Կլիմայի փոփոխությունը Մարգահովիտ բնակավայրում․ խնդիրներն ու զարգացման հեռանկարները

Կլիմայի փոփոխությունը Մարգահովիտ բնակավայրում․ խնդիրներն ու զարգացման հեռանկարները

ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրը ենթարկվում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը։

Բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանը էկոլուրի հետ զրույցում  ասաց․ «Կլիմայի փոփոխությունը վատ է ազդում արոտավայրի վրա։ Արոտները հիմնականում ոչնչացման եզրին են։ Գյուղատնտեսության վրա էլ է ազդում հողերի դեգրադացման տեսքով։ 90-ականներին հեկտարներով կաղամբ, կարտոֆիլ, ցորեն էր ցանվում, իսկ այսօր այդ վարելահողերը վերածվել են ընդամենը խոտածածկ տարածքների։ Իհարկե, սա նաև ազդում է մարդկանց եկամուտների վրա։ Նորմալ բերք չստանալու պատճառով չեն մշակում մեծ քանակությամբ, հիմնականում չեն էլ զբաղվում հողագործությամբ»։ Ըստ Վահրամ Դանիելյանի՝ կան խոշոր ֆերմերներ, որոնք պատրաստ են ներդնել 1 հեկտարի համար մոտ 250 հազար դրամ, որպեսզի բարեկարգեն արոտները։ «Կա ծրագիր, որով որոշ ժամանակ տվյալ հատվածն անասուն չեն տանում, խոտի սերմեր են ցանում», - նշեց նա։

Մարգահովիտում սրվում է ջրի խնդիրը։ «Պակասում են ջրերը։ Բնակավայրի տարածքում ոռոգման ջուր չունենք։ Աղստև գետն են լցվում սարերի ջրերը, իսկ խմելու ջրերը բնակավայրից մոտ 7 կմ հեռավորության վրա են։ Կան աղբյուրներ, որոնք մոտ 2-3 ամսով չորանում են», - ասաց Վահրամ Դանիելյանը։

Չնայած նրան, որ բնակավայրը գազաֆիկացված է, ձմռանը տաքանալու համար վառում են փայտ։ «Գյուղի 80 տոկոսը փայտով է ջեռուցում, 20 տոկոսը՝ գազով։ Գազը թանկ է։ Կառավարությունը 8խմ անվճար թափուկ է հատկացնում, դա են օգտագործում մարդիկ», - ասաց վարչական ղեկավարը։ 

Ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաները բնակիչների համար հասանելի չեն։ «Ոչ բոլորն ունեն հնարավորություն ջերմամեկուսացնելու տները, փոխելու կաթսաները, պատուհանները և լամպերը», - ասաց Վահրամ Դանիելյանը։

Որպես այլընտրանք վառելափայտին դիտարկվում է բրիկետը։ «Այս տարի «Դիակոնիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ տրամադրել ենք 10 հեկտար անհատույց հող, որի վրա իրենք աճեցնում են Միսկանտուս-գիգանտուս բույսը, որը 25 տարի անընդհատ հնձելու են և ստանան բրիկետ։ Պատրաստվում են նաև գործարանը կառուցել, էկոբրիկետներ ստանալ։ Մեր պայմանագրի կետերի մեջ նշված է, որ գյուղում բոլոր անապահով ընտանիքներին բրիկետները բաժանվելու են անվճար, մնացածներին էլ՝ մեծ զեղչով։ Արդեն տնկել են բույսը, այն ջուր շատ է սիրում, մեր տեղը խոնավ է, մոտ 200մ վերևից սարից իջնող առու ունենք, երբ չլինի բնական ջուր, դրանով ոռոգեն», - ասաց Վահրամ Դանիելյանը։

Ըստ վարչական ղեկավարի՝ բնակավայրում վերջին 2 տարիներին սկսել է զարգանալ տուրիզմը։

«Շատ ենք կարևորում տուրիզմը։ Ունենք տեսարժան վայրեր՝ թանգարան, եկեղեցի, պատմամշակութային հուշարձան։ Ունենք հայտնի հյուրանոց, հյուրատներ, որոնք շատ լավ աշխատում են։ Կցանկանայինք պահածոների արտադրամաս էլ ունենալ։ Հանքեր մեզ մոտ չկան, շատ լավ վայրի բույսեր, մրգեր են աճում, ժողովուրդն էլ պատրաստ է այդ աշխատանքն անի, հավաքի, պատրաստի էկոլոգիապես մաքուր պահածոներ, իսկ հյուրանոց-հյուրատները կիրացնեն», - նշեց Վահրամ Դանիելյանը։ 

Մայիս 10, 2024 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր