Գավառ համայնքը համալրվեց նոր կանաչ տարածքներով

Գավառ համայնքը համալրվեց նոր կանաչ տարածքներով

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքը համալրվեց նոր կանաչ տարածքներով։ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի, Գանձակի ու Կարմիրգյուղի դպրոցների բակերում ծառատունկ իրականացվեց։ Այս կանաչ տարածքները կկանխեն Գավառագետի և Սևանա լճի աղտոտումը համայնքի ցրված գյուղատնտեսական ու կոմունալ-կենցաղային կեղտաջրերից։

Նախաձեռնությունը «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ինն է, որին աջակցել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը։ «Հայաստանում բնապահպանական ծրագրերի իրականացումը դեսպանության գործունեության մասն է»,-  Էկոլուրի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։

«Էկոլոգիան և էկոլոգիական թեմաները մեր առաջնահերթություններից են։ Բնությունը Հայաստանի արժեքներից մեկն է, և մենք ցանկանում ենք օգնել պահպանել և բարելավել այդ բնությունը։ Կան խնդիրներ, և եթե մենք կարող ենք օգնել լուծել դրանք, մենք կօգնենք։ Ամեն տարի ես ձգտում եմ, որ գոնե մեկ էկոլոգիական ծրագիր ստանա ֆինանսավորում։ Ծառատունկը բնահեն լուծում է շրջակա միջավայրի վիճակը բարելավելու համար։ Այն նաև էկոկրթական գործառույթ է իրականացնում՝ ներգրավելով երիտասարդների և դպրոցականների», - ասաց Պետր Պիրունչիկը։  

Էկոլուրի հետ զրույցում «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի նախագահ Լիանա Մարգարյանը նշեց՝ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի բակում 120 ծառ և թուփ է տնկվել, Գանձակի ու Կարմիրգյուղի դպրոցների բակերում արդեն տնկված 100-ական ծառերին ավելացվում են ևս 40-ը։ Տնկվել են կեչի, թխկի, տուաներ, դեղին ակացիա, բարբարիս, կիպրոս։

«Այս ծառատունկն իրականացվում է ի պաշտպանություն Սևանա լճի և Գավառագետի, որը Սևան հոսող ամենաաղտոտված գետերից մեկն է։ Աղտոտվածության պատճառներից են մաքրման կայանների բացակայությունը, գյուղատնտեսական հանդակներից հոսող կեղտաջրերը, որոնք բարձրացնում են ազոտի և ֆոսֆորի մակարդակը Գավառագետում, հետագայում՝ Սևանա լճում։ Մենք որոշեցինք առաջարկել բնահեն և մատչելի լուծում՝ ստեղծել առանձին կանաչ տարածք հատուկ ընտրված դեկորատիվ ծառատեսակներով և թփատեսակներով, որոնք իրենց արմատներով կլանելու են հողի մեջ եղած ազոտն ու ֆոսֆորն իրենց աճի համար և դրանով նպաստելու են, որպեսզի անձրևաջրերից, մակերևութային հոսքերից ազոտի ու ֆոսֆորի մուտքը դեպի Գավառագետ և հետո Սևան կանխարգելվի։ Այդ լուծումը միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում է, իսկ Հայաստանում առաջին անգամ Գավառ խոշորացված համայնքի օրինակով ենք իրականացնում», - ասաց Լիանա Մարգարյանը։

«Մեր մարզի անտառային տարածքները շատ սուղ են, կազմում են ընդամենը 2 տոկոս։ Մեզ համար նման ծրագրերը հնարավորություն են պայքարելու անապատացման դեմ և դիմակայելու կլիմայական ռիսկերին», - նշեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Ծառատունկին զուգահեռ իրականացվում է հողի և ջրի մոնիթորինգ, որպեսզի հետագայում համեմատություն արվի։ Մոնիթորինգն իրականացնելու են հենց դպրոցականները, որոնց աջակցելու է «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն։ Խնամքը ևս իրականացնելու են դպրոցականներն ու ուսուցիչները։ Գյուղատնտեսական պարագաները տրամադրվել են։ «Ծառերն անվանական են, և յուրաքանչյուրը պարտավորվում է հոգ տանել իր ծառի համար», - նշեց Լիանա Մարգարյանը։

«Կանաչ տարածքների ընդլայնումը մի խնդիր է, ոռոգումը՝ այլ։ Ուսումնական հաստատությունների տնօրինությունը նախատեսել է, որ իր ուժերով կարող է  անցկացնել ոռոգման համակարգ, իսկ մինչ այդ ծառերը կոռոգվեն մեխանիկական եղանակով», - հավելեց Մարտին Պետրոսյանը։

Ծառատունկն իրականացվեց «Երիտասարդների կարողությունների հզորացում՝  համայնքային զարգացման մեջ ներառելու բնահեն լուծումներ, կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով» ծրագրի շրջանակում։ Գավառում ծրագրի տեղական գործընկերն է «Բլեջան» բնապահպանական ՀԿ-ն։

Գավառում, Կարմիրգյուղում և Գանձակում ծառատունկն ուղեկցվեց հանդիսավոր միջոցառումներով։  

Սեպտեմբեր 26, 2024 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր