ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ կառավարության հունվարի 18-ի նիստում հայտնել է, որ 2 ծրագիր է մշակվում, որոնք ունեն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական մեծ նշանակություն: «2 ծրագիր կա, որոնք քննարկել ենք, և ես հանձնարարականներ եմ տվել: Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում, հնարավորինս մինիմալ՝ ընդհուպ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ: Մյուսը (այս երկու ծրագրերն իրար հետ կապվելով դառնում է Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ)` Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է: Մենք նաև Ներդրումային կոմիտեի վերջին նիստում շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք, և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը: Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և, ըստ էության, տրամաբանական է, որ այդ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից Երևանյան լճի հատվածով մինչև Կորեայի ձոր»,- նշեց վարչապետը:
Ըստ կառավարության ղեկավարի՝ Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, որովհետև կանաչ գոտիների առումով մեծ խնդիրներ կան Երևանում, և այդ խնդիրները պետք է լուծել: «Հիմա ես ուզում եմ հավաստիանալ, որ դա նաև անձամբ ձեր օրակարգում է, և այս առումով մենք պատկերացում ունենք՝ ինչ քայլերով ենք գնալու առաջ»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ըստ Երևանի զարգացման 2024թ. ծրագրի՝ այս տարի Դալմայի այգիների տարածքում մոտ 230 հա տարածքում կիրականացվի համայնքային զբոսայգու ստեղծման առաջին փուլը: Նոր անտառպուրակը ունենալու է անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ և ջրային ավազան: Նույն փաստաթղթում Հրազդանի կիրճի մասին նշված է, որ ծրագրով նախատեսվում է նախաձեռնել Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու աշխատանքները: «2024թ. կիրականացվի ծրագրի առաջին փուլը՝ տարածքի կենսաբազմազանության գույքագրում, թեմատիկ քարտեզագրում, բնապահպանական արժեքների բացահայտում, որը հիմք կհանդիսանա Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ շնորհելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման համար»,- նշված է ծրագրային փաստթղթում:
Հունվար 18, 2024 at 21:53