Վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են ավելի քան 48 հեկտարով․ Արթուր Խալաթյան

Վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են ավելի քան 48 հեկտարով․ Արթուր Խալաթյան

Վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են ավելի քան 48 հեկտարով․ 2021 թվականին՝ 2․56 հեկտարով, 2022 թվականին՝ 13․852 հեկտարով, 2023 թվականին՝ 19․1 հեկտարով, իսկ 2024 թվականին՝ 12․79 հեկտարով։ Այս մասին ասաց  Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանը «Էկոլուր» մամուլի ակումբում մարտի 25-ին անցկացված «Կանաչ գոտի․ իրավիճակի և հեռանկարների գնահատում» թեմայով կլոր սեղանի ժամանակ՝ ներկայացնելով ՀՈԱԿ-ի իրականացրած աշխատանքները։

Վերջին երկու տարիների ընթացքում հիմնվել են ուրբան անտառներ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ 8․5 հեկտար, Սարալանջում՝ 4 հեկտար, Եռաբլուր զինվորական պանթեոնում «Փառքի անտառը»՝ 15 հեկտար, Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի վաղեմի այգիների վայրում՝  7 հեկտար տարածքներում։

Ավան վարչական շրջանում իրականացվել է անտառվերականգնում 1 հեկտար տարածքում։ Պարբերաբար իրականացվում են լրացման աշխատանքներ «Փարոսի» բարձունքում հիմնված ագրոանտառում, որոնց շնորհիվ ընդլայնվել է շուրջ 4 հեկտար տարածք։ Հիմնվել են նոր այգիներ՝ Շենգավիթում Արագածի այգի՝ 0․6 հեկտար և Քանաքեռ-Զեյթունում Դրո-Սևակ խաչմերուկի այգի՝ 0․45 հեկտար տարածքներում։

2024 թվականին հիմնվել է նոր ռեկրեացիոն գոտի Երևանյան լճի հարակից տարածքում՝ 1․5 հեկտար տարածքում։ Հիմնվել են նոր լանդշաֆտային լուծումներով այգիներ Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Այծեմնիկ-Ուրարտու հասցեում՝ 0․11 հեկտարի վրա, Նոր Նորքում՝ Լյուքսեմբուրգ փողոցի հարևանությամբ՝ շուրջ 1 հեկտար տարածքում։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում Նորքի երբեմնի անտառապատ լանջերում 7 հեկտար տարածքում իրականացվել են անտառհիմնման աշխատանքներ, և հիմնվել է նոր ուրբան անտառ՝ 2643 ծառաթփատեսակներով, որից 2143-ը՝ ծառեր։

Իրականացվել են այգիների վերահիմնման աշխատանքներ, մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն շրջանում Դավիթ Անհաղթի զբոսայգում՝ 0․5 հեկտարի վրա, որտեղ տնկվել է թվով 20 արժեքավոր ծառատեսակ։ Իսկ Արաբկիր վարչական շրջանում ՀՈԱԿ-ի տրամադրած լանդշաֆտային նախագծի հիման վրա և հսկողությամբ 2380քմ տարածքի վրա վերահիմնվել է Մերգելյանի անվան զբոսայգին։

Ըստ Արթուր Խալաթյանի՝ նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել 2025 թվականին։  Աշտարակի խճուղում՝ Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման հանգույցում, նախատեսվում է հիմնել 4․5 հեկտար նոր կանաչ տարածք, Դավթաշեն վարչական շրջանում՝ 189 և 200 դպրոցների միջնամասում, 0․4 հեկտար նոր այգի։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում են «40 ամյակ»-ի այգու վերահիմնման աշխատանքներ, իսկ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում, նախատեսվում են նոր կանաչ գոտու հիմնման աշխատանքներ։

Արթուր Խալաթյանը նշեց, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը քաղաքապետարան է ներկայացրել Նոր Նորք վարչական շրջանում քաղաքային ամենախոշոր անտառհիմնման ծրագիրը, որը զբաղեցնելու է շուրջ 25 հեկտար տարածք և իր բնույթով լինելու է առանձնահատուկ՝ թե՛ բնապահպանական, թե՛ ժամանցային առումներով։ Ըստ տեսլականի՝ այն ունենալու է սպորտային ուղղվածություն, իսկ դենդրոֆլորայում գերակշռելու են մշտադալարները։ «Աշխատանքների սկիզբը նախատեսված է նշված հատվածում զավթված տարածքների ապազավթման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո», - ասաց Արթուր Խալաթյանը։

Կլոր սեղանին մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից Մերի Հոխանյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Ռուդովը, Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) փորձագետ Ռուբեն Պետրոսյանը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Մերի Մինասյանը, «Գրին Գրին» էկոկենտրոնի ղեկավար Դանա Վերգիլյուշը, Հանրային ռադիոյի լրագրող Նունե Ավետիսյանը, Էկոլուրի թիմը։

«Կանաչ գոտի․ իրավիճակի և հեռանկարների գնահատում» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում։

Ապրիլ 01, 2025 at 12:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր