

ՀՀ կառավարությունը ս․թ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշման նախագծին, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախագծով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքում, Նորք-Մարաշ վարչական շրջանում, Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող, շուրջ 1.773 հեկտար մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է 1,044,444,159 դրամ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։
Այս հողատարածքը կամրացվի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ այն անտառային հողի նպատակային նշանակությամբ փոխելու և Հայաստանի անտառային օրենսդրությամբ սահմանված կարգով կայուն կառավարման ապահովման նպատակով։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն այս հողատարածքի նկատմամբ գրանցվել է 2025թ. հունիսի 20-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռի հիման վրա։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Կարեն Իսկանդարյանի՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև 13.04.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ քննարկում է վերոնշյալ տարածքներում Երևանի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում, այդ թվում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել անտառապատման, անտառվերականգնման և հետագա խնամքի աշխատանքներ, ինչի արդյունքում Երևան քաղաքում կստեղծվի մոտ 7 հեկտար մակերեսով նոր անտառպուրակ։
Ծրագրի իրականացումը կնպաստի՝
- մայրաքաղաքում անտառածածկ մակերեսի ընդլայնմանը,
- հողի դեգրադացիայի կանխմանը,
- ածխաթթու գազի կլանմանը և թթվածնի արտանետմանը,
- փոշու տարածման նվազեցմանը
- մարդկանց առողջ կենսամիջավայրի ձևավորմանը։
Օգոստոս 08, 2025 at 11:45