COP28 համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփեց Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման արդյունքները

COP28 համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփեց Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման արդյունքները

Հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողով: Աշխատաժողովին մասնկացեցին Կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներառյալ ՀՀ կառավորության ներկայացուցիչներ, համապատասխան ազգային շահագրգիռ կողմեր, միջազգային գործընկերներ և դոնոր կազմակերպությունների (ԱՍԳ անդամ և ոչ անդամ կառույցներ) և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի ներկայացուցիչներ:

2023թ. Կողմերի 28-րդ համաժողովը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրություններում: Համաժողովը կամփոփի Փարիզյան համաձայնագրի իրականացման ուղղությամբ գրանցած առաջընթացը: Առաջին գլոբալ հաշվառումը միտված է նպաստելու կլիմայական գործողությունների և ջանքերի համակարգմանը, ներառյալ` ձեռնարկելու միջոցներ առաջընթացի բացերը լրացնելու ուղղությամբ:

Երևանում տեղի ունեցած աշխատաժողովին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդգծեց կառավարության և միջազգային գործընկերների հետ կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ պարբերական խորհրդակցությունների կարևորությունը։ «Մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի այն հիմնված է կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի է երկրի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների հետ»,- նշեց նախարարը։

«Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատում է սահմանները և գերազանցում է քաղաքականությանը։ Այն լոկ պատասխանատվություն չէ, որը կարող է կրել միայն մեկ ազգ կամ ազգերի խումբ: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակին հասնելու համար գլոբալ ընթացքի ուղղության շտկումը հրամայական է։ Ուստի «COP28 ԱՄԷ»-ն, որպես մեր հավաքական ճանապարհորդության հաջորդ քայլ, կոչ է անում աշխարհին միավորվել, գործել, ի կատար ածել»,- իր խոսքում նշեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։

Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության երկար տարիների համագործակցության արդյունքում Հայաստանի առաջնահերթ ոլորտների զարգացումը. «Նախքան Կողմերի 28-րդ համաժողովը կազմակերպված այս միջոցառումը լավ հնարավորություն է վերանայելու երկրում կատարված աշխատանքը կլիմայական օրակարգի իրականացման ուղղությամբ և գործընկերների հետ քննարկել քաղաքականությունների բարելավման և ծրագրային մակարդակում արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Քանի որ Կողմերի 28-րդ համաժողովին առաջին Գլոբալ հաշվառումը կտրամադրի Փարիզյան համաձայնագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ ենք մենք, և ինչ գործողություններ են անհրաժեշտ եղած բացերը լրացնելու ուղղությամբ»։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կլիմայի փոփոխության մեղղման և հարմարվողականության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունները և գործողությունների շրջանակը, իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախապայմանների ստեղծման համար կիրառվող գործիքակազմը և աջակցության ներգրավումը, պետական և ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացմանը միտված գործողությունները։

Աշխատաժողովն անցկացվեց COP28 համաժողովի ձևաչափով՝ 4 թեմատիկ նիստերում: «Մեղմում» նիստին ելույթներով հանդես եկան ՄԱԶԾ-ի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Արմեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Վազգեն Հարությունյանը, Ասիական զարգացման բանկի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Կարապետյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Մերի Սահակյանը:

«Հարմարվողականություն» նիստում բանախոսներն էին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը, Կոռնելի համալսարանի ավագ գիտաշխատող Ալիսոն Չատրչյանը, ՇՄՆ Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը:

«Իրականացման և աջակցության միջոցներ» նիստում ելույթներ ունեցան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Համաշխարհային բանկի Կլիմայական փոփոխության հարցերով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ ԿՓՇԿ ավագ խորհդրատու Միքայել Վարդանյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանը:

Վերջին՝ «Ինտեգրված և ամբողջական մոտեցում» նիստին զեկուցումներով հանդես եկան Վերակառաուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանը, «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը, «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերության (FAO) թիմի ղեկավար/գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վահան Ամիրխանյանն ու «Ալֆա փարթներս»-ի Կլիմայական ֆինանսավորում և հաստատություններ գծով ավագ խորհրդական Տիգրան Սուքիասյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ՝ «ԵՄ-ն կլիմայի համար» և «Կլիմայական խոստում» ծրագրերի շրջանակներում։

Մանրամասները հաջորդ հրապարակումներում:

Հոկտեմբեր 31, 2023 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր