի դեկտեմբերի փոխարեն 2025 թվականի դեկտեմբեր։

Հոկտեմբեր 30, 2023 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր