Գոշ․ հնագույն պատմությունը և ժամանակակից խնդիրները

Գոշ․ հնագույն պատմությունը և ժամանակակից խնդիրները

Հայտնի զբոսաշրջային Դիլիջան համայնքում՝ «Դիլիջան» ազգային պարկին հարակից Գոշ գետի հովտում, գտնվում է Գոշ գյուղը, որը որպես հին բնակատեղի հիշվում է դեռ 10-11-րդ դարերից։

Այստեղ 12-րդ դարում Մխիթար Գոշի կողմից կառուցվել է Գոշավանք վանական համալիրը, որը համարվում է պատմամշակութային հուշարձան։ Յուրաքանչյուր տարի այստեղ են գալիս բազմաթիվ տուրիստներ,  անցկացվում են տարբեր միջոցառումներ։ Տարիներ առաջ Գոշում անցկացվեց միջազգային սիմպոզիում, որին մասնակցեցին 250 գիտնականներ և ճարտարապետներ բազմաթիվ երկրներից։

Ավանդաբար գոշեցիները զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, իսկ այսօր իրենց ապագան կապում են տուրիզմի զարգացման հետ։

«Գյուղում այսօր զարգանում է միայն տուրիզմը։ Գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ մեզ մոտ քիչ են զբաղվում, մոտակա արոտներ չունենք։ Ամբողջ գյուղը շրջապատված է ազգային պարկով, մաքուր, կանաչ բնությամբ։ Ունենք տեսարժան վայրեր, արահետներ՝ Պարզ լիճ-Գոշ-Գոշի լիճ-Խաչարձան-Աղավնավանք։ Ներկայում կարիք կա պրոֆեսիոնալ գիդերի՝ տուրիստներին ուղեկցելու և տեսարժան վայրերը ներկայացնելու համար», - ասաց Գոշ բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Ամիրխանյանը։

Շատ տուրիստներ Գոշ գալիս են գյուղում ստեղծված սպորտային «Մեր լեռները» ճամբարում ժայռամագլցման համար։  Ճամբարը 2019 թվականին հիմնել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի խորհրդի անդամ, արշավորդ Էդգար Նավասարդյանը։

«Տարածքը ձեռք ենք բերել մի քարի համար, որի վրա ժայռամագլցման պարապմունքներ ենք անում թե՛ տեղացիների, թե՛ տուրիստների, թե՛ արշավախմբերի հետ։ Այստեղ կազմակերպում ենք տարբեր տեսակի խաղեր, ունենք խարույկատեղի, վրանատեղի, մարզական տարածք։ Ճամբար գալիս են բնությունը սիրող մարդիկ, և հաճախ կազմակերպվում են  աղբահավաքներ։ Տեղացիների հետ դասընթացներ ենք անցկացնում, փորձում հասկացնել, որ պետք է պահենք բնությունը», - ասաց Էդգար Նավասարդյանը։

 Գոշում որոշ բնակիչներ իրենց տները վերածել են հյուրատների։ Տեղացիները վաճառում են անտառից հավաքած բարիքները՝ հատապտուղներ, խոտեր, սունկ։ «Սարերից հավաքած կանաչիներն ենք վաճառում։ Սա է մեր եկամուտը, գյուղում ուրիշ աշխատանք չկա», - ասաց Գոշի բնակիչը։

Ըստ Գոշի վարչական ղեկավարի՝ Գոշում կա շուրջ 350 տնտեսություն։ Գազաֆիկացված է մոտ 60-ը։ «Վառելիքը գալիս է թափուկից, հաշվառվում և բաշխվում է բնակիչների միջև։ 8 խմ-ն անվճար է հասնում,  իսկ մնացածը մեկ խմ-ի համար 7-8 հազար դրամ բնակիչը վճարում է, ինքնապատրաստումով տեղափոխում», - ասաց Գևորգ Ամիրխանյանը։

Մեծ խնդիր է կոյուղատար համակարգի բացակայությունը։ Չկա նաև ջրահեռացման համակարգ։ «Գյուղի դիրքը հարթ չէ, թեքությունները շատ են, անձրևաջրերից, սելավաջրերից տները վնասվում են, սողանքները՝ ակտիվանում։ Եթե նորմալ ջրահեռացման համակարգ ունենանք, այդ խնդիրը չենք ունենա», - ասաց Գևորգ Ամիրխանյանը։

Սուբվենցիոն ծրագրով 2023 թվականին տուֆապատվել է գյուղի ճանապարհը, իսկ 2024 թվականին նախատեսվում է խմելու ջրագծի կառուցում։ Կոյուղատար և ջրահեռացման համակարգերի կառուցում չի նախատեսվում, գումար չկա։

Հունվար 22, 2024 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր