Քննարկվեց «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվողականության քաղաքականության իրականացում» ուղեցույցի նախագիծը

Քննարկվեց «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվողականության քաղաքականության իրականացում» ուղեցույցի նախագիծը

ՄԱԶԾ «Հայաստանի կլիմայական հեռանկարները. խոստումից դեպի արդյունք» ծրագրի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն մշակել է «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և դրանց հարմարվողականության քաղաքականության իրականացում» ուղեցույցի նախագիծը։ Այն շահագրգիռ նախարարությունների մասնագետների և անկախ փորձագետների մասնակցությամբ քննարկվեց  փետրվարի 13-ին՝ «Էկոլուր» մամուլի ակումբում։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը  և Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սոնա Հայրապետյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Լառա Սարգսյանը, կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության գյուղատնտեսական ռազմավարական գործընթացների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հեղինե Գևորգյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը, WWF-Հայաստանի «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը, Էկոլուրի թիմը։

Էկոլուրի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ տարիներ շարունակ Էկոլուրն աշխատում է տարբեր համայնքներում՝ փորձելով կապող օղակ լինել համայնքների համար։ «Ուղեցույցը նպատակ ունի օժանդակելու տեղական ինքնակառավարման մարմիններին տեղական մակարդակում ինտեգրվելու կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման պետական քաղաքականության մեջ։ Այն կօգնի նաև համայնքի հնգամյա զարգացման պլաններում, տարեկան աշխատանքային պլանում և համայնքի տարեկան բյուջեում կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման գործընթացի կազմակերպման հարցում՝ խթանելով կլիմայի փոփոխությանը դիմակայուն համայնքների ստեղծումը», - ասաց Ինգա Զարաֆյանը։

Դիանա Հարությունյանը նշեց, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունը համայնքներում կարևոր է Հայաստանի համար՝ որպես Փարիզյան համաձայնագրի կողմ երկրի։ Վերջերս տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի կլիմայական բյուջետային ծախսերի վերաբերյալ իրականացված վերլուծությունը՝ կլիմայական հարցերը պլանավորման և բյուջետավորման համակարգում ներառելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորման տեսանկյունից: «Բյուջետային գործընթացում շուրջ 69%-ը բյուջեից է, շուրջ 30 տոկոսը՝ միջազգային կառույցների գումարներ են, որը լավ ցուցանիշ է մեր երկրի համար: Եվ այդ 69%-ի շուրջ 80%-ը հիմնական գնում է հարմարվողականության ծրագրերին, որովհետև մեղմման գործողություններին ավելի շատ մասնավորն է մասնակցում, օրինակ, արևային կայաններ տեղադրում և այլն: Կարևորը՝ կա բյուջե, որից համայնքները կարող են օգտվել երկու ուղղությամբ։ Առաջինը սուբվենցիան է, որը խոշոր բյուջե է, իսկ մյուսն ազդակիր համայնքներին տրվող գումարներն են, և այստեղ կարևոր է ներառել կլիմայական մասը», - ասաց Դիանա Հարությունյանը։

Աշոտ Գիլոյանը նշեց, որ անհրաժեշտ է ուժեղացնել համայնքների կարողությունները, տրամադրել նրանց ուղղորդող գործիքներ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ուղեցույցի նախագիծը, հանդես եկան առաջարկություններով։ Ուղեցույցը լրամշակման փուլում է։  

Փետրվար 17, 2025 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր