Հոբելյանական ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան

Հոբելյանական ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան

Ապրիլի 28-ին «Էյ Թի Փի»-ի հետ համագործակցությամբ Սինոփսիս Արմենիայի հարյուրավոր կամավորներ իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ միասին իրենց կիրակին նվիրեցին երկու հազար ծառ տնկելուն Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում։

Այս ծառատունկը յուրահատուկ խորհուրդ ուներ, քանի որ այն նվիրված էր Սինոփսիս Արմենիայի գործունեության 20-ամյակին և «Էյ Թի Փի»-ի հիմնադրման 30-ամյակին։ Ուշագրավ է, որ համագործակցության 19 տարիների ընթացքում տնկվել է ավելի քան 13000 ծառ՝ Երևանում և Հայաստանի մարզերում։

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի զարգացումը, - ասում է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական Երվանդ Զորյանը։ «Սինոփսիս ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ճարտարագիտական, գիտահետազոտական և կրթական գործունեության հետ զուգահեռ իրականացվող նման նախաձեռնությունները կենսականորեն կարևոր են Հայաստանի դիմակայունության մեծացման համար»։

Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշում է․ «Ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են մեր աշխատակիցներն իրենց ընտանիքներով ծառեր տնկում՝ իրենց օրինակով նպաստելով Հայաստանում կամավորության մշակույթի սերմանմանը և պատասխանատու հասարակության ձևավորմանը»։

«Սինոփսիս Արմենիայի հետ երկարաժամկետ համագործակցությունը վստահաբար արդեն տվել է իր դրական արդյունքները. համատեղ աջակցել ենք պուրակների, զբոսայգիների,  պատմամշակութային համալիրների ծառապատման աշխատանքներին, իսկ վերջին տարիներին նաև  միասին անտառներ ենք տնկում: Այսօրվա ծառատունկը  խորհրդանշում է մեր երկու կազմակերպությունների հոբելյանները, որի առիթով էլ ևս մեկ անգամ որոշեցինք հանրահռչակել մեր երկրում ծառ տնկելու մշակույթը»,- նշեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը:

«Մենք սիրում ենք մեր երկիրը և մեծ խանդավառությամբ ենք մասնակցում նման կամավորական միջոցառումներին, քանի որ ուզում ենք Հայաստանը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի բարեկագ ու դիմակայուն։ Շատ երջանիկ ենք տեսնել, թե ինչպես են անցյալ տարի մեր տնկած ծառերն աճել ու ամրացել, հիմք դնելով նոր անտառների, - ասում է Սինոփսիս Արմենիայի գիտահետազոտական աշխատանքների գծով ավագ տնօրեն, բնության ջատագով Կարեն Մելիքյանը։

Ծառատունկի վերջում «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագրի վերապատրաստող Նվարդ Գևորգյանը բաց դաս անցկացրեց բնապահպանական տարբեր թեմաներով:

Armenia Tree Project

Մայիս 02, 2024 at 13:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր