

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Երևանում իրականացված և նախատեսվող էներգաարդյունավետ ծրագրեր» թեմայով կլոր սեղան քննարկում, որը կազմակերպվել էր Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» շրջանակում մայրաքաղաքի նորակառույց և վերակառուցված մանկապարտեզների էներգաարդյունավետ լուծումները, բացահայտել խնդիրները, լսել շահառուների առաջարկությունները՝ ծրագրի հաջորդ փուլի համար ընտրված մանակապարտեզների էներգաարդյունավետ վերանորոգման ժամանակ դրանք հաշվի առնելու նպատակով։
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը և տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը, նույն ՀՈԱԿ-ի էներգաարդյունավետությանը միտված ծրագրերի իրականացման խումբը, Երևանի Էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը, մայրաքաղաքի 15 մանկապարտեզների տնօրեններ և ներկայացուցիչներ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանը, լրագրողներ Մոնիկա Երիցյանը և Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։
«Հաջորդ փուլ անցնելու և ծրագիրը շարունակական դարձնելու համար չափազանց կարևոր է ձեզ հետ հետադարձ կապը՝ ինչպես է իրականացվել ծրագիրը, ինչ արդյունք ունենք և, ամենակարևորը, ինչ խնդիրներ եք տեսնում։ Ինձ համար ամենակարևորը մեր շահառուների հարմարավետությունն է, քանի որ դա իրենց միջավայրն է, իսկ մենք այդ միջավայրն ապահովող կառույցներն ենք», - ասաց Անետա Բաբայանը։
«Մեր նպատակն է «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» առաջին փուլում ընդգրկված շահառուներից հավաքել կարծիքներ, որպեսզի դրանք հաշվի առնենք արդեն հաջորդ փուլում՝ թվով 32 նոր մանկապարտեզների կառուցման և վերակառուցման աշխատանքներն իրականացնելիս», - ասաց Մերի Հարությունյանը։
«Չկա այնպիսի ծրագիր, որն իդեալական է, ընդհանրապես խնդիր չունի։ Կարող եմ ասել, որ էներգախնայողության և էներգաարդյունավետության ծրագրերը մեզ մոտ ամենահաջողվածն են և լավ լուծումներ են գտնում», - նշեց Ինգա Զարաֆյանը։
Մերի Հարությունյանը ներկայացրեց Երևանում էներգաադյունավետությանն ուղղված արդեն իրականացված և նախատեսվող ծրագրերը, իսկ էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը ներկայացրեց թվային ցուցանիշներ։ Քննարկման ժամանակ մանկապարտեզների նախագծային և այլ խնդիրներ ներկայացրին մանկապարտեզների տնօրենները և հանդես եկան առաջարկություններով։
Մանրամասները՝ Էկոլուրի հաջորդ հրապարակումներում
Դեկտեմբեր 28, 2024 at 19:45